«Ինչպես վեպ», ֆրանսիացի գրող Դանիել Պեննակի (ծնվ. 1944) մանկավարժական էսսեն։

Քաղվածքներ

խմբագրել
  • Կարդալու ժամանակը միշտ գողացված ժամանակ է։ (Ինչպես, ի միջի այլոց, և գրելու ժամանակը, և սիրելու ժամանակը)։

Գողացված ու՞մից։ Ասենք, ապրելու պարտականությունից։ Դա է, անկասկած, պատճառը, որ մետրոն՝ հիշատակված պարտականության կայուն խորհրդանիշը, աշխարհում ամենամեծ ընթերցասրահն է։ Կարդալու ժամանակը, ինչպես և սիրելու ժամանակը, ընդլայնում է րոպեներից և ժամերից բաղկացած ժամանակը։ Եթե հարկ լիներ սերը դիտարկել ժամանակը բաշխելու տեսանկյունից, ո՞վ կխիզախեր դրան։ Ո՞վ ժամանակ ունի սիրահարված լինելու։ Մինչդեռ, որևէ մեկը երբևէ տեսե՞լ է սիրահարվածի, որը ժամանակ չունենար սիրելու։ Ես երբեք կարդալու ժամանակ չեմ ունեցել, սակայն ոչինչ ինձ երբեք չի խանգարել կարդալ հավանածս վեպը։ Կարդալը ոչ մի ձևով կապված չէ հասարակության կյանքի կանոնակարգի հետ. այն, ինչպես սերը, պարզապես կենսակերպ է։

  • - Իսկ եթե հիշենք մեր պապերի սերունդը, նրանց համար ավելի պարզ էր. աղջիկներին ընդհանրապես կարդալն արգելված էր։

- Այդպես էլ կար։ Հատկապես վեպերը.«դատարկ զառանցանքներ, հնարովի բաներ»։ Վախենում էին, որ կխանգարի ամուսնությանը...

  • Եթե, ինչպես շարունակ ասվում է, իմ տղան, իմ աղջիկը, երիտասարդությունը կարդալ չի սիրում,- և բայը ճիշտ է ընտրված, հենց սերն է խոցելի այստեղ,- պետք չէ մեղադրել հեռուստացույցին, մեր ժամանակին, դպրոցին։ Կամ էլ բոլորին միասին, եթե ուզում եք, սակայն նախ և առաջ հարցնենք ինքներս մեզ. ի՞նչ արեցինք իդեալական ընթերցողի հետ, ինչպիսին մեր երեխան էր այն ժամանակ, երբ մենք ինքներս և հեքիաթասաց էինք, և գիրք։
  • Մեր գիտելիքները, դպրոցական առաջադիմությունը, կարիերան, հասարակական դիրքը մի բան է, մեր ընթերցողի անձնական կյանքը և ընդհանուր մշակույթը՝ մեկ այլ բան։ Բակալավրների, լիցենցիատների, դիպլոմավորված մասնագետների թիվը մեծացնելը լավ գործ է, ոչ ոք չի վիճում, հասարակությունը նրանց կարիքն ունի...սակայն որքան կենսական է բացել բոլորի առջև բոլոր գրքերի էջերը։
  • Ինչ վիրավորանքներ ասես, որ չեն հանդուրժում գրքերը մեզնից։ Սակայն մեզ վիրավորում է միայն օտար բարբարոսությունը նրանց հանդեպ։
  • Իմանալ, թե ինչպես ենք մենք կարդում, ավելի էական է, քան իմանալ, թե ինչպես ենք վարվում գրքերի հետ։
  • Ընթերցանության գծով մենք՝ կարդացողներս, մեզ ենք վերապահում բոլոր իրավունքները, սկսած նրանցից, որ մերժում ենք երիտասարդ սերնդին՝ ենթադրելով, որ հաղորդակից կդարձնենք ընթերցանությանը։
  1. Չկարդալու իրավունք
  2. Բաց թողնելու իրավունք
  3. Չավարտելու իրավունք
  4. Վերընթերցելու իրավունք
  5. Ինչ պատահի կարդալու իրավունք
  6. Բովարիզմի իրավունք
  7. Որտեղ պատահի կարդալու իրավունք
  8. Բարձրաձայն կարդալու իրավունք
  9. Խրվելու իրավունք
  10. Կարդացածի մասին լռելու իրավունք
  • Անկասկած, երբ Չեխով ես կարդում, դառնում ես ավելի «մարդկային»... Սակայն զգուշանանք այս թեորեմից հետևության հանգել, թե ով չի կարդում, պետք է նրան համարել պոտենցիալ խավարամիտ կամ անհուսալի ապուշ։ Այլապես ընթերցանությունը կդասենք բարոյական պարտքի կարգում և դրանով առաջին քայլը կանենք, օրինակ, գրքերի «բարոյականության» մասին դատելու՝ ոտնահարելով ևս մի անկապտելի իրավունք՝ ստեղծագործելու ազատությունը։ Դրանով խավարամիտ կդառնանք հենց մենք, թեկուզ և հարյուր անգամ «ընթերցող» լինենք։
  • Ստեղծագործելու ազատությունը չի կարող զուգակցվել կարդալու պարտականությանը։
  • Մարդը տուն է կառուցում, որովհետև ապրում է, իսկ գիրք գրում է, որովհետև մահկանացու է և գիտի այդ մասին։ Նա ապրում է համայնքում, որովհետև հասարակական կենդանի է, սակայն կարդում է, որովհետև միայնակ է և գիտի այդ մասին։
  • Ընթերցանությունը չի տալիս մարդուն իր ճակատագրի սպառիչ բացատրությունը, սակայն առնչությունների ամուր ցանց է հյուսում նրա և կյանքի միջև։
  • Կարդալու մեր հիմունքները նույնքան տարօրինակ են, որքան ապրելու հիմունքները։

Արտաքին հղումներ

խմբագրել