Ծաղրասարյակ սպանելը (վեպ)
«Ծաղրասարյակ սպանելը» (անգլ.՝ To Kill a Mockingbird, վերնագրի՝ հայերեն այլ թարգմանությամբ «Սարյակ մի սպանիր...»), ամերիկացի գրող Հարփըր Լիի վեպ որը հրատարակվել է 1960 թվականին։ Այն միանգամից մեծ հաջողություն է ունեցել և 1961 թվականին արժանացել Պուլիտցերյան մրցանակի։ Համարվում է ամերիկյան գրականության լավագույն ստեղծագործություններից մեկը, ներառված է ամերիկյան դպրոցների կրթական ծրագրերում։ Սյուժեն և կերպարները հիմնված են հեղինակի ընտանիքի և նրա հարևանների կյանքի հիշատակումների վրա, ինչպես նաև այն իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել 1936 թվականին նրա ծննդավայրում, երբ նա 10 տարեկան էր։
Քաղվածքներ
խմբագրել- Իրավաբանները, հավանաբար, նույնպես մի ժամանակ մանուկ են եղել:
- Չարլզ Լեմ
- Կան մարդիկ, որ մեզ պես չեն ուտում, բայց երբ մեզ պես չեն ուտում, իրավունք չունես սեղանի շուրջը ծաղրելու նրանց։ Այդ տղան քո հյուրն է և եթե նույնիսկ սփռոցն է ծամում, թող անի՝ ինչ ուզում է, հասկացա՞ր։
- – Հյուր չէ, Քա՛լ, պարզապես Քանինգհամ է...
- – Ջայնդ կտրի՛ր։ Կապ չունի, թե ով է, ցանկացած մարդ, որ ոտքը քո տան շեմքից ներս է դնում, քո հյուրն է, և այլևս չտեսնե՛մ, որ վերևից նայես ուրիշներին՝ իբր վերի արտի ցորենն ես։
- Առաջին հերթին,– ասաց,– եթե կարողանաս մի պարզ հնարք յուրացնել, Սրաչո՛ւկ, շատ ավելի հեշտ լեզու կգտնես երեխաների ու մեծահասակների հետ։ Մարդկանց անհնար է ինչպես հարկն է հասկանալ, մինչև իրերը նրանց տեսանկյունից չքննես... մինչև նրանց կաշվի մեջ չմտնես և այդ ձևով չմոտենաս հարցերին։
- Պարոն Էյվըրին ասաց, թե Ռոզեթյան քարի վրա գրված է, որ երբ երեխաները չեն լսում ծնողներին, ծխում են և կռվում են իրար հետ, տարվա եղանակները խառնվում են։
- Յուրաքանչյուր փաստաբան կյանքում առնվազն մեկ գործ է վարում, որն անչափ կարևոր է իր համար։
- Ծաղրասայրակն ամենաանմեղ թռչունն է, նա միայն երգում է՝ ուրախացնելով մեզ։ Մարդկանց այգիներում ոչինչ չի կտցահարում, ամբարներում բույն չի դնում և արածն էլ սոսկ մեզ համար սրտագին երգելն է։ Ահա թե ինչու ծաղրասայրակ սպանելը մեղք է։
- Ողջամիտ մարդիկ սեփական տաղանդով չեն հպարտանում։
- Որպեսզի կարողանամ հաշտ ապրել մարդկանց հետ նախ և առաջ հաշտ պետք է լինեմ ինքս ինձ հետ։ Եվ միակ բանը, որ չի համակերպվում մեծամասնության օրենքի հետ, մարդու խիղճն է։
- Իհարկե նեգրասեր եմ։ Ես աշխատում եմ բոլոր մարդկանց սիրել...
- Պետք չէ վիրավորվել, երբ ինչ-որ մեկը քեզ այնպիսի անուն է տալիս, որն իր կարծիքով վատ բան է։ Դա սոսկ նրա խեղճությունն ու ճղճիմությունն է ցույց տալիս և քեզ չի վնասում։
- Ուզում էի, որ տեսնես, թե իրական խիզախությունը որն է, ոչ թե մտածես՝ խիզախությունը զենքը ձեռքին տղամարդն է։ Խիզախությունն այն է, որ նախքան ինչ-որ բան սկսելը գիտես, որ տանուլ ես տալու, բայց և այնպես պայքարում ես և ոչինչ հաշվի չառնելով՝ գնում ես մինչև վերջ։ Իհարկե, հազվադեպ ես հաղթում, բայց այնուամենայնիվ երբեմն հաղթում ես։
- Մարդկանց դուր չի գալիս, երբ իրենց կողքն այնպիսի մեկը կա, որ իրենցից շատ բան գիտի։ Դա գրգռում է նրանց։
- Մեծերն իրենց բոլոր ասածները չեն անում, հազիվ կեսը...
- Կյանքը դեռևս չի կարողացել մեկի բնազդների հախից գա։ Երբ մեծանա, այլևս իրեն վատ չի զգա ու լաց չի լինի։ Գուցե որոշ բաներ կհուզեն նրան, ասենք՝ որոշ անարդարություններ, բայց լաց չի լինի. շատ չի մնացել, մի քանի տարի։
- Իմ կարծիքով մարդու ընդամենը մի տեսակ կա։ Մա՛րդ։
- – Ես էլ էի այդպես մտածում, երբ քո տարիքին էի։ Եթե մարդու մի տեսակ կա, ինչո՞ւ իրար հետ համերաշխ չեն։ Եթե բոլորն իրար նման են, ինչո՞ւ են հանկարծ փոխվում և սկսում արհամարհել իրար։ Սրաչո՛ւկ, ինձ թվում է՝ սկսում եմ որոշ բաներ հասկանալ։ Կարծես արդեն գլխի եմ ընկնում, թե ինչու է Բոբո Ռադլին այսքան ժամանակ տանը փակված մնում... որովհետև չի ուզում մարդկանց մեջ դուրս գալ։
- Մարդկանց մեծ մասը լավն է, Սրաչո՛ւկ, երբ վերջիվերջո ճանաչում ես նրանց։
Աղբյուրներ
խմբագրել- Հարփըր Լի, Ծաղրասայրակ սպանելը, Երևան, «Զանգակ» հրատարակչություն, 2021։