«Ավազե ամրոցի աղջիկները» (անգլ.՝ The Sandcastle Girls), ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանի իրական պատմության վրա հիմնված վեպը, որը պատմում է ցեղասպանության, դաժան կոտորածների միջով անցած մարդկանց ու օտար հողում նոր կյանք սկսելու նրանց փորձերի մասին։

Քաղվածքներ

խմբագրել
-Միշտ սպասել եմ, որ մահանալու եմ և երբեք չեմ սպասել, որ մահանալու եմ,- Արմենն ասում է իր կողքը նստած անմահ թվացող բեդվինին, մինչ երկուսով հետևում են, թե ինչպես են խարույկից դուրս թռչող կայծերը գումարվում գիշերային երկնքի աստղերին։ Բեդվինները վստահեցրել են, որ հաջորդ օրը երկաթգծի վերջնականգառին են հասնելու, և Արմենը հնարավորություն կունենա գնացքով ավարտին հասցնել դեպի Հալեպ իր ճամփորդությունը։
-Հասկանալի է,-պարզապես ասում է ծերունին։
-Ձեզ հանդիպելու գիշերվա նախօրյակին անչափ մոտ էի, որ վերջ դնեի այս ամենին և բախտի քմահաճույքին հանձնվեի։
Այս անգամ բեդվինը սպասում է, որպեսզի նա շարունակի։
-Իրականում անապատի քմահաճույքին էի հանձնվելու։ Ոչ թե բախտի։ Բախտը չափից ավելի... անորոշ է։ Բայց անապատում աչքիս ինչ-որ բան երևաց։ Միրաժ էր, պարզվեց` չար միրաժ։ Մտածեցի` վատ նախանշան է, և մտածեցի, որ վերջս եկել է։ Անապատը հաղթել է ինձ, և այդպես էլ, փաստորեն, Հալեպ չեմ վերադառնա։
-Եթե անապատին որպես հակառակորդ նայես, անպատճառ կպարտվես։ Ոչ ոք չի կարող անապատին հաղթել։ Անգամ պետք է չփորձի։
-Համաձայն եմ։
Մյուս բեդվինը մատներով մնի կտոր է պոկում ֆեթիրից` հացի բոքոնից, և սկսում է դանդաղ ծամել։ Երբ կուլ է տալիս, հարցնում է.
-Աչքիդ ի՞նչ էր երևացել։
«Ավազե ամրոցի պես աննշան բանն ինչպե՞ս նկարագրես բեդվիններին»,-մտմտում է Արմենը։ Այդ միտքն անգամ ծիծաղելի է թվում։ Բրիտանացի սերժանտն ի՞նչ արտահայտություն էր օգտագործում, երբ զորավարժանքների էին Եգիպտոսում։ Ածուխ տանել Նյուքասլ։ Համենայն դեպս պատմում է։
-Հեռվում, ավազաթմբերի մեջ խաղացող կանանց և երեխաների խումբ տեսա։ Մայրեր էին իրենց դուստրերի հետ։ Ավազի մեջ ամրոց էին կառուցում։ Բարդ ու մանրակրկիտ շինվածք էր։ Ավելի շքեղ, քան այստեղ որևէ մեկը երբևէ կառուցել է ավազից։ Առնվազն տասներկուսն էին. մարդի'կ, ոչ թե ամրոցները։ Եվ կանանցից մեկն իմ կինն էր։
-Ասացիր, որ մահացել է։
-Ճի'շտ է։ Եվ երեխաներից մեկն իմ դուստրն էր, և դա անհեթեթություն է, որովհետև իմ աղջիկը, եթե նույնիսկ ողջ լիներ, հազիվ մեկ և կես տարեկան կլիներ: :Բայց նա հինգ կամ վեց տարեկան էր այդ... միրաժի մեջ։ Եվ ինձ տեսնելով` մայր ու աղջիկ սկսեցին ձեռքով անել, և ես նրանց կողմը վազեցի։
-Եվ իրականում ի՞նչ էր։ Այդքան վազելուց հետո ի՞նչ գտար։
Արմենը գլուխն է օրորում և դադար է տալիս։
-Ծառ տեսա։ Մենավոր, չորացած, փշոտ ծառ։
Տարիքով բեդվինը կում է անում թեյից և ուսերն է թոթվում։
-Հաճախ,-ասում է,- ոչ մի բան էլ չես գտնում, բոլորովի'ն։

Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիպեդիա