Ալպիական մանուշակ (պատմվածք)
Ալպիական մանուշակ, Ակսել Բակունցի պատմվածքներից, որ գրել է 1925-1927 թվականներին։ Պատմվածքն ընդգրկված է «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուի մեջ։ Նվիրված է Արփենիկ Չարենցի հիշատակին։
Քաղվածքներ
խմբագրել- Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։
- Բերդի քարերի մոտ բուսել էր ալպիական մանուշակ, ծաղիկը՝ ծիրանի գույն։ Հնագետը չէր տեսնում ո՛չ մանուշակ, ո՛չ խոտ։ Նրա կոշիկները կրնկակոխ էին անում խոտ ու ծաղիկ։
- Աշխարհը նրա համար ընդարձակ թանգարան էր, ուր չկար ոչինչ կենդանի և ոչ մի բզեզ։ Նա պոկոտում էր քարերին փաթաթված բաղեղը, փայտի ծայրով արմատախիլ անում քարի ճեղքում բուսած մանուշակը, ձեռքով քարը շոյում և սրբում գրերի հողը։
- Նրա [նկարչի] հայացքը սևեռած մնաց մխացող օջախին, մոխրի մոտ չոքած կնոջը։ Ո՞րտեղ էր տեսել նա նման մի դեմք, բարձր, սպիտակ ճակատ և մուգ մանիշակագույն աչքեր։ Երբ կինը վեր կացավ, եռոտանի կասկարան բերեց օջախի վրա դնելու, հանեց ծխից սևացած թեյամանը, նկարիչը շատ մոտ տեսավ նրա աչքերը և մոխրի փոշին ունքերի վրա, մազերի վրա։
- Ինչքա՜ն շատ ժամանակ էր անցել այն օրից։ Եվ մի՞թե հնարավոր է այդքան նման երկու դեմք, նույնիսկ նույն շրթունքները։ Կաքավաբերդի կնոջ դեմքն արևը մի քիչ այրել էր։ Բայց աչքերի ձևը նույնն էր, ինչ որ մյուս կնոջ, որ դարձյալ բարակ մեջքով էր և բարձրահասակ։
- Այն կինն էլ ուներ խշխշան շորեր, հագնում էր գորշ գույնի վերարկու, սև թավիշե գլխարկ, որի երկար քորոցը նարնջագույն գլուխ ուներ։ Հեռու էր, շատ հեռու։ Գուցե Բասուտա գետը ուրիշ գետի հետ խառնվելով հասնում է այն ծովին, որի ափին, ավազի վրա, մի օր նստել էին՝ կինը և նկարիչը։
- Այն կինը երբեք բոբիկ ոտքերով չի՛ քայլել, չի՛ նստել մխացող աթարի առաջ։ Առավոտյան ծովը բրոնզե հալոցքի պես տարուբեր էր լինում և լիզում ափերի կրաքարը։ Ծովափին սև թավիշե գլխարկով կինը հովանոցի ծայրով ավազի վրա նշաններ էր անում և ավերում։ Իսկ ինքը ջարդում էր ձեռքի չոր ճյուղը, մանրիկ փշուրներ անում, և երբ ալիքները կաթիլներ էին ցողում նրանց ոտքերին ու ետ վազում, ալիքներն իրենց հետ տանում էին չոր ճյուղերի փշուրները։ Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց, աշխարհը թվաց լայնարձակ մի ծով, և սիրտը ձուլվեց ծովի հետ։
- Հետո ուրիշ օրեր եկան։ Այնքան պատահական եղավ ճամփաբաժանը և այնպես պարզ։ Մտքի մեջ մնացին մի զույգ մանիշակագույն աչքեր, գորշ գույնի վերարկու և հովանոցի ծայրը, որով կինը ավազի վրա խոստումներ էր գրում և ավերում։
- Ֆետրե գլխարկով մարդը տեսավ այդ ժպիտը, ինչքա՜ն ծանոթ էր... Երևի նույն դեմք ունեցող մարդիկ նույն կերպ են ժպտում։ Կնոջ վերին շրթունքը աննկատ դողդողաց, ժպիտից շրթունքները կարմրեցին, որպես արնագույն մեխակի թերթեր, ժպիտից աչքերը փայլեցին։
- Հանկարծ նա ծոցից հանեց տետրը, թերթեց քարերի և քանդակների նկարներ, թերթեց և քարե արծվի բույնը պարսպի գլխին ու սպիտակ թղթի վրա մատիտի արագ շարժումով նկարեց կնոջը՝ օջախի մոտ նստած, աչքերը օջախի քարին։ Ծանոթ էին դիմագծերը, միտքն այնքան էր աշխատել նրա վրա տարիներ առաջ։ Փակ աչքերով էլ նա տեսնում էր կնոջ պրոֆիլը։
- Միայն տղան տեսավ մոր նկարն սպիտակ թղթի վրա։ Նրան այնպես թվաց, թե ֆետրե գլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչ, ինչպես աղբյուրի վճիտ ջուրը։
- Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջ և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ...