Թիթեղյա թմբուկը
«Թիթեղյա թմբուկը», գերմանացի գրող Գյունթեր Գրասի (16 հոկտեմբերի, 1927-13 ապրիլի, 2015) վեպը։ Հայերեն լույս է տեսել 2007 թվականին, Կարլեն Մատինյանի թարգմանությամբ։
Քաղվածքներ
խմբագրել- Հաճախ նրան էլի ժամանակ է մնում, որպեսզի օդափոխելուց հետո նստի իմ մահճակալին և, խճճված ժապաենները քանդելով, իր շուրջը լռություն տարածի այնքան ժամանակ, մինչև որ ես սկսում եմ լռությունը անվանել Բրունո, իսկ Բրունոն՝ լռություն[1]։
- Իմ նկատմամբ հոգսաշատ սերը ընկերներիս հաստատ թույլ չէր տա իրենց հետ բերել այնպիսի վտանգավոր մի բան, ինչպիսին մաքուր թուղթն է, և այն տրամադրել հոգուց անդադար դուրս ժայթքող իմ խոսքերին։
- Երբ ես ասացի Բրունոյին. «Ախ, Բրունո, ինձ համար հինգ հարյուր թերթ անմեղ թուղթ չե՞ս գնի», նա, աչքերը բարձրացնելով դեպի առաստաղ և հայացքի ուղղությամբ տանելով ցուցամատը, պատասխանեց. «Դուք ի նկատի ունեք սպիտակ թո՞ւղթ, պարոն Օսկար»[2]։
- Ամեն դեպքում իմ թմբուկն ասում է. իննսունինը թվի այն հոկտեմբերյան օրը, երբ քեռի Կրյուգերը Հարավային Ամերիկայում խոզանակի օգնությամբ փոմփոշացնում էր թփուտների նմանվող իր անգլատյան հոնքերը, Դիրշաուի և Կարթհաուսի մոտակայքում, Բիսաուի աղյուսի գործարանից ոչ հեռու՝ չորս միագույն շրջազգեստների տակ, խեղդող ծխի, վախերի, տնքոցների մեջ, շեղ անձրևի և սրբերի բարձրագույն հիշատակման ուղեկցությամբ, թուլամիտ հարցուփորձերի և երկու դաշտային ոստիկանների ծխով պատված հայացքների ներքո կարճլիկ, բայց հաստ Յոզեֆ Կոլյաչեկը սաղմնավորեց իմ մորը՝ Ագնեսին[3]։
- «Տղա է, ― ասաց այն պարոն Մացերատը, որին ես համարում էի ինձ հայր, ― ինչ֊որ ժամանակ հետո կրպակը կդառնա նրանը։ Այժմ մենք վերջապես գիտենք, թե հանուն ինչի ենք այդպես կոտորվում»։
- Մայրիկս կրպակի մասին մտածում էր քիչ, իսկ շատ էր մտածում իր որդու հանդերձանքի մասին․ «Ես այդպես էլ գիտեի, որ տղա է ծնվելու չնայած, որ բազմիցս ասել եմ, թե կծնվի Մարիելա»։
- Այդպես ես ժամանակից շուտ ծանոթացա կանացի հոգեբանությանը, ինչից հետո լսեցի նաև այսպիսի բառեր․ «Երբ լրանա փոքրիկ Օսկարի երեք տարին, նա մեզնից թիթեղյա թմբուկ կստանա»[4]։
- Բուֆետապանուհուն և գոտիով ամրացված սիգարետներով լի մատուցարանով շեկ մազերով աղջկան Օսկարը իր լուսանկարներից ոչ մեկը չէր նվիրել․ կանանց չի կարելի լուսանկարներ նվիրել, նրանք քո նվերը օգտագործում են չար նպատակով։ Այնինչ Կլեփը, որն իր ողջ ազատ պահվածքով հանդերձ կանանց հետ հարաբերություններում երբեք չէր կարողանում ժամանակին կանգ առնել, հաղորդասեր էր խելագարության աստիճան և պատրաստ էր հանուն յուրաքանչյուր կնոջ փոխել վերնաշապիկը։ Մի գեղեցիկ օր նա, առանց ինձ տեղեկացնելու, սիգարետ վաճառող աղջկան նվիրեց իր լուսանկարը, քանզի նշանվել էր այդ տաքարյուն փսլնքոտի հետ, իսկ ավելի ուշ նույնիսկ ամուսնացավ նրա հետ, որպեսզի նրա մոտից հետ վերցնի իր լուսանկարը[5]։
- Մեծ մարդիկ և փոքր մարդիկ, մեծ տառեր և փոքր տառեր, թզուկներ և Կարլոս Մեծ, Դավիթ և Գողիաթ, Մատնաչափիկ տղա և գվարդիական հսկաներ։ Իսկ ես մնացի երեքամյա, թզուկ, պստիկ֊ճստլիկ, հավերժ չափապակաս, որպեսզի ինձ չստիպեն գլուխ հանել մեծ և փոքր կատեխեզիսից, որպեսզի ես մեծ չդառնամ ու հասնեմ մեկ մետր յոթանասուներկուսի, չդառնամ այսպես կոչված մեծահասակ և չընկնեմ այն մարդու ձեռքը, որը հայելու առջև սափրվելով, ինքն իրեն իմ հայրն անվանի, որպեսզի իմ վրա չբարդեմ կրպակի համար պատասխանատվությունը, որը Մացերատի կամքով, գաղութային ապրանքների կրպակի կարգավիճակով նախատեսված էր Օսկարի համար․ երբ նրա տարիքը անցնի քսանմեկից, պետք է մուտք գործի մեծահասակների աշխարհ։ Ես կառչեցի թմբուկից, որպեսզի ստիպված չլինեմ չխկչխկացնել դրամարկղը և իմ երրորդ տարեդարձից սկսած չաճեցի ոչ մի դյույմ, մնացի երեք տարեկան, սակայն առնվազն երեք անգամ ավելի իմաստուն, որին բոլոր չափահասները գերազանցել են հասակով, և որը բոլոր չափահասներին գերազանցել է խելքով, որը չի կամեցել իր ստվերը համեմատել նրանց ստվերների հետ, որն ավարտել է իր ներքին և թե արտաքին զարգացումը, այն դեպքում, երբ մեծահասակները նաև խոր ծերության հասակում շարունակում են բլբլալ զարգացման մասին։ Նա, որ առանց մեծ ջանքերի ընկալեց այն, ինչը ուրիշներին տրվում էր մեծ ջանքերով, իսկ երբեմն նաև տանջանքի միջոցով, որը կարիք չուներ ամեն տարի հագնել ավելի ու ավելի մեծ չափերի վարտիքներ ու կոշիկներ՝ հետապնդելով գեթ մի նպատակ՝ հաստատել աճի գործընթացը[6]։
- Նույնիսկ վատ գրքերը, միևնույնն է, գրքեր են և այդ իսկ պատճառով սրբազան են[7]։
- Եթե երբեմն ես համարում էի, որ առավել շատ պատկանում եմ Ռասպուտինին և սարսափում էի գյոթեական անհանդուրժողականությունից, դա բացատրվում էր անորոշ կասկածանքով․ եթե քեզ, Օսկար, բախտ վիճակվեր թմբկահարել Գյոթեի դարաշրջանում, նա քո մեջ կկռահեր միայն հակաբնականը, նա քեզ կմերժեր որպես հակաբնականի մարմնավորում։ Իսկ նրա բնությունը, որով դու միշտ հիացել ես, դեպի որը միշտ ձգտել ես, նա կկերակրեր չափից դուրս քաղցրացրած կոնֆետներով, իսկ քեզ, խճուկ չափապակասիդ, կթխկացներ եթե ոչ «Ֆաուստով», ապա հաստատ իր «Գիտություն գունի մասին» գրքի որևէ մի ցնփոր հատորով[8]։
- Կարդալ սովորելը և միաժամանակ քեզ անգետիկի տեսք տալը այնքան էլ հեշտ բան չէր։ Դա ինձ հաջողվեց ավելի մեծ դժվարությամբ, քան տարիներով գիշերները մանկական անմիզապահություն պատկերելու անհրաժեշտությունը։ Չէ որ անմիզապահությունը հանգեցնում էր նրան, որ ամեն առավոտ ցուցադրվեր արատը, առանց որի ես լիովին կարող էի ընտելանալ։ Իսկ ահա անգետիկ պատկերելը ինձ համար նշանակում էր թաքցնել իմ արագ հաջողությունները, մշտական պայքար մղել արթնացող գաղափարական փառասիրության դեմ։ Եթե մեծահասակները կարծում էին, որ ես միզում եմ անկողնուս մեջ, ես միայն ուսերս էի թափ տալիս, սակայն ահա այն, որ ես տարեցտարի պետք է նրանց դիմաց ապուշի դեր կատարեի, անպատվում էր հենց Օսկարին և նրա ուսուցչուհուն[9]։
- Մի անգամ երեխաները, ինչպես դա անում են փոքրերը, նրա ցախանոցի կողքին ապուր էին եփում և Նուխի Էյկեն ծերունուն խնդրեց երեք անգամ թքել եփուկի մեջ։ Ծերունին դա արեց մեծ հեռավորությունից, որից հետո կրկին անհետացավ իր որջում, որտեղ շարունակեց հարվածել մեխերին, իսկ Ակսել Միշքեն ապուրին ավելացրեց ևս մեկ բաղադրիչ՝ ծեծված աղյուս։ Օսկարը հետաքրքրությամբ դիտում էր այդ խոհարարական գործընթացը, սակայն կանգնել էր մի կողմ։ Ակսել Միշքեն ու Հարրի Շլագերը կառուցեցին վրանին նմանվող մի բան, որպեսզի մեծահասկաներից ոչ մեկը չնայեր իրենց ապուրի մեջ։ Երբ աղյուսի փոշին եռաց, Հենսխեն Քոլլինը, դատարկելով իր գրպանները, ապուրի համար զոհեց երկու կենդանի գորտ, որոնց բռնել էր արհեստական լճակից։ Նրանց միջից միակ աղջկա՝ Սյուզի Քատերի բերանը դառը հիասթափությունից ծռվեց, և գորտերը անտրտունջ ու անաղմուկ անհետացան ապուրի մեջ՝ նույնիսկ չփորձելով կատարել վերջին ցատկը։ Այդ ժամանակ Նուխի Էյկեն արձակեց շալվարը ու միզեց եփուկի մեջ՝ հաշվի չառնելով Սյուզիի ներկայությունը, այնուհետև Ակսելը, Հարրին ու Հենսխեն Քոլլին հետևեցին նրա օրինակին։ Փոքրիկ Կեսխենը ևս ուզում էր արժանավայել դրսևորել իրեն տասնամյակների առջև, սակայն նրա պուճուրիկ ծորակից ոչինչ չհոսեց։ Այստեղ բոլորը աչքերը սևեռեցին Սյուզիի վրա, և Ակսել Միշքեն նրան մեկնեց կապույտ, էմալապատ կաթսան, որի եզրերը պոկված էին։ Օսկարը դեռ այն ժամանակ էր ուզում հեռանալ, սակայն չգիտես ինչու սպասեց, մինչև Սյուզին, որը հավանաբար քայլում էր առանց վարտիքի, պպզեց, ձեռքերով գրկելով ծնկները, կաթսան քաշեց իր տակ, դատարկ աչքերը հառեց իր առաջ, կնճռոտեց իր քիթը, և թիթեղյա զնգոցով կաթսան տեղեկացրեց, որ Սյուզին ևս ապուրի մեջ ներդրեց իր լուման[10]։
- Գրեթե ականջիս մեջ մտնելով նա շշնջում էր՝ աչքերին հնագույն տեսք տալով․
- ― Նրանք կգան։ Նրանք բոլորը կնստեն պատվավոր տեղերում։ Նրանք ջահերով երթ կկազմակերպեն։ Նրանք տրիբունաներ կկանգնեցնեն, նրանք կզբաղեցնեն տրիբունաները և կդնեն ձեր մահվան սկիզբը։ Դուք դեռ կտեսնեք, իմ պատանի ընկեր, թե ինչեր կկատարվեն այդ տրիբունաների վրա։ Դե ուրեմն աշխատեք միշտ նստել նրանց մեջ, ովքեր տրիբունաների վրա են և ոչ մի անգամ նրանց դիմաց մի կանգնեք[11]։
- Լյոբզակը կարողանում էր սրամտել, այդ սրամտությունները նա իր կուզից էր հանում, իսկ իր կուզին անվանում էր անունով, մարդկանց դա միշտ դուր է գալիս։ Լյոբզակը պնդում էր, որ թերևս ավելի շուտ իր կուզը կանհետանա, քան կոմունիստները հաղթանակ կտոնեն։
- Սկզբից ևեթ պարզ էր, որ կուզը ոչ մի տեղ չի կորչի, որ կուզը նստած է ամուր, իսկ դա նշանակում էր, որ կուզը ճիշտ է, և նրա հետ միասին ճիշտ է ողջ կուսակցությունը, ինչի հիման վրա կարելի է հետևություն անել, որ կուզը իդեալական հիմք է ցանկացած գաղափարի համար[12]։
- Սառնամանիքի շնորհիվ յուղը քարանում էր, ձվերը չէին փչանում, ձկան թեփուկը վեր էր ածվում ամենաբարակ թրաշի ածելիի, իսկ Շվերդֆեգեր անունով միաչքանի մարդը աշխատանք էր ստանում և համապատասխանաբար՝ աշխատավարձ․ նա փայտե ածուխի բաց խարույկի վրա տաքացնում էր աղյուսները, ինչից հետո, դրանք թերթի թղթի մեջ փաթաթելով, վարձույթով տալիս էր շուկայի վաճառողուհիներին։ Իմ տատիկը Շվերդֆեգերին պատվիրում էր ամեն ժամ իր շրջազգեստների տակ տաք աղյուս դնել, Շվերդֆեգերը այդ գործողությունը կատարում էր երկաթե բահով։ Նա քիչ վեր բարձրացրած շրջազգեստների տակ էր մտցնում ծուխ արձակող փաթեթը՝ դատարկման շարժում, և Շվերդֆեգերի բահը լրիվ սառած աղուսի հետ դուրս էր սողում տատիկիս շրջազգեստների տակից։
- Ախ, ինչպես էի ես նախանձում ջերմություն կուտակող ու բաժանող այդ աղյուսներին։ Ես այսօր էլ եմ երազում տաք աղյուսի պես պառկել իմ տատիկի շրջազգեստների տակ, որպեսզի ինձ կրկին ու կրկին փոխեին էլի ինձանով։ Դուք հավանաբար կհարցնեք, իսկ ի՞նչ էր փնտրում Օսկարը տատիկի շրջազգեստների տակ։ Արդյո՞ք նա չի ուզում, նմանակելով իր Կոլյայչեկ պապիկին, անարգանքի ենթարկել ծեր կնոջը։ Կամ գուցե նա մոռացությո՞ւն, հայրենի՞ք, վերջնական երանությո՞ւն է փնտրում[13]։
- Իմ փառամոլ մտադրությունների գագաթնակետը սիրահար զույգին գողերի զույգի վերափոխելն էր։ Երբեմն նրանք երկուսն էլ ցանկանում էին, երբեմն տղան արդեն մեկնում էր ձեռքը, իսկ աղջիկն այն ետ էր քաշում կամ հակառակը՝ աղջիկն էր անհրաժեշտ համարձակություն դրսևորում, իսկ տղան նահանջում էր ու նվնվում։ Իսկ արդյունքում աղջիկը ենթարկվում էր, սակայն հետո սկսում էր նրան արհամարհել։ Մի անգամ էլ ես օծանելիքի խանութի ցուցափեղկի դիմաց գայթակղում էի մի զույգի, որը ձյան տեղալու պատճառով չափից դուրս պատանի էր թվում, տղան հերոս էր ներկայանում և օդեկոլոնը գողացավ։ Աղջիկը նվնվում էր ու աշխարհի բոլոր բույրերից հրաժարվելու պատրաստակամություն հայտնում։ Նա, միևնույն է, ցանկանում էր, որ աղջկանից բուրումնալից հոտ գա և մինչև մոտակա լուսարձակը կարողացավ իր կամքը հաստատել։ Իսկ այնտեղ դեռատի աղջիկը վրդովեցուցիչ անկեղծությամբ, կարծես ի հեճուկս ինձ, բարձրացավ ոտքի մատների վրա և համբուրեց նրան այնքան ժամանակ, մինչև որ տղան իր սեփական հետքերով վազեց ետ, և գողացածը վերադարձրեց ցուցափեղկին։ Ճիշտ նույն կերպ էլ ինձ հաջողվեց անել տարիքով մեծ պարոնների զույգի հետ, որոնցից ես նույնիսկ ավելի մեծ արագություն էի ակնկալում, քան խոստանում էր նրանց կտրիճավարի քայլվածքը ձմռան գիշերվա մեջ։ Նրանք երկյուղածությամբ կանգ առան սիգարետի խանութի դիմաց՝ մտքերով հեռանալով ինչ֊որ տեղ՝ դեպի Հավանա, դեպի Բրազիլիա և կամ էլ Բրիսագոյի կղզիներ, և, երբ իմ ձայնը կարծես թե չափով, կատարեց կտրում, ինչից հետո կտրված հատվածը խնամքով թրմփաց «Սև իմաստության» տուփի վրա, նման պարոնների մոտ կարծես թե գործում էր գրպանահատ դանակը։ Նրանք շրջվում էին և, ձեռնափայտերը թափ տալով, կտրում անցնում էին փողոցը, վազում էին իմ կողքով և իմ թաղամասի՝ չնկատելով ինձ, և Օսկարին հնարավորություն էին տալիս քմծիծաղ տալ ծերունական դեմքի շփոթահար արտահայտության վրա, որը կարծես թե սատանայի ջանքերով էր աղավաղվել[14]։
- Չնայած որ ես ոչ մի անգամ գործը խոշոր գումարների չհասցրեցի, որովհետև միտումնավոր այնպիսի չափսի անցքեր էի կտրում, որ ցուցափեղկից կարելի էր դուրս հանել մեկ կամ, լավագույն դեպքում, երկու առարկա։ Դեպքերը, որոնք անվանվում են «գողություն՝ կոտրելու միջոցով», այն աստիճան շատացան, որ քրեական ոստիկանությունը ուղղակի հալից ընկավ՝ չնայած մամուլը շարունակում էր նրան մեղադրել անգործության մեջ։ Երեսունվեցի նոյեմբերից մինչև երեսունյոթի մարտ ամիսը, երբ գնդապետ Յոցը Վարշավայում կազմակերպեց ազգային միասնության կառավարությունը, կուտակվեց նմանատիպ վաթսունչորս փորձ և քսանութ հաջող իրականացված գողություն։ Ճիշտ է, ոստիկանության ծառայողներին հաջողվեց այդ տարիքով կանանց, ռազմաճակատային գործակատարների, աղախինների ու թոշակի անցած ուսուցչուհիների մեծ մասի մոտից կրկին ետ խլել ավարը (քանզի նրանք գող չէին իրենց կոչումով) և մյուս օրը՝ այն բանից հետո, երբ իրենց տենչանքների առարկան ապահովում էր նրանց անքուն գիշերը, միտք էր առաջանում՝ մեղայականով գնալ ոստիկանություն․ «Ախ, ինձ ներեք, դա այլևս չի կրկնվի»։ Ուղղակի ապակու մեջ հանկարծ անցք առաջացավ, իսկ երբ ես վախից ուշքի եկա, իսկ կոտրած ապակին մնաց ինձանից երեք թաղամաս ետ, հանկարծ պարզվեց, որ իմ վերարկուի ձախ գրպանի մեջ մի զույգ հրաշալի ու հավանաբար շատ թանկարժեք, եթե չասեմ ընդհանրապես անգին, կաշվե ձեռնոցներ են հայտնվել։
- Բոլոր բռնվածներին, նույնիսկ նրանց, ովքեր ներկայացել էին մեղայականով, տարան և մեկից երկու ամիս ժամկետով թաղեցին բանտում, քանի որ ոստիկանությունը հրաշքներին չի հավատում[15]։
- - Օսկար, դու ոչ միայն պարզապես իրենց երազանքի առարկային սիրահարված մեծ ու միջին ձմեռային դատարկաշրջիկների ցանկություններն էիր բավարարում, այլև դրան գումարած օգնում էիր, որպեսզի ցուցափեղկերի առջև կանգնած մարդիկ իրենք իրենց ճանաչեն։ Ոչ մի պատկառելի ու պճնագեղ տիկին, ոչ մի բարեկամական վարքի տեր հորեղբայր, ոչ մի ծերացած, սակայն հավատի օգնությամբ իր թարմությունը պահպանած կույս աղջիկ, ոչ մի անգամ իրենց մեջ առկա գողական հակումները չէին խոստովանի, եթե քո ձայնը նրանց չսադրեր գողության։ Ավելին՝ չազդեր քաղաքացիների վերադաստիարակման վրա, որոնք նախկինում պատրաստ էին ամեն մի փոքրիկ ու անհաջողակ գողի մեջ տեսնել ստոր ու վտանգավոր սրիկայի[16]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Գյունթեր Գրաս, Թիթեղյա թմբուկը, Երևան, Նաիրի, 2007, ISBN 978-5-550-01486-8, 692 էջ, էջ 4։
- ↑ Նույն տեղում, էջ 5։
- ↑ Նույն տեղում, էջ 14։
- ↑ Նույն տեղում, էջ 40։
- ↑ Նույն տեղում, էջ 47։
- ↑ Նույն տեղում, էջ 56-57։
- ↑ Նույն տեղում, էջ 91։
- ↑ Նույն տեղում, էջ 92։
- ↑ Նույն տեղում, էջ 92-93։
- ↑ Նույն տեղում, էջ 100-101։
- ↑ Նույն տեղում, էջ 120։
- ↑ Նույն տեղում, էջ 124։
- ↑ Նույն տեղում, էջ 134։
- ↑ Նույն տեղում, էջ 137-138։
- ↑ Նույն տեղում, էջ 138-139։
- ↑ Նույն տեղում, էջ 140։