Եռաձայն պատարագ
«Եռաձայն պատարագ», Պարույր Սևակի պոեմներից։ Գրվել է 1965 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Երկնքից առկախ մի լեռնակղզի՝
Հայաստան Աշխարհ[1]։
- Երկնքից առկախ այդ լեռնակղզու ուղիղ կենտրոնում՝
երկու զանգ հսկա և անձեռագործ։
Եվ այնքա՛ն հսկա, այնքա՜ն վիթխարի,
որ չէին կարող որևէ կեռից ոչ մի կերպ կախվել,
ուստի, պարզապես կործված են հողին։
Անունն՝ Արարատ
կամ
Սիս ու Մասիս[1]։
- Այս լեռնակղզում լեռնաքարե՞րն են շատ,
թե՞ կերպաձևված շիրմաքարերը։
Եվ ծառե՞րն են շատ այս լեռնակղզում,
թե՞ վեր ծառացած սուրբ խաչքարերը։
Եվ ավելի շատ անտա՞ռ է հատվել,
թե՞ անսուրբ ձեռքով խաչքար է ջարդվել
դարեր ալեծեծ այս լեռնակղզում…[2]
- -Ամենից առաջ
փայտե դագաղի՜ պաշտամունք պիտի ունենալ կյանքում,
փայտե դագաղի՛,
նաև պատանքի՜:
Դագաղ-պատանքի՛ պաշտամունք պիտի ունենալ, այո՛,
վասնզի եթե չի ճարվում դագաղ,
ուրեմն արհավիրք-աղետ է ահեղ,
վասնզի եթե դին չի պատանվում,
ուրեմն ամեհի-ահարկու օրհաս,
մահ – տարաժամ է,
եղեռն ու նախճիր…[3]
Պոեմի մասին
խմբագրել- 1915 թվականի մասին շատ է գրվել, գրվել է և՛ չափածո, և՛ արձակ, էլ չենք ասում փաստագրական գրականությունը, որ տասնյակ հատորներ կարող է կազմել։ Բայց կարելի է ասել, որ առայժմ ոչ ոք չի կարողացել այնպիսիտառապանքով ու ընդվզումով պատկերել եղեռնի զարհուրանքը, ինչպես այդ արել է Պ. Սևակը։ «Եռաձայն պատարագը» հուսահատ ճիչ կամ աղաղակ չէ։ Դա հայրենի հողի վրա ամուր ու վստահ կանգնած բանաստեղծի՝ վերածնված հայ ժողովրդի զավակի բողոքն է աշխարհին, արդարության պահանջը, որ ոչ մի կապ չունի վրիժառության հետ, և երկիրն ու ազգը շենացնող գործերով ապրելու աներեր կամքը։
- Ա. Արիստակեսյան[4]
- Պարույր Սևակի համար վերնագիրը շատ հաճախ ստեղծագործության էությունը բացահայտող խոսք էր, և մինչև վերնագիր չգտներ, չէր կարողանում անհրաժեշտ լարվածությամբ կենտրոնանալ։ Տվյալ դեպքում «Կոչեմ ապրողաց, ողբամ մեռելոց, բեկանեմ շանթեր» ասույթի մասերից յուրաքանչյուրը ոչ միայն դարձել է պոեմի առանձին մասերի խորագիր, այլև եռաբանյա այդ ասույթից է թելադրվել պոեմի բուն վերնագիրն ու կառուցվածքը։
- Ա. Արիստակեսյան[5]
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 248:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 249։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 254։
- ↑ Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 341։
- ↑ Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 335։