Հառաչանք
«Հառաչանք», Հովհաննես Թումանյանի պոեմներից, որ գրվել է 1890 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Ձորե՜ր, ա՜յ ձորեր, սև, լայնաբերան....
- Դուք էլ խոսեցե՜ք, դուք էլ պատմեցե՜ք
- Ձեր անդունդներով եկեք չափվեցե՜ք,
- Դուք է՞լ եք, տեսնեմ, էնքան մեծ ու խոր,
- Ինչքան իմ հոգու թախիծն ահավոր...[1]
- Աղքատ մարդիկ ենք, մեր ձորերի մեջ
- Անց ենք կացնում մեր սև-սև օրերը.
- Թե որքան ենք զուրկ, որքան ենք մենք խեղճ,
- Էդ հաստատ գիտե ինքը—միայն տերը[2]։
- Թե որ ձեռներս էլ մի բան է ընկնում,
- Չենք կարողանում բերան հասցընենք...
- Էսքան տանջվելով քրտինք ենք անում,
- Էլ էն սևերեսն, էլ էն սովածն ենք...[2]
- Ո՞վ է իմացել էսպես հրաշք բան։
- Էլ ի՞նչ թագավոր կամ էլ ի՞նչ իշխան,
- Որ կռիվ չանի, ուրիշին չըտիրի,
- Մարդ չըկոտորի, երկիր չավերի...[3]
- Բա մեռած հո չենք, ապրում ենք, էլի,
- Ամեն մեռնողի երանի տալով[3]։
- Մեր ապրուստն ի՞նչ է.— մի կտոր չոր հաց,
- Էն էլ հըրեն հա՜— երկընքից կախված։
- Մի մարդ որ նըրա երեսը պահի՝
- Նըրա ապրուստը ի՞նչ պետք է լինի...[3]
- Գողն էլ մի կըռնից, գելն էլ մյուս կըռնից,
- Աչքըդ թեքեցիր—բանիդ տերը չես.
- Քաշում են տանից, քաշում են դըռնից,
- Ու չես իմանում որ կողմը թըռչես[4]։
- Դարձել է աշխարքն, ա՛խպեր, առ ու փախ,
- Սերը դարձել սուր ու ջուրը—արին,
- Ոչ ամոթ ունի ուժեղը, ոչ վախ,
- Վայը եկել է տարել տըկարին[4]։
- Ո՞վ է մեղավոր... Միտք եմ անում, միտք,
- Ու չեմ հասկանում ով է մեղավոր։
- Հենց էն եմ տեսնում—մութն, անգետ մարդիկ,
- Էլ մենք ենք մեջտեղ տանջվում ամեն օր...[5]
- Ո՞վ է մեղավոր։ Միտք եմ անում, միտք,
- Ու չեմ հասկանում ով է մեղավոր.
- Բայց իմ կարճ խելքով էնքանն եմ տեսնում—
- Ապրիլ չի լինիլ էսպես ամեն օր[4]։
- Մինը իր կամքին՝ ինչ ասես անի,
- Մյուսը խոսելու իրավունք չունի.
- Ես չասեմ, դու հո կարդացող մարդ ես,
- Էն ո՞ր աստվածն է կարգ դըրել էսպես...[4]
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 179։
- ↑ 2,0 2,1 Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 181։
- ↑ 3,0 3,1 3,2 Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 183։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 184։
- ↑ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 185։