Ծիրանի փողը
«Ծիրանի փողը», Ակսել Բակունցի պատմվածքներից, որ գրվել է 1931 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Ես թերթում եմ ուղեգրությունների իմ տետրը և նրա էջերի արանքում գտնում եմ սուսամբարի երկու տերև՝ չոր ու գորշ, ինչպես հանգած մոխիր։ Կռանում եմ թղթի վրա, ռունգերս լայնանում են սուսամբարի հոտից, ու դողալով թերթում եմ տետրը...
- Ազնո, Ազնիվ... Երբ հիմա թերթում եմ իմ ուղեգրությունների տետրը, որի էջերի արանքում գտնում եմ չորացած ծաղիկներ և սուսամբարի տերևներ, ես երկա՜ր, երկար նայում եմ դաշտային թիթեռնիկի թևին, որի ոսկեփոշին փայլում է, ինչպես այն օրը, երբ մարգագետնի վրա թիթեռը ծծում էր ջրախոտի ծաղիկները։ Թիթեռնիկի թևի վրա ես կարդամ եմ՝ «Ազնո»... Եվ մտածում եմ, որ Ազնոն հիմա դպրոց է գնում և կտուրների վրա ջինջ ձայնով այլևս չի երգում.
Քանց լուսին ամպի տակով,
Դու ջուր կերթաս ջուխտ դորակով[1]։
- – Ազնո, աստված կա՞։
- – Հաբա, Աստված կանաչ ճնճղուկ է։
- – Հապա երկի՞նքը։
- – Երկինքը զինջիլով կապուկ է եզան կոտոշին։
- – Ազնո, որ մեծանաս ի՞նչ ես դառնալու։
- – Կեղնիմ օրիորդ։
- – Ինչ եղեր է չեղեր է, գացեր է։ Եղանք գոմշու կոտոշ, կպանք զիրար։ Սև թոն եկավ, արուն առուն ելավ։ Մըր փողպատ ազատինք Մոտկանա երկրեն, մըր Տալվորիկի հուղերեն։ Ախ ու փախ, գիշեր ցերեկ չփլախ[2], սոված ռութ[3]։ Լենինի լույս մեզ ազատության տվեց։ Մենակ մըր սահման նեղ է, շնորհիվ սահմանի նեղության, ժողովուրդ կնեղվի։ Մըր հողերի սահման ղըռ քար է։ Ժողովուրդի նեղության քարից է։ Մըր հողին լե կառավարության, մըր ջան լե...
- Նա պատմում էր, որ գյուղի երկու թայֆաները[4] ՝«բարակ» և «հաստ» թայֆան հետզհետե հաշտվում են, առաջանում է նոր սերունդ, որն իրեն չի համարում ոչ Մոտկանա երկրից և ոչ Տալվորիկից, այլ Ձյանբերդից։ Եվ որ ինքը և իրեն հասակակից մարդիկ դեռ հիշում են իրենց ձորերը և դուրանը[5], որտեղ խոտը բարձրանում էր մինչև կովի կուրծը, այնպես որ կովերը հորթ էին բերում խոտերի միջին, և կովի հետքով գտնում էին հորթին՝ խոտերի մեջ նստած։
- Նրա հայրենիքը եղել է քարոտ Սասունը, այդ խուլ երկրի ամենախուլ անկյունը, որտեղ ձորերը դառնում են կիրճեր և լեռների գագաթները՝ ապառաժներ։ Տաք կիրճերում, լեռնային վտակների ափերին, կանաչում էր վայրի խաղողը, և նրա որթը մագլցում էր պղնձագույն ժայռերի վրա։ Աճում էր և վայրի հոնը, երբեմն թուզը։ Իսկ բարձրերում, որտեղ քարափների վրա ցրված էին նրանց աղքատ գյուղակները, ցանում էին կորեկ և վաղահաս ցորեն։ Երբ հասնում է կորեկը, ձորերից բարձրանում էին գազանները։ Մարդիկ արտերի եզրին խարույկ էին վառում, որպեսզի արջերը չտրորեն կորեկը։
- Նրա մանկությունը խաղացել է այդ քարափների վրա։ Ինչպես Ֆավն[6], այդ պատանին փող է նվագել քարանձավների ստվերում, և նրա պարզ երգերին արձագանքել են ձորերը։ Երբեմն կարկուտն է ջարդել նրան, երբեմն քարերն են քերծել դեմքը, ցուրտը, և արևը խանձել են նրա կուրծքը, ինչպես լեռան լանջը։ Նա կռվել է գազանների հետ, և նրանց հետ, որոնք հրացանների կրակոցների աղմուկով քշում էին նախիրը, ոչխարը, առևանգում կին ու երեխա։
- Թվում էր, թե մինչև մահ կապրի այդ ժայռերի վրա, ինչպես իր պապերը, կցանի կորեկ, աշնանը կիջնի ձորերը, կհավաքի միրգ և ցախ, ձմեռը կլսի հին զրույցները՝ Ձենով Օհանի, Մսրա Մելիքի և Թլոր Մանուկի մասին։
- Նա հանեց ծիրանի փողը, այն կարմրավուն սրինգը, որի վրա նվագել էր կապույտ լեռների երգերը, և նրա մատներր խաղացին ծիրանի փողի վրա։ Հազրոն շոգից խանձված շրթունքներով գրկեց փողի բերանը, ինչպես Լեռնային գյուղերում ջուր են խմում կավե դորակներից։ Ջրի նման գլգլում էր նրա նվագը, լեռների երգը՝ շոգ հարթավայրում։
- Տղան տնից բերեց սրինգը, այն ծիրանի փողը, որ քիչ ավելի երկար էր մեր հովիվների սովորական սրինգից։ Նա կանգնեց կտուրի ծայրին, փողի բերանը դարձրեց դեպի գյուղի կողմը, և հետզհետե, ինչպես լուսաբացը լեռներում, զարթնեց «Յար խուշտան»։ Նա սկսեց դանդաղ և մեղմ, հետո ձայները զորացան, արագացավ չափը։ Հետո վայրենի կանչով վեր թռավ ջրբաժանը, կանգնեց կտուրի մեջտեղ, նրան հետևեց երկրորդը, երրորդը, և շուտով նրանց երկու շարքը, ինչպես երկու վիթխարի ապառաժ, զարնվեցին իրար՝ ձեռքերով, ծնկներով և կրծքով։ Նվագն ավելի թնդեց. դողում էին կտուրի գերանները, կարծես իրար վրա արշավում էին բանակներ։ Նրանց ձեռքերի հարվածը պողպատի ձայն էր հանում, և կայծեր էին թռչում նրանց բորբոքված աչքերից։
- Նվագում է, այս անգամ ոչ թե լեռնականների կորովի երգը, որից բորբոքվում է արյունը, – այլ հովվական պարզ մի երգ։ Կա և թախիծ այդ երգի մեջ, կարծես մեկը մոլորվել է խոր ձորերում և տխուր հեկեկում է, կա և ջինջ ուրախություն, երբ լեռների վրա ծագում է արևը, ելնում է ծուխը, մշակը գնում է աշխատանքի, վերջապես կան և կարոտի հնչյուններ՝ վերադարձի և վերջին հույսի։
- – Հազրո, իսկ ու՞մ կտաս քո ծիրանի փողը։
- – Զիմ փող կիտամ իմ քաջարծիվ թոռնիկին։
- Մի վիթխարի ծիրանի փող, առանց հին ահի և նոր խնդությամբ հնչեցնում է մեր արդար երգերը։