«Խավարի ձախ ձեռքը», ամերիկացի գրող Ուրսուլա Լե Գուինի վեպերից։ Առաջին անգամ հրատարակվել է 1969 թվականին, արժանացել է տարբեր մրցանակների՝ «Լոկուս»[1], «Հյուգո»[2], «Նեբուլա»։

Քաղվածքներ

խմբագրել
  • Նա նորից ժպտաց, և թվաց, թե ամեն ատամն իմաստ ունի՝ կրկնակի, բազմակի, երեսուներկու տարբեր իմաստներ։
  • Չնայած ես արդեն հարմարյա երկու տարի է՝ Ձմեռում էի, դեռ շատ հեռու էի այս մոլորակի մարդկանց իրենց սեփական աչքերով տեսնելուց։ Ես փորձում էի, բայց իմ ջանքերը ամոթխածաբար վերածվում էին Գաթենացիներին սկզբում որպես տղամարդ, ապա՝ որպես կին տեսնելուն՝ նրանց հարկադրաբար դնելով իրենց բնույթին այդքան չկապվող, իսկ ինձ համար այդքան էական դասերում։ Կում անելով իմ թթու, ծխացող գարեջրից՝ մտածում էի, որ Էստրավենի վարքը սեղանի շուրջ կանացի է, ամբողջությամբ հմայք, նրբանկատություն և էականի թերացում, խաբուսիկ և ճապուկ։ Փաստորեն այս փափուկ և ճկուն կանացիությո՞ւնն է, որ ես չեմ հավանում և չեմ վստահում նրա մեջ։ Որովհետև հնարավոր չէր նրա մասին մտածել իբրև կնոջ․ այդ մութ, հեգնական, հզոր ներկայությունն իմ շուրջը կրակալույս խավարում, և այնուհանդերձ երբ նրա մասին մտածում էիր որպես տղամարդու, ես կեղծիքի, խաբեության զգացողություն էի ունենում․ նրա՞ հանդեպ, թե՞ նրա հանդեպ իմ վերաբերմունքի։
  • Նույնիսկ երկսեռ հասարակությունում քաղաքական գործիչը շատ հաճախ ավելի փոքր է, քան ամբողջական տղամարդը։
  • Չափից ավելին տարված լինելով ինձնով՝ ես մոռացել էի, որ նա թագավոր է, և իրերը չի տեսնում իրատեսորեն, այլ թագավորի նման։
  • Ես մոռացել էի, թե ինչ է թագավորը, մոռացել էի, որ թագավորն իր աչքին Կարհիդեն է, մոռացել էի, թե ինչ է հայրենասիրությունը և որ նա, անհրաժեշտաբար, կատարյալ հայրենասեր է։
- Թույլ տուր հարցնել, պարոն Այ, դու գիտե՞ս քո կենսափորձով, թե ինչ է հայրենասիրությունը։
- Ոչ,- պատասխանեցի ես, ցնցված այն ուժից, որով այս բուռն անձնավորությունը հանկարծ ամբողջաբար նետվեց ինձ վրա։- Չեմ կարծում, որ գիտեմ։ Եթե հայրենասիրություն ասելով դու նկատի չունես սերը հայրենիքի հանդեպ․ դա ես գիտեմ՝ ինչ է։
- Ոչ, հայրենասիրություն ասելով ես սերը նկատի չունեմ։ Նկատի ունեմ վախը։ Վախը ուրիշներից։ Եվ դրա արտահայտությունները քաղաքական են, ոչ թե բանաստեղծական․ ատելություն, մրցակցություն, ագրեսիա։ Դա աճում է մեր մեջ, այդ վախը։ Դա աճում է մեր մեջ տարեցտարի։
  • Մեզ ի՞նչ, եթե աստղերի մեջ գտնվեն հրեշներով լիքը ութանասուն հազար աշխարհներ։ Մենք նրանցից բան չենք ուզում։ Մենք ընտրել ենք կյանքի մեր ձևը և դրան վաղուց ենք հետևում։
  • Ես վախենում եմ ստախոսներից, ես վախենում եմ խաբեբաներից, բայց ամենաշատը ես վախենում եմ դառը ճշմարտությունից։ Եվ այդպես ես իմ երկիրը լավ եմ կառավարում։ Որովհետև միայն վախն է կառավարում մարդկանց։ Ուրիշ ոչ մի բան չի աշխատում։ Ուրիշ ոչ մի բան բավական երկար չի տևում։
  • Մշակութային շոկը հեչ բան էր՝ համեմատած կենսաբանական շոկի հետ, որով ես՝ արու մարդս, տառապում էի մարդ արարածների մեջ, որոնք ժամանակի հինգ վեցերորդ մասը հերմաֆրոդիտ չեզոք սեռի էին։
  • Գաթենացիները կարող էին ավելի արագընթաց դարձնել իրենց տրանսպորտը, բայց չէին անում։ Երբ հարցնում էի՝ ինչու ոչ, նրանք պատասխանում էին՝ «Իսկ ինչո՞ւ»։ Ինչպես եթե երկրացիներին հարցնեն, թե ինչու պետք է տրանսպորտը այդքան արագ ընթանա, և մենք պատասխանենք՝ «Ինչո՞ւ ոչ»։
  • Ես հարցրեցի, թե արդյոք չե՞ն կարող բուժել այդ երկու հոգեկան հիվանդներին։ «Բուժե՞լ»,- հարցրեց Գոսը,- «Դու երգչին կբուժեի՞ր ձայնից»։
  • Կարհիդեցիները սեռական հարցերն ազատորեն քննարկում են, իսկ կեմմերի մասին խոսում են հարգանքով և հաճույքով, սակայն այլասերությունները քննարկելիս զուսպ են․ համենայն դեպս, ինձ հետ։ Կեմմերի շրջանի չափազանց երկարատևությունը դեպի արականը կամ իգականը մշտական հորմոնալ անհավասարակշռությամբ առաջ է բերում այն, ինչին ասում են այլասերություն։ Դա հազվադեպ բան չէ․ չափահասների երեք կամ չորս տոկոսը կարող են լինել հոգեպես այլասերված կամ, մեր չափանիշներով, աննորմալ-նորմալ։ Նրանց չեն վտարում հասարակությունից, սակայն հանդուրժում են որոշակի արհարմարանքով, ինչպես նույնասեռականներին՝ շատ երկսեռ հասարակություններում։ Կարհիդեի ժարգոնով նրանց կիսամեռ են ասում։ Նրանք ամուլ են։
  • -Գենրի, դու դեռ չես հասկանում, թե ինչու ենք վարժվում և կատարելագործվում Կանխասացության մեջ։
- Ոչ․․․
- Ցույց տալու համար սխալ հարցի պատասխանն իմանալու կատարյալ անպետքությունը։
  • -Անհայտը,- անտառում ասում էր Ֆաքսիի փափուկ ձայնը,- անկանխասելին, անհաստատելին՝ հենց դրա վրա է կյանքը հիմնված։ Անտեղյակությունը մտքի հիմքն է։ Անհաստատը գործողության հիմքն է։ Եթե հաստատված լիներ, որ աստված չկա, կրոն չէր լինի։ Ոչ Հանդդարան, որ Յոմեշը, ոչ օջախաստվածները, ոչինչ։ Բայց եթե հաստատված լիներ, որ Աստված կա, էլի կրոն չէր լինի։ Ասա, Գենրի, ի՞նչ է հայտնի։ Ի՞նչն է հաստատ, կանխատեսելի, անշրջելի․ միակ հստակ բանը, որ դու գիտես իմ և քո ապագայի մասին։
- Որ բոլորս մեռնելու ենք։
- Այո։ Իրականում միայն մի հարց կա, որին հնարավոր է պատասխանել, Գենրի, և մենք արդեն գիտենք պատասխանը․․․ Միակ բանը, որ հնարավոր է դարձնում կյանքը, մշտական, անտանելի անորոշությունն է․ չիմանալը, թե ինչ էլ լինելու սրանից հետո։
  • Մեր սահմանը հիմա գիծը չէ երկու բլուրների միջև, այլ գիծը, որով մեր մոլորակը պտտվում է Արեգակի շուրջը։
  • Մարդկանց արագ և ամբողջովին համախմբելու միակ միջոցը նոր կրոնն է․ ձեռքի տակ ոչ մեկը չկա, ուրեմն նա դա կանի պատերազմի միջոցով։
  • Անսպասելի այն է, ինչ կյանքը հնարավոր է դարձնում։
  • Վտարված մարդիկ երբեք չպետք է իրենց մայրենի լեզվով խոսեն․ նրանց բերանում այն դառնանում է։
  • Ինչո՞ւ եմ ես այսպիսի գրառումներ անում։ Որ տղաս կարդա՞։ Հազիվ թե դրանք նրան օգուտ տան։ Հավանաբար ես գրում եմ իմ լեզվով գրած լինելու համար։
  • Սովորել, թե որ հարցերն են անպատասխանելի և չպատասխանել դրանք․ այս հմտությունը ամենապահանջվածն է բեռի և խավարի ժամանակներում։
  • Նրանք եզների նման անսեռ էին։ Նրանք առանց ամոթի էին և առանց ցանկության, ինչպես հրեշտակները։ Բայց առանց ամոթի և առանց ցանկության լինելը մարդկային չէ։
  • Ընկեր։ Ի՞նչ է ընկերը մի աշխարհում, որտեղ ցանկացած ընկեր լուսնի նոր փուլի ժամանակ կարող է սիրեկան դառնալ։ Ոչ ես՝ իմ առնականության մեջ փակվածը, ես ընկեր չեմ ոչ Թերեմ Հարթին, ոչ էլ նրա ռասայից մեկ ուրիշին։ Ոչ տղամարդ են, ոչ կին, ոչ էլ երկուսը միաժամանակ, ցիկլային, լուսնային, ձեռքի հպումից փոխակերպվելով, օրորոցում հափշտակվածին փոխարինողներ են նրանք, ո՛չ իմ տեսակից։ Մենք ընկերներ չենք, մեր միջև սեր չկա։
  • Այը մտածում էր, որոշ ժամանակ անց ասաց․
-Դու առանձին ես և ամբողջական։ Հավանաբար դու նույնքան համակված ես քո ամբողջականությամբ, որքան մենք՝ մեր դուալիզմով։
- Մենք էլ ենք դուալիստ։ Դուալիզմը էական է, չէ՞։ Քանի դեռ կան ինքս-ը և մնացածը։
- Ես և Թոուն,- ասաց նա։- Այո, դա, այնուհանդերձ, սեռից էլ լայն ընդգրկում ունի․․․
-Ասա, ձեր տեսակի մյուս սեռը ինչպե՞ս է տարբերվում ձեզնից։
Նա ցնցված էր, և իրականում իմ հարցը ինձ էլ զարմացրեց․ կեմմերն էր այս անմիջականությունը ջրի երես հանում։ Մենք երկուսս էլ ամոթխածություն էինք զգում։
- Ես երբեք չեմ մտածել այդ մասին,- ասաց նա։ «Դու երբեք կին չես տեսել»։ Նա Երկրի լեզվով ասաց այդ բառը, ես դա գիտեի։
-Ես տեսել եմ քո մոտի նրանց նկարները։ Կանայք հղի գաթենացիների նման են, միայն թե մեծ ստինքներով։ Նրանք քո սեռից շա՞տ են տարբերվում մտային գործունեությամբ։ Նրանք ոնց որ ուրի՞շ տեսակ լինեն։
-Չէ։ Հա։ Չէ, իհարկե չէ, իրականում չէ։ Բայց տարբերությունը շատ կարևոր է։ Իմ կարծիքով ամենակարևոր բանը, կյանքի ամենածանրակշիռ գործոնը այն է, որ տղամարդ ես ծնվում թե կին։ Հասարակությունների մեծ մասում դա է որոշում ակնկալիքները, գործունեությունը, աշխարհայացքը, էթիկան, վարքը, համարյա ամեն ինչ։ Բառապաշարը։ Նշանային կիրառությունները։ Հագուկապը։ Նույնիսկ ուտելիքը։ Կանայք․․․ կանայք ավելի քիչ ուտելու են հակված․․․ Ահավոր դժվար է տարանջատել ի ծնե տարբերությունները սովորածներից։ Նույնիսկ եթե կանայք տղամարդկանց հավասար մասնակցում են հասարակությանը, երեխան դեռ նրանց միջոցով է ծնվում, և երեխայի խնամքն էլ․․․
-Հավասասարությունը ուրեմն ընդհանուր կանոն չէ՞։ Նրանց բանականությունը ցա՞ծր է։
-Ես չգիտեմ։ Նրանք այնքան էլ հաճախ չեն դառնում մաթեմատիկոսներ, կամ երաժշտություն հորինողներ, կամ գյուտարարներ, կամ աբստրակտ մտածողներ։ Բայց պատճառն այն չէ, որ նրանք հիմար են։ Ֆիզիկապես նրանք պակաս մկանուտ են, բայց մի քիչ ավելի դիմացկուն են, քան տղամարդիկ։ Հոգեբանորեն․․․
Հետո նա նայեց առկայծող վառարանին, ապա ցնցեց գլուխը։
-Հարթ,- ասաց նա։- Ես չեմ կարող ասել, թե կանայք ինչի նման են։ Գիտե՞ս, ես երբեք այդ մասին շատ չեմ մտածել վերացականորեն, Տեր Աստված, հիմա արդեն գործնականում մոռացել եմ։ Ես երկու տարի է՝ այստեղ եմ․․․ Դու չգիտես։ Որոշ իմաստվ կանայք ավելի օտար են ինձ, քան դու։ Քո հետ գոնե ընդհանուր սեռ ունեմ, այսպես թե այնպես․․․- Նա հայացքը փախցրեց և ծիծաղեց․ տխուր և շփոթված։ Իմ զգացմունքներն էլ խառն էին, և մենք թողեցինք թեման։
  • Սկզբում արևն էր և սառույցը, և ստվեր չկար։ Վերջում, երբ ավարտված կլինենք, արևը կկլանի իրեն և ստվերը կուտի լույսը, և ոչինչ չի մնա՝ սառույցից և խավարից բացի։
  • Ապա ես նորից և մեկընդմիշտ տեսա, ինչը վախենում էի տեսնել, և ձևացնում էի, թե չեմ տեսնում նրա մեջ․ որ նա ինչպես որ տղամարդ է, այնպես էլ կին է։ Այդ վախը բացատրելու անհրաժեշտությունը վերացավ վախի հետ, ինչ որ մնաց իմ մեջ, վերջապես, նրան ընդունելն էր այնպես, ինչպես որ կա։ Մինչ այդ ես ժխտում էի նրան, մերժում էի նրան իր իսկ իսկությունը։ Նա միանգամայն ճիշտ էր, ասելով, որ ինքը՝ միակ մարդը Գեթենում, որ վստահում է ինձ, միակ գեթենացին էր, որին ես չէի վստահում։ Որովհետև նա միակն էր, որ ինձ ամբողջապես ընդունեց որպես մարդ արարած, որ անձնապես հավանեց ինձ և ինձ տվեց լրիվ անհատական հավատարմություն, և որ այդ պատճառով պահանջում էր ինձնից հավասարարժեք ճանաչում, ընդունում։ Իսկ ես չէի ուզում դա տալ։ Ես վախենում էի տալ։ Ես չէի ուզում իմ վստահությունը, իմ ընկերությունը տալ մի տղամարդու, ով կին էր, մի կնոջ, ով տղամարդ էր։
  • Դրա համար ինձ թվաց, կարծում եմ՝ նրան էլ, որ այժմ ճանաչված և հասկացված, բայց չբավարարված մեր սեռական լարվածությունից էր, որ ընկերության մեծ և հանկարծակի համոզվածությունը աճեց․ ընկերություն, որի կարիքը երկուսս էլ այնքան ունեինք մեր աքսորում, և որը արդեն հաստատվել էր մեր դառը ճամփորդության գիշերների ու ցերեկների ընթացքում, որը կարելի էր նաև ասել, հիմիկվանից սկսած, սեր էր։ Սակայն դա մեր տարբերությունից էր, ոչ թե հարազատությունից և նմանությունից, այլ տարբերությունից էր, որ սերը եկավ․ և դա ինքին կամուրջ էր, մեզ բաժանող միակ կամուրջը։ Մեզ համար սեքսուալ հանդիպումը կնշանակեր ևս մեկ անգամ որպես օտարներ հանդիպելը։ Մենք իրար հպվեցինք միակ հնարավոր ձևով, որ կարող էինք հպվել։ Դրանով ավարտեցինք։ Չգիտեմ՝ ճի՞շտ էինք։
  • Վերջիվերջո, երկու մարդկանց խորը սերը ներառում է խոր վիրավորանք հասցնելու ներզորությունը և հնարավորությունը։
  • Տարօրինակ է, որ ցերեկային լույսը բավարար չէ․քայլելու համար մենք ստվերի կարիք ունենք։
  • Եվ ես զարմացա, ոչ առաջին անգամ, թե ինչ է հայրենասիրությունը, ինչից է իրականում կազմված երկրի հանդեպ սերը, ինչպես է առաջանում այդ բուռն հավատարմությունը, որից դողում է ընկերոջս ձայնը, և ինչպես կարող է այդքան իրական սերը շատ հաճախ դառնալ այդան հիմար և զզվելի մոլեռանդ։ Ո՞նց է լինում, որ սխալ է լինում։
  • Մտքիցս թռել էր, երբ այս մարդկանց հետ խոսում էի ինքնասպանության արհարմարհելիության մասին։ Դա նրանց համար ընտրություն չէ, ինչպես մեզ համար է։ Դա հրաժարում է ընտրությունից, դավաճանություն ինքն իրեն։ Մեր պատվիրանները կարդացող կարհիդեցու համար Հուդայի հանցագործությունը ոչ թե դավաճանությունն է Քրիստոսին, այլ նրա այն արարքը, որ, հուսահատությամբ մեկուսանալով, ժխտեց ներումի, փոփոխության, կյանքի հնարավորությունը՝ ինքնասպանությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել


Աղբյուրներ

խմբագրել
  • Ursula K. Le Guin, The left hand of darkness, Ace Book, 1976․