«Երգ երգոց», Պարույր Սևակի պոեմներից։

Քաղվածքներ

խմբագրել
  • Գարունն այս անգամ ձմռանը եկավ,
Այն էլ հյուսիսում.
Ես բոլորովի՜ն չէի սպասում,
Ձմեռն այս վկա։
Քեզ չփընտրեցի՛, չըորոնեցի՛
Եվ... գտա հանկա՜րծ,
Ինչպես դու մի օր անունդ ես գտել,
Օ Սուլամի՜թա[1]։
  • Քո բիբլիական անունն եմ սիրում,
Սիրում եմ, այն էլ բիբլիակա՛ն սիրով,
Որ երբ իր նեղլիկ բառե շապիկն է աշխատում հագնել,
Թվում է հիմա հեթանոսակա՛ն՝
Նույնիսկ անպարկե՜շտ,
Բայց... նրա՛ աչքում,
Ում համար սիրո սրբությունն արդեն
Դարձել է հագուստ տոնակա՛ն օրվա,
Մինչ նա իմ միա՛կ շապիկն է. մսե՜...[1]
  • Մենք, կարծեմ, արդեն խնձորը կերանք,
Քանզի նա, ով որ մտքով է տրվում,
Տրվում է, անշուշտ, մարմնից առավել...[2]
  • Ո՞ւր է դրախտը,
Եթե ոչ՝ միայն քո թարթիչների հովանու ներքո.
Քո
դեռ փակ
ծոցում,
որի դռները,
Արդեն թակում են
Եվ երկո՜ւ կողմից.
Քո սիրտը՝ ներսի՛ց,
Իմ ձեռքը՝ դրսի՛ց...[2]
  • Գեղեցիկ ես դու, ինչպես բոլորը,
Որոնց սիրում են,
Եվ ո՛չ ավելի ու ո՛չ էլ պակաս։
Ի՞նչդ է գեղեցիկ՝ ուրի՛շը կասի,
Մինչդեռ ինձ համար դու գեղեցիկ ես,
Ինչպես բոլորը, որոնց սիրում են։
Եվ կախարդիչ ես, ինչպես բոլորը,
Որոնց չեն տիրել։
Ե՛վ անսովոր ես,
Քանի որ նոր ես,
Ե՛վ սովորական՝ քանի որ դու Էլ
Երբեք չես կարող չսիրած մնալ[3]։
Քո պարանոցը՝
Ազնիվ մարմարե մի վե՜հ աշտարակ,
Որտեղից - դարե՜ր - մարդիկ են կախվել՝
Ինձ նմաննե՜րը...
Նման երջանիկ կախաղանի դեմ
Ես չե՛մ բողոքում[4]։
  • Եթե ինձ համար թագուհի ես դու,
Ի՞նչ եմ ե՛ս հապա,
Ինչպե՞ս ի՛նձ կոչել, եթե ոչ արքա,-
Այլ կերպ չի՜ լինում.
Թագուհիները ե՞րբ են պատկանել մանկլավիկների...[5]
  • Նա կա և չկա՝ ինչպես երկինքը,
Իմն է - իմը չէ՝ ինչպես որ ինքը...[6]
  • Մոռացա իմ ողջ անցյալը հարուստ
Ու երջանկացա իմ... աղքատությա՜մբ[7]։
  • Իմ սերերն իրար և՛ նմա՛ն էին,
Ե՛վ նման չէին,
Ինչպես աշխարհի մեծ քաղաքները։
Եկավ սերը քո
Եվ ծննդավա՜յր դարձավ ինձ համար...[8]
  • Գիտե՛մ, որ չկա՜ս,
Ու չե՜մ գտնի քեզ՝ որքա՛ն էլ փնտրեմ։
Բայց... մի՞թե սրտին բան կհասկացնես[9]։
Ա՜խ, երանի՜ թե
Իմ տառապանքը բռնագըրավեն
Եվ անմիջապես հանեն աճուրդի՝
Ցանկացա՜ծ գնով[10]։
  • Եվ ո՜ւր էր հանկարծ ձերբակալեին
Ու տային դատի
Կարոտ հորջորջված այս հանցապարտին։
Իսկ այս հուշե՜րը,
Որ կենդանի են կենդանի մարդուց,
Ինչո՞ւ չեն կարող
Հանկարծ ենթարկվել ավտոաղետի...[11]
  • Իմ Սո՛ւլ...
Սուլամի՛...
Իմ Սուլամի՜թա.
Առանց քեզ ապրելն այնքան է հիմա
Անհասկանալի ու տարօրինակ,
Որքան սառույցի կամ ձյունի վրա
Վառվող խարույկը։
Ու ես ապրում եմ՝
Այդպե՛ս վառվելով[12]։
Սակայն ես գիտեմ,
Որ դու անմահ ես,
Ինչպես անմահ է կրակն աշխարհում.
Այստեղ կհանգչի,
Կվառվի այլուր[12]։
  • Եվ ուզում եմ ես փորձըս մոռանալ,
Ահավոր փորձը իմ ամբո՜ղջ կյանքի,
Եվ ի հակառակ՝ անկասկա՛ծ ասել
Որ կմոռանա շունը տիրոջը,
Ծառն՝ իր ծաղկելը,
Ցուլն՝ իր բառաչը,
Եվ ժամապահն՝ իր նշանաբանը,
Սակայն ո՛չ ես՝ քե՜զ,
Իմ Սո՛ւլ...
Սուլամի...
Իմ Սուլամի՜թա...[13]

Պոեմի մասին

խմբագրել
  • «Երգ երգոց» քնարական պոեմը իրական սիրո գեղեցկության ու մաքրության գովերգումն է, իրական սիրուց ծնունդ առած հոգեկան ու զգայական ապրումների բանաստեղծական ներդաշնակ արտահայտություն։ Պոեմի հինգ գլուխներից յուրաքանչյուրն ունի իր վերացական-ընդհանրական թեման՝ հանդիպում, հիացում, չըմբոշխնված վայելքի տառապանք, վայելք, կարոտ, որոնք բանաստեղծը պատկերել է առարկայացված շոշափելիությամբ, զգացմունքների ու ապրումների անընմեջ շարժումներով ու փոփոխումներով։
Ա. Արիստակեսյան[14]

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 358:
  2. 2,0 2,1 Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 359։
  3. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 360-361:
  4. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 362:
  5. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 364։
  6. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 365։
  7. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 368:
  8. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 369։
  9. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 371:
  10. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 372:
  11. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 372-373։
  12. 12,0 12,1 Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 373:
  13. Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 373-374։
  14. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 266-267։

Արտաքին հղումներ

խմբագրել