«Լիլիթ», Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններից, հրեական առասպելի մշակում։ Գրվել է 1921 թվականին։

Քաղվածքներ

խմբագրել
  • Եվ բռնեց դեպի վեր սուրացող կրակը և նրա բեկբեկուն, ճախրուն բոցերից ստեղծեց անդրանիկ կնոջը՝ Լիլիթին։
Եվ նայելով իր ստեղծածի վրա՝ հիացած ասաց. «Բարի է, որովհետև գեղեցիկ է»։
  • Իրար աչքերի մեջ տեսեք ձեր պատկերը և իրար սրտերի մեջ սիրեցեք միմյանց։
  • ― Շատ լավ,— ասաց Լիլիթ,— եթե ինձ բռնես, դրախտի ամենից քաղցր պտուղը կտամ քեզ։
― Ո՞րն է այդ, որ դու գիտես, ես՝ ո՛չ, թեև դրախտի բոլոր պտուղ­ները ճաշակել եմ արդեն,— զարմացած հարց տվեց Ադամ,— ի՞նչ է անունը։
― Համբույր։
  • Ինքնին զարմանում էր, որ Լիլիթին տեսնելու վայրկյանից սիրտը լցված էր մի հեշտալի և քաղցր զգացումով, և դրախտն այն օրվանից հազար անգամ ավելի գեղեցիկ է դարձել, և իր ամեն ապրած վայրկյանը իմաստ ունի և անարտահայտելի հրապույր...
  • — Լիլի՛թ, աննմա՛ն Լիլիթ, դու իմաստուն ես. ասա՛ ինձ, այս ի՞նչ զգացում է, որ բույն է դրել հոգուս մեջ՝ քեզ տեսնելու վայրկյանից։ Ուզում եմ հալչել լույս ոտներիդ տակ․ ուզում եմ համբուրել կոխածդ հողը․ ուզում եմ արևը պսակ դնել գլխիդ վրա և աստղերով սալարկել քո ուղին։
Լիլիթ լսում էր Ադամին, և մեղմ ծիծաղը հավաքվում էր իր շրթների շուրջը։
― Ասա՛, ամենաչքնա՛ղ Լիլիթս, ի՞նչ է այս զգացումը, որ երբ մոտդ եմ լինում, դրախտը ավելի չքնաղ է դառնում և կյանքը ավելի անուշ. իսկ երբ հեռու եմ լինում քեզնից՝ դրախտը դառնում է տգեղ և ամայի, և կյանքը դառն ու ծանր։ Քնած թե արթուն՝ երազներս միայն քեզնո՛վ են լցված։ Դու ապրում ես սրտիս և աչքերիս մեջ։
Լիլիթ ծիծաղելով, սակայն ցուրտ ձայնով ասաց․
— Սե՛ր է, Ադա՜մ, սե՛ր է դրա անունը։
  • ― Սեր․ նվիրական և ահավոր անուն։ Սեր, այո՛, աստված էլ նույնն ասաց՝ սիրեցեք իրար։ Եվ ես սիրում եմ քեզ, Լիլի՛թ, հազար-հազար սիրելի Լիլիթ․ ես քեզ սիրում եմ։
Եվ ինչպե՞ս կարող եմ քեզ չսիրել՝ դու չքնաղ ես, հրաշագեղ, հրաշագեղ, բյո՛ւր անգամ հրաշագեղ։
Եվ գիտեմ հիմա, որ սե՛րն է բոլոր իրերի հոգին․ սերն է, որ թոչունների բերանը հովերի ու աղբյուրների անուշ մրմունջն է դրել։ Սիրուցն է, որ քո անցած շավիղներից մեխակի և խնկածաղիկների բուրմունքն եմ առնում։
  • Հրապուրում է ինձ, տոչորում և ապա ծարավ թողնում, հեռանում։ Այրվում եմ, երբ հեռու եմ լինում նրանից, այրվում եմ նորից, երբ մոտն եմ լինում նրա։ Չար կրակ է նա, կիզող-կրակի կտոր, տանջվում եմ, հատնում եմ ես...
  • Ադամ, երբ աչքերը բացեց, տեսավ իր մոտ նստած մի նոր ընկեր, ո՛չ Լիլիթի պես կատարյալ և հրեղեն գեղեցիկ, սակայն դարձյալ գեղեցիկ, բայց հողաբույր, բայց մարդկորեն։
  • «Եվա» էին հնչում նրա շրթները, սակայն «Լիլիթ» էր արձագանքում նրա հոգին։
Եվ երբ ճիգ էր անում Լիլիթին մոռանալու, գրկում էր հավատարիմ Եվային, կրծքին սեղմում և համբուրում— նա այդ ժամանակ Լիլիթին էր սեղմած տեսնում իր կրծքին, Լիլիթին համբուրում, Լիլիթին զգում, միայն Լիլիթին...
Եվ ապրեց Ադամ՝ սպասելով ու տենչալով միշտ Լիլիթին, և մեռավ Ադամ՝ հառաչելով ու երազելով մի՛միայն Լիլիթին...
 
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝