«Ապրած և չապրած տարիներ», հայ գրող Վարդգես Պետրոսյանի վիպակներից, որ գրել է 1967-68 թվականներին։

«Ապրած և չապրած տարիներ» գրքի շապիկը

Քաղվածքներ

խմբագրել
  • Առհասարակ, ի՞նչ կարիք կա հավաքվելու, ի՞նչ կարիք կա քրքրելու անցյալի փեթակը. կարծում ես այնտեղից բզզալով դուրս կթռչե՞ն հուշերի մեղուները։ Հազիվ թե։ Համարյա ամեն ինչ մոռացվել է, մեղուների մեծ մասը պարզապես դեղին փոշու մի շերտ են փեթակի հատակին և թող հանգիստ մնան։
  • Երբ մարդիկ սկսում են հիշել մանկությունը, նշանակում է ծերանում են։
  • Փակեց աչքերը։ Բայց մարդ մի՞թե աչքերով է քնում։ Ուզում ես անգամ կարիր մարդու կոպերը, մեկ է, երբ միտքն արթուն է, չի օգնի։
  • Ամեն բանի ինչ-որ հավելում կա, բոլոր բառերը առանձին վերցրած կորցրել են իրենց իմաստը։ Ածական է հարկավոր։ Մեկի մասին ասում են՝ լավ մարդ է։ Կարծես թե քիչ է մարդը։ Բարի մարդ է։ Կարծես թե քիչ է մարդը։
  • Մեքենայում, փողոցում, աշխարհում մութ չէր։ Երբեք մութ չի լինում։ Մութը հնարել են մարդիկ։ Մարդիկ՝ իրենց թուլությունը, հանցանքը, հայացքը, հազար ու մի բան թաքցնելու համար։ Մութ չկա։
  • Առհասարակ եթե հնարավոր լիներ կինոապարատով նկարահանել մարդու մտքերը։ Ինչ հետաքրքիր բան կստացվեր, կողք կողքի, իրար հետևից՝ ինչ տարբեր բաներ կլինեին։ Հանկարծ պատկերացրեց այդ կինոժապավենը, թեկուզ մարդու մի օրվա մասին, թեկուզ… Ըստ այդ կինոնկարների, մարդիկ իրար շատ նման կլինեին, որովհետև դա կլինի իսկականը, ինչ մտածում են։ Առհասարակ եթե մարդկանց հոգիները մերկացնես, իրար շատ նման կլինեն. նրանք մոտավորապես նույն բանն են սիրում, նույն հաճույքներն են ուզում։ Ուրիշների առաջ մարդիկ այդ ամենը թաքցնում են, ձևանում, դիվանագիտություն խաղում։ Մարդկանց միջև տարբերությունները դրանից են։
  • Սիրո մասին բարձր կարելի է ասել կատակով։
  • Փորձեց հիշել մանկությունը։ Իզուր է թվում, թե հեշտ է հիշել մանկությունը։ Տարիներ հետո մարդիկ ոչ այնքան հիշում են մանկությունը, որքան հորինում են մոտավորապես նման, մոտավորապես իրենցը։
  • Ամենից հաճախ նա վախենում Էր անհեթեթ մտքերից, դրանք խառնում են կյանքի բոլոր օրենքները, որովհետև հաճախ ավելի տրամաբանական են թվում։
  • Երևի մարդուն, իրոք, հարկավոր է երբեմն մենակ մնալ՝ ինքն իր հետ, ինքն իր դեմ, և, երևի, հենց այդ ժամանակ են գալիս իսկական մտերիմները, որոնց կորցնում ես, որովհետև մտերիմները նրանք են, որոնց կորցնում ես։ Միայն պատահական մարդիկ են, որ միշտ կողքիդ են։
  • Ճարտարապետ լիներ, աշխարհի բոլոր պատերը ապակուց կաներ, որ մարդիկ ապրեին բաց, մերկ, որ չձևանային, չորս պատը պատյան չդարձնեին։
  • Բոլորն էլ կարոտում են բնական վիճակների, ամենքին էլ երևի ճնշում են պայմանականությունները, ձևանալը։
  • Խմել և քնել – երկուսն էլ փախուստ են կյանքից։ Երկրորդն ավելի էժան է նստում, դա է տարբերությունը։
  • Փիլիսոփայում են նրանք, ովքեր չեն կարողանում ապրել։
  • Մարդը կենդանիներից տարբերվում է ոչ թե մտածելու, այլ զգալու ընդունակությամբ։ Չզգալ՝ այսինքն չսիրել, չսպասել, չատել, չտխրել, չհուսահատվել, չափսոսալ։ Սարսափելի կլիներ։ Ով գիտե, շատ կենդանիներ գուցե և մտածում են, օրինակ, դելֆինները, բայց իսկապես զգալ միայն մարդն է ընդունակ։
  • – Կարոտել եմ, – ասաց Լևոնը։
– Իսկապե՞ս,- այնտեղից, իր հեռվից ծղրտաց Տաթևիկը:- Իսկապե՞ս կարոտել ես…

Լևոնը տխրեց Տաթևիկի համար։ Չի կարելի կատակի տալ կարոտ բառը, աղջիկը հեռվում է, մենակ, նա գուցեև արդեն պատրաստ է ինչ-որ ջերմության, նույնիսկ՝ սիրո։ Նա կարող է հեքիաթներ հորինել հենց այս գիշեր և անմիջապես՝ խզմզել ապագայի կապույտ մի նախագիծ, սպասել։ Չի կարելի։

  • Բոլորն էլ ուզում են այն, ինչ կորցրել են կամ չեն ունեցել։ Ինչ որ ունեն կամ չեն կորցրել՝ ձանձրալի է։
  • Մարդու հասակը տարիների գումար չէ միայն, այլ հայացք՝ աշխարհին, մարդկանց, պատրաստակամություն՝ ամեն ինչ մերժելու կամ ամեն ինչ ընդունելու։
  • Մենք շատ-շատ սպասում ենք, որ մարդ խոսի-վերջացնի, չգիտենք, որ կա նաև լռել-վերջացնել, որ հաճախ ավելի է հարկավոր մարդուն։
  • Բայց մի՞թե կարիք կա մի քանի անգամ համբուրելու համար ասել, թե սիրում ես, երդվել։
  • Ձյուն գար աշխարհում, ծածկեր ամեն ինչ ու չհալվեր, ու դրա վրա կառուցվեր կյանքը, ձյուն գար, ծածկեր բոլոր չապրած տարիները, սխալները, անկումները, ետ վերադառնային չապրած տարիները։
  • Անցած կյանքը նման է հին ջրաղացի. կա հոսող ջուր, կան ջրաղացներ, իսկ տարիները ցորեն են կուտակել՝ ինչքան ուզես։ Բավական է հասարակ մի հանդիպում, որ իրար առնեն ծանոթ հայացքները, և ջրաղացաքարերը կսկսեն պտտվել. ցորենն ալյուր կդառնա, կյանքը կլցվի անցած օրերի աղմուկներով։
  • Դեմքը միշտ էլ պատահաբար ստացած նվեր է։
  • Տխրությունը մատուցող չէ, որ գա կամ գնա մատի շարժումով։
  • Սրբություններ կան. արյունը սրբություն է, միասին ապրած տարիները, միասին լռած րոպեները սրբություն են, մի հատ մսով կարկանդակը, որ դժվար օրերին կիսում էին հինգ հոգով, սրբություն է։ Կան։
  • Աշխարհի ամենալավ դրամաները չեն գրվի։ Չեն գրվի, որովհետև բեմի վրա դերասանները չեն կարող նստել ու լռել։ Կյանքում՝ մարդիկ կարող են։
  • Մարդկանց թվում է, թե լավ գիտեն իրենց հարազատներին։
  • Ուժը փոխում է կնոջը, նրան դարձնում է ուրիշ։
  • Դդումն է հասունանում, մարդը ծերանում է։
  • Ծերանալը ոչ կնճիռ է, ոչ արյան ճնշնան փոփոխություն, ոչ դիմում՝ կենսաթոշակի խնդրանքով…
  • Երևի այնքան էլ բարի բան չէ՝ հիշեցնել կորցրածը։
  • Ուզում էր, որ երկարի ճամփան, բայց ճամփան զսպանակ չի, որ ձգես։
  • Սու՛տ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանի հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում։ Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները։ Ուրիշ ոչինչ։
  • Եվ ժամանակը փոխում է ինձ մսե մոխրամանի։ Ժամանակը մարդու սրտի, ուղեղի, հույսերի մեջ թափ է տալիս իր մոխիրը։ Կամաց-կամաց։ Կամ արագ։
  • Խոսել մարդիկ սովորում են մեկ-երկու տարում, իսկ մնացած տարիներին փորձում են լռել սովորել. կարգին մարդկանց չի հաջողվում…
  • Սառնարանի նման մարդն էլ, համապատասխան լարումից հետո, պիտի անջատվի ավտոմատ կերպով, հետո ավտոմատ միանա…
  • Խոսքով հեշտ է, խոսքով ամեն ինչ հեշտ է։
  • Ամեն մոտիկ մարդու մահով մեռնում է նաև մեր մի մասը։ Բայց ամեն մոտիկ մարդու մահ մեզ նաև պարտավորեցնում է ապրել նրա չապրած տարիները, խմել այն գինին, որ նա չհասցրեց խմել, երևի նաև սիրել, ում նա չկարողացավ…
  • Հոգին նույնքան նյութական է, որքան մարմինը, և ինչպես մարմինը՝ երևի նաև հոգնում է նույն դիրքից, նույն զգացումներից, նույն տխրությունից։ Հոգին էլ, ինչպես մարմինը, գուցե նաև նստում է, կռանում, թավալվում։ Դատարկ բան է, պարզապես մարդը երբեմն կարիք ունի մենակ մնալու ինքն իր հետ, ինքն իր դեմ, ճեղքվելու՝ ինչպես ատոմի միջուկը։
  • Մարդկանց պիտի սիրել կենդանի ժամանակ, նրանց կենդանի ժամանակ պիտի զգույշ լինել։ Երբեք չես կարող ասել՝ այն մարդուն, որին այսօր տեսար, կհանդիպե՞ս նորից։ Զգույշ պիտի լինել, թե չէ՝ ու՞մ են պետք ծաղիկներն ու արցունքները։
  • Մարդ իր կյանքի ամեն օրը պիտի ապրի այնպես, ինչպես եթե դա իր կյանքի վերջին օրն է. պիտի հասցնի սրիկային ասելու, որ նա սրիկա է, պիտի հասցնի ատել, սիրել, հավատալ։ Վաղը կարող է ուշ լինել։
  • Չի կարելի կեղծել արցունքները։
  • Կան բաեր, որ չեն մոռացվում։
  • Մարդկանց ներքին աշխարհը լիմոնադի շիշ չէ, որ դատարկես բաժակների մեջ մինչև վերջին կաթիլը, դու էլ ոչ մեկի առաջ չես դատարկվում։
  • – Անգլիական մի անեկդոտ հիշեցի։ Մեկն ինքնասպան է լինում, սեղանի վրա գտնում են նրա նամակը. «Իմ մահվան համար ոչ ոքի մի մեղադրեք, պարզապես զզվեցի ամեն օր սափրվելուց»։
  • Սև ակնոցը ոչ թե արևից պաշտպանվելու համար է, այլ ծանոթներից։
  • Թարգմանությունը միշտ կես խնձոր է, մի կեսը կերած է լինում թարգմանիչը։
  • Երաժշտությունը չի կիսում մարդու մենակությունը, ընդհակառակը, լրիվ է դարձնում, օգնում է, որ մարդ անջատվի աշխարհից, առանձնանա։
  • Երեսունհինգ-քառասուն տարեկանից հետո հիշողությունը միայնակ կնոջ է նման. հեշտ է դավաճանում։
  • Լևոնը մտածեց, որ մարդու կյանքը կամաց-կամաց դառնում է լուցկու տուփ, որտեղ ավելանում են այրված հատիկները։ Լուցկու այրված հատիկը կարող ես և փողոց նետել, ապրած օրերդ մնում են։ Ու մի օր էլ՝ կյանքդ դառնում է լուցկու տուփ՝ միայն այրված հատիկներով…
  • Երևի ամեն մարդ թանկ մեկին պիտի կորցնի, որ որոնի հետո ամբողջ կյանքում, քանի ապրում է։ Հենց գտավ, ուրեմն, նա չի։ ՆՐԱՆ ՉՊԻՏԻ ԳՏՆԵՍ։

Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիպեդիա