Արիս Արսենի (Գրիգորյան) (հունիսի 10, 1959), բանաստեղծ, արձակագիր, լրագրող, ազատամարտիկ։

Քաղվածքներ

խմբագրել

Գրականության մասին

խմբագրել
  • Այսօր մենք ունենք գրականություն և ունենք ընթերցող։ Պարզապես մեր կյանքի մի հատվածում այդ կապը թուլացել է, իսկ վերականգնելու համար շատ ջանքեր են պահանջվում։ Բժշկական լեզվով ասած՝ հիվանդության կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը։ Մենք արդեն «բուժվելու» ճանապարհին ենք[1][2]։
  • Գիրք ընթերցելուն, լինի պոեզիա թե արձակ, այսօր խանգարում է համացանցը։ Կարելի է ասել՝ համացանցն ընթերցողին կտրել է գրքից (առարկայական իմաստով), այնինչ՝ համացանցը զգալիորեն օգնում է՝ ցանկացած գործ ցանկացած պահի կարող ես գտնել և ընթերցել, ու էլ չես նետում քեզ գրադարաններ և գրքերի կույտերում որոնում քեզ պետք եկած բանաստեղծությունը։ Փույթ չէ, որ գրադարաններից պակասում են այցելուները, կարևոր է՝ չի նոսրանում ընթերցողական բանակը, որն այսօրվա երիտասարդությունն է։ Այո, այսօրվա երիտասարդությունն ավագների արժանի փոխարինողն է։
  • Գրականության գործառույթը միայն իրականությունը ցույց տալը չէ, թեև ասվում է, թե գրականությունը կյանքի հայելին է։ Գրականությունն արտացոլում է իրականությունը՝ և ոչ միայն։ Այն նաև փարոսի դեր պիտի կատարի՝ նշի ճիշտ ուղին։
  • Գրականությունը, թերևս, կարելի է նաև համեմատել անտառի հետ, ուր ամեն ծառ ու թուփ իր տեղն ու դերն ունի։ Թեև, ամեն դեպքում, անտառում կաղնին կաղնի է, թուփը՝ թուփ, բայց և այնպես, անտառին հմայք ու վեհություն են բերում և՛ կաղնին, և՛ թուփը։
  • Գրողը ոչ թե պետք է համընթաց քայլի ընթերցողի հետ։ Գրողը պետք է միշտ առջևում լինի, իր ետևից տանի ընթերցողին։
  • Գրողը չի կարող անտարբեր անցնել կյանքի որոշ երևույթների կողքով, հատկապես՝ սոցիալական անարդարության։ Անպայման համերաշխության իր ձայնը պիտի հնչեցնի։ Ես ևս այդ բանակի մի համեստ զինվորն եմ։
  • Ես մի առիթով ասել եմ՝ մեր կյանքի ամեն ակնթարթը մի ուրույն ստեղծագործություն է։ Ցավոք, մեր ապրած բոլոր պահերը չէ, որ բանաստեղծություն են դառնում, բայց ապրումը մնում է ու միշտ հիշեցնում իր մասին։ Մեր ամեն մի քայլն ուղեկցվում է բանաստեղծությամբ։ Ինչպես ասացի՝ թեև շատ հաճախ չի գրվում։
  • Եր­բեք տուրք չեմ տվել բա­նաս­տեղ­ծու­թյան այ­լընտ­րան­քա­յին որևէ ձևի՝ անս­տո­րա­կետ, ան­վեր­ջա­կետ կամ, մեղմ ա­սած, «նո­րա­րա­րա­կան» հոր­ջորջ­վող բա­նաս­տեղ­ծա­կան այլ ծա­մած­ռու­թյուն­նե­րի[3][4]։
  • Ընդհանրապես, հաճախ թվում է, թե հեղինակներն իրենց գրվածքներն այնքան էլ «չեն սիրում» և ընտրություն կատարելիս միշտ ընտրում են համեմատաբար թույլ գործերը։ Ես նույնպես բացառություն չեմ։ Հաճախ, բանաստեղծություններս կարդալիս թվում է, թե որոշակիորեն պարզել եմ, գոնե ինձ համար, իմ լավ ու, այսպես ասած, թույլ գործերը, նաև՝ որոնք են ինձ համար ընդունելի ու սիրելի, իսկ որոնք՝ ոչ։ Լինում են նաև պահեր, երբ թվում է, թե «մարդամեջ» հանելու գործ չունեմ ընդհանրապես։ Կարծում եմ՝ ստեղծագործող մարդը չպիտի հավանի իր ստեղծածն ու մշտապես որոնումների մեջ լինի[5]։
  • Ի՞նչ է իսկապես բանաստեղծությունն ինձ համար։ Գիտե՞ք, հաճախ եմ ինքս ինձ նույն հարցն առաջադրել, բայց, պատկերացրեք, դժվարացել եմ գտնել ճիշտ պատասխանը։ Բանաստեղծությունն ինձ համար հա՞ց է, ջո՞ւր, օ՞դ` գուցե շատերը չհավատան, բայց որ յուրաքանչյուր անցնող ակնթարթն առանց բանաստեղծության չի պատկերանում ինձ` ինչպե՞ս ասեմ, որ հավատան։ Որովհետև դա, իրոք, այդպես է։
  • Ի՞նչ կցանկանայի փոխանցել նոր սերնդին։ Ապրել ու ապրեցնել՝ ինչ էլ որ լինի։ Իսկ դրա համար պետք է սիրել կյանքը։ Այն, ինչ մենք ստեղծում ենք՝ ժառանգել ենք մեր պապերից, մեր հետնորդներն էլ թող ժառանգեն մեզնից, այդ կապն ավելի կսերտանա ու մեր հողին կկապվենք ավելի ամուր կապերով։
  • Ինչպես դաշտային ամեն ծաղիկ իր ուրույն բույրը, գույնն ու առանձնահատկությունն ունի, այնպես էլ՝ ամեն գրող առանձնանում է իր ինքնատիպ գրելաոճով, բառապաշարով և աշխարհընկալման յուրօրինակ առանձնահատկությամբ։
  • Լրագ­րու­թյունն ինձ հա­մար սկիզբ է ա­ռել դպ­րո­ցա­կան նս­տա­րա­նից և ու­ղեկ­ցում է ողջ կյան­քի ըն­թաց­քում։ Լրագ­րու­թյա­նը վե­րա­բեր­վում եմ ան­դա­վա­ճան սի­րո զգա­ցո­ղու­թյամբ[6][7]։
  • Կյանքը դժվարությունների ու խոչնդոտների մի մեծ շղթա է և այն պիտի հաղթահարվի՝ ինչ էլ որ լինի։ Դժվարություններից չպետք է խուսափել, ավելին՝ վախենալ։
  • Հաճախ են լռակյաց մարդուն ինքնամփոփ համարում։ Ես էլ համաձայն եմ նման ձևակերպման հետ։ Որոշ (և` լուրջ) վերապահումով սակայն, որովհետև ես էլ` «լռակյացությամբ ախտահարվածս»` բոլորովին էլ «ինքնամփոփ» չեմ, այլ` «ներամփոփված եմ բանաստեղծության մեջ» և անիմաստ է այլևս բացազատման սահման կամ սահմանագիծ փնտրելը։
  • Հայ դասականներից ում գործերն եմ սիրում ընթերցե՞լ։ Ասում ենք` դասական, ու դրանով ամեն ինչ է ասված։ Ես, իհարկե, հիմնականում նախընտրում եմ պոեզիան ու իմ սեղանին միշտ Շիրազն ու Չարենցն են, Սահյանն ու Սևակը[8]։
  • Ճշմարիտ բանաստեղծը միայն մեկ ցանկություն պիտի ունենա` ԼԻՆԵԼ և ոչ թե` ԹՎԱԼ։
  • Մարդկային կյանքի յուրաքանչյուր պահը մի ուրույն ստեղծագործություն է, եթե ընկալվում է։ Իսկ աննկատ անցնող վայրկյանները մեր կորուստներն են, որ չենք զգում, կամ` զգում ենք ուշացումով։ Դժվար է, անշուշտ, բոլորը նկատելը, այստեղից էլ` «ներամփոփվածության» փոխարեն օգտագործվող «ինքնամփոփի» շատ հաճախ տեղին թվալը։
  • Մերօրյա երիտասարդության մասին իմ կարծիքը հուսադրող է։ Արդյո՞ք արդարացնում է մեր սպասելիքները։ Արդյո՞ք կարդարացնի։ Կարևորն այն է, որ սպասելիքներ կան։ Այսօրվա հարցերի հարցը գրականություն-ընթերցող փոխհարաբերություններն ուղիղ համեմատական իրավիճակից մեկ զուգահեռի վրա տեղավորելն է։
  • Պոեզիան հարմարվում է ժամանակի պարտադրանքներին և ինքնարտահայտվում է նաև նոր պայմանների ընձեռած հնարավորություններով։
  • Պոեզիայի գայթակղիչ ու հեքիաթային (ես կասեի՝ կախարդական) աշխարհը հավերժ մնում է անբացատրելի-անվերծանելի։ Ի՞նչ է թաքցնում, ի վերջո, իր մեջ բանաստեղծությունը… Ոչ ոք չգիտե։ Բայց մի բան պարզ է՝ բանաստեղծությունը սիրո խոստովանության յուրահատուկ արտահայտություն է։ Բանաստեղծությամբ մենք մեր սիրո զգացումն ենք արտահայտում հայրենիքին, սիրած էակին, մեր սկզբունքների, մեր հոգեվիճակի իրական պատկերն ենք ներկայացնում։ Մենք դրոշ ենք դարձնում բանաստեղծությունն ու քայլում այդ դրոշի ներքո՝ դեպի հոգևոր դրսևորումների բարձրակետ, համոզված, որ բանաստեղծությունն, իրոք, աշխարհը վերափոխելու ուժ ու կարողություն ունի։
    Իսկ այսօր հարցերի հարց է թերևս, թե արդյո՞ք պոեզիան կփրկի աշխարհը։ Բայց այլ հարց է նաև, թե աշխարհն արդյո՞ք ուզում է փրկվել[9]։

Պատերազմի ու խաղաղության մասին

խմբագրել
  • Գի­տենք, որ վա­ղուց պա­տե­րազմ է սկս­ված հա­նուն մեր ինք­նու­թյան, մեր տե­սա­կի պահ­պան­ման ու այն դեռ չի ա­վարտ­վել և քա­նի որ դա­տա­պարտ­ված ենք նման հարևա­նի հետ ապ­րել կողք կող­քի՝ մա­տը ձգա­նին պա­հե­լու պատ­գա­մը մե­զա­նում պետք է փո­խանց­վի սերն­դե­սե­րունդ[10][11]։
  • Հայ­րե­նի­քի զգա­ցո­ղու­թյունն իմ հո­գում ծնունդ է ա­ռել վաղ ման­կու­թյու­նից, սա­կայն՝ այլ պատ­կե­րով ու հաս­կա­ցո­ղու­թյամբ։ Ճիշտ այն­պես, ինչ­պես երգ­վում էր «Ին­չից է սկս­վում Հայ­րե­նի­քը» խոր­հր­դա­յին հայտ­նի եր­գում։ Տա­րի­նե­րի ըն­թաց­քում այդ պատ­կերն ա­վե­լի ո­րո­շա­կիա­ցավ, հայ­րե­նի­քի զգա­ցո­ղու­թյու­նը դար­ձավ ա­վե­լի շո­շա­փե­լի ու ընդ­գր­կուն։ Իսկ այն, ինչ հո­գում է՝ հայ­տն­վում է նաև բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ։ Ես հի­մա շատ քիչ եմ լի­նում այն վայ­րե­րում, ուր իմ կյան­քի ա­ռա­ջին օ­րերն ու տա­րի­ներն են ան­ցել։ Ուր հայ­րե­նազ­գա­ցո­ղու­թյան ա­ռա­ջին թր­թիռ­ներն եմ ապ­րել։ Ու շատ եմ ափ­սո­սում դրա հա­մար[12]։
  • Շա­տերն այն կար­ծի­քին են, թե պա­տե­րազմն ան­գույն է, ա­վե­լին՝ դժ­գույն։ Կա­րե­լի է հա­մա­ձայ­նել դրա հետ։ Բայց պետք է ըն­դու­նենք այն պարզ ճշ­մար­տու­թյու­նը, որ պա­տե­րազմ­ներն ի­րենց բնույ­թով տար­բեր են լի­նում։ Ազ­գա­յին ե­րազ­նե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար մղած մեր պա­տե­րազ­մը մեր աչ­քե­րում ու մեր հո­գու մեջ հայ­տն­վեց բազ­մաբ­նույթ ե­րանգ­նե­րով։ Մեր սր­տում նոր սպա­սե­լիք­նե­րի հույս արթ­նաց­րեց, հա­վատ ներ­շն­չեց, ու մենք սի­րե­ցինք… մեր պա­տե­րազ­մը[13]։
  • Պատերազմն առանց կորուստների չի լինում, մենք բոլորս էլ հարազատներ ու մարտական ընկերներ ենք կորցրել Արցախյան պատերազմում, բայց դե, ինչպես ընդունված է ասել, կյանքը շարունակվում է։

Բարոյականության մասին

խմբագրել
  • Հաճախ բարձրաձայն չենք արտահայտում մեր զգացմունքները ծնողների նկատմամբ, իսկ երբ փորձում ենք սիրո ու երախտիքի խոսքեր շշնջալ՝ պարզվում է, որ արդեն... ուշացել ենք։
  • Հաճախ այն չենք ասում մեր որդիներին՝ ինչ պարտավոր ենք ու պետք է ասենք։ Մեզ ծնողական սերն է ետ պահում։ Իսկ երբ տեսնում ենք, որ նրանք կյանքի կեռմաններում խճճվել են ու փրկության ելք չկա՝ մեր օգնությունն այլևս անիմաստ է ու աննպատակ։
  • Մեր համեստությունը շատ հաճախ ոչնչացնում է մեզ։ Բայց բարոյականության մասին մեր պատկերացումները մեզ հուշում են, որ շատ ավելի լավ է՝ ինքնաոչնչացման գնանք, քան ստորաքարշությամբ պահենք մեր գոյությունը։

Քաղվածքներ Արիս Արսենիի մասին

խմբագրել
  • Արիս Գրիգորյանի գրիչը խոպաններ է հերկում, այսպես ասած, հերկված դաշտերում, հաստատելով, որ նորույթը ասելիքի մեջ է, որ ասելիքն է կարևորում թեմայի հրատապությունը։ Եվ դրա գեղեցիկ վկայությունը Արցախի մարտական կյանքը պատկերող նրա զուլալ երգերն են[14]։
Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ
Արցախի գրողների միության վարչության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  • «Ճաքած լռություն» բանաստեղծությունների ժողովածուն Արիս Գրիգորյանի անդրանիկ գիրքն է։ Այն լույս է տեսել Ստեփանակերտում` «Արցախ» հրատարակչության կողմից։ Բանաստեղծը զգացմունքային, նուրբ քնարական շնչով է երգում հայրենիքի սերը, արցախահայության ազգային ազատագրական պայքարը, հայրենի հրաշագեղ բնությունը[15]։
«Ուրբաթ»
(հասարակական-քաղաքական, մշակութային անկախ շաբաթաթերթ)
  • Արիս Գրիգորյանը հավատարիմ է հայ ավանդական բանաստեղծության քնարականությանը[16]։
Ժաննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Բանաստեղծուհի, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
  • Լույս է տեսել Արիս Արսենիի (Գրիգորյան) բանաստեղծությունների ու պոեմների նոր ժողովածուն, որ կոչվում է «Համանվագ»։ Անմիջական, անպաճույճ տողերով ու չափով` հեղինակը անդրադառնում է ներկա ու մոտ ժամանակների իրադարձություններին, խորհրդածում մեր ժողովրդի ճակատագրի մասին, սիրո խոստովանություններ սփռում նվիրական անուններով։ Բանաստեղծական պարզ լեզուն ու անկեղծությունը հաճախ են կաշառում ընթերցողին, շոշափելի դարձնում հեղինակային մարդամոտությունն ու սրտացավությունը[17]։
«ԳԵՂarm»
(գրական-գեղարվեստական, թարգմանական հանդես)
  • Լրացավ բանաստեղծ Արիս ԳՐԻԳՈՐՅԱՆԻ (Արիս Արսենի) ծննդյան 50-ամյակը։ Տարիքային մի հերթական հանգրվան, որից հետո սովորաբար բանաստեղծի համար «գրական այգեկութի» ժամանակաշրջանն է սկսվում։ Բայց եթե ընդհանրական գնահատելու լինենք Արիս Գրիգորյանի գրական ժառանգությունը, ապա պիտի հատկանշենք նաև նրա ուրույն վաստակը լրագրության մեջ, քանզի տևական ժամանակ նա իրեն նվիրել է ժուռնալիստիկային` աշխատելով «Արցախ» հանդեսում, Արցախի հանրային հեռուստատեսությունում և վերջապես` «Մարտիկ» բանակային թերթում։ Այս վերջին պարագան կարելի է դիտարկել իբրև ազատամարտիկ-բանաստեղծի կենսագրության մարտական ուղու շարունակություն։ Զենքը կրկին փոխարինելով գրչով` նա հայրենի Արցախին ծառայելը արժեվորում է նաև այս կերպ` հայ սպայի հպարտ ուսադիրների տակ պահպանելով բանաստեղծի զգայուն հոգին։ Արիս Գրիգորյանը ներկայումս զինծառայության թոշակառու է, և համոզված ենք, իր վաստակած հանգիստը դարձյալ կնվիրաբերի Գրչին։ Այս համոզմունքով էլ նրան շնորհավորելով հոբելյանի առթիվ` արևշատություն մաղթենք ու ստեղծագործական նոր վերելքներ[18]։
«Լուսարար»
(գիտակրթական թերթ)


  • Արիս Գրիգորյանը դասական շնչի ստեղծագործող է և նրա ոչ մի տողում չկան ճիգեր՝ բարդ ու խրթին երևալու։ Ինչպես կյանքում, իր գրքերում էլ նա պարզ ու հասարակ է, ազնիվ ու անմիջական, ընթերցողն իսկույն զգում է, որ գործ ունի մաքուր հոգու հետ, որի ցոլանքները տեսնում ենք տարբեր տարիների գրած նրա չափածո և արձակ երկերում։ Արցախի գրական ընտանիքը եթե համեմատելու լինենք պարտեզի հետ, Արիսն այդ պարտեզում ոչ հուրհրան վարդ, և ոչ էլ անցորդների ուշադրությունն իր վրա հրավիրող-կանչող մեխակ է, նա համեստ մանուշակի բուրումնավետ թուփ է, որին շատ հաճախ չեն նկատում մարդիկ[19]...
Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
  • Արիսն իր մարդ տեսակով հարստացնում է հայ գրականությունը՝ արցախյան բույրով, խրոխտ արմատով և անընկճելի բանաստեղծությամբ։
Զինաիդա ԲԱԼԱՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
  • Զուսպ է հեղինակի խոսքը, զերծ՝ ավելորդաբանություններից։ Փոխարենը՝ զգացումը շատ, լեցուն հպարտության, հավատի ու հաստատակամության զգացումով։
Նորայր ԱՎԵՏԻՍՅԱՆ
Գրող, մանկավարժ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մտածումներ
  2. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԵՏ
  3. «Ազատ Արցախ» (հանրապետական թերթ), N 58 (30218), 25 մայիսի 2019 թ. (էջ 5)
  4. «Ազատ Արցախ» հանրապետական թերթի կայքէջ, 24 մայիսի 2019 թ.
  5. ՇՈՒՇԱՆ ՎԱՀԱՆՅԱՆ, ԱՊՐԵԼ ԵՒ ԱՊՐԵՑՆԵԼ, Հարցազրույց ազատամարտիկ, լրագրող, արձակագիր, բանաստեղծ Արիս Գրիգորյանի հետ
  6. «Ազատ Արցախ» (հանրապետական թերթ), N 58 (30218), 25 մայիսի 2019 թ. (էջ 5)
  7. «Ազատ Արցախ» հանրապետական թերթի կայքէջ, 24 մայիսի 2019 թ.
  8. ՇՈՒՇԱՆ ՎԱՀԱՆՅԱՆ, ԱՊՐԵԼ ԵՒ ԱՊՐԵՑՆԵԼ, Հարցազրույց ազատամարտիկ, լրագրող, արձակագիր, բանաստեղծ Արիս Գրիգորյանի հետ
  9. «Եղիցի լույս» (ԼՂՀ Գրողների միության թերթ), 17 հոկտեմբերի 2018
  10. «Ազատ Արցախ» (հանրապետական թերթ), N 58 (30218), 25 մայիսի 2019 թ. (էջ 5)
  11. «Ազատ Արցախ» հանրապետական թերթի կայքէջ, 24 մայիսի 2019 թ.
  12. Նույն տեղում
  13. Նույն տեղում
  14. «Եղիցի լույս» (ԼՂՀ Գրողների միության թերթ), N 2 (20), 2001 թ. (էջ 2)
  15. «Ուրբաթ» (հասարակական-քաղաքական, մշակութային անկախ շաբաթաթերթ), N 29 (165), 30 հուլիսի 1993 թ. (էջ 5)
  16. «Ազատ Արցախ» (ԼՂՀ Ազգային ժողովի և կառավարության պաշտոնաթերթ), N 1, 6 հունվարի 2004 թ. (էջ 2)
  17. «ԳԵՂarm», N 29, հունվար-փետրվար, 2006 թ. (էջ 10)
  18. «Լուսարար» (գիտակրթական թերթ), N 34 (219), 12 դեկտեմբերի 2009 թ. (էջ 8)
  19. Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, 2013 (էջ 240-242)