«Դանթեական առասպել», Եղիշե Չարենցի պոեմներից։ Գրվել է 1915-1916 թվականներին։

Քաղվածքներ

խմբագրել
  • Ինչո՞ւ է երազն այս աշխարհավեր
Կախվել մեր գլխին այսպես կուրորեն։
Ինչո՞ւ են փռում այսքան ցավ, ավեր,
Հողմերը այս չար ե՞րբ պիտի լռեն։
Եվ ո՞վ է լարում այսպիսի դավեր —
Կյանքը դարձնում նզովյա՛լ գեհեն1։
Եվ մի՞թե մարդիկ այստեղ չե՞ն նայել
Երբեք հեռուներն այս լա՜վ աշխարհի,
Ուր արևը բյո՜ւր հրաշք է վառել,
Որ մարդու հոգին խանդավառ, բարի՝
Գգվի հիացքով երջանկավայել —
Ամե՛ն մի խոտի, ամե՛ն մի քարի։
  • Խե՛նթ երգում էին, որ Աստղիկը կա՛,
Ապրում է այնտեղ — ջրերի խորքում.
Թո՛ղ բուքը ոռնա՜ աշխարհի վրա —
Իրե՜ն ինչ՝ նա կա՛— անմահ, անհերքում,—
Եվ մի՛շտ գեղեցիկ ու կույս կմնա
Իր աստվածային, անբուն եզերքում։
  • Մենք գրկում էինք ու չանկռում իրար,
Սվինի զարկով գլորում գետին։
Վագրերի նման խորամանկ ու չար,
Ապրելու հսկա ծարավով հետին՝
Խոշտանգում էինք — ապրելո՛ւ համար,—
Եվ կռվում էինք, և կռվում էինք։
Եվ չէինք հիշում այլևս ոչինչ,
Եվ չգիտեինք ի՞նչ էինք անում։
Եվ շատերն էին ընկնում մեզանից
Եվ ոտքերի տակ մեր անշնչանում։
Չէ՛ինք տարբերվում վայրի գազանից
Ահի ու արյան այդ խառնարանում։—
  • …Ու պե՜տք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ՝
Ապրելու հսկա տենչը բեռ արած,—
Քայլել անիմաստ մի կյանքի համար,
Մարել — ու վառել աստղերը մարած,
Որ — տիեզերքի զառանցանքը մառ
Չցնդի՜ երբեք ու մնա— երազ…

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝