Միրհավ (պատմվածք)
«Միրհավ», Ակսել Բակունցի պատմվածքներից։
Քաղվածքներ
խմբագրել- Աշուն էր, պայծառ աշուն...
- Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերին այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։
- Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։
- Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։
- Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։
- Դռան ձայնին Դիլանը գլուխը դուրս հանեց։ Այգում ոչ ոք չկար։ Ու հանկարծ, երբ սիմինդրի մարգերում երևաց գլխի վառ կապույտ մանդիլը, ինքը պահվեց դռան հետևը։
- Կարծես հավք էր թաքնվել անտառի մթին խորշում։ Ապա վիզը երկարեց, ինչպես կաքավը դեղնած արտերում խշշյուն լսելուց, և մի ջահել կին դուրս եկավ սիմինդրի խիտ արտից։ Դուրս եկավ, ճոճեց բարակ մարմինը, որպես եղեգ և կաքավի մանր քայլերով սուրաց դեպի հնձանը։
- Սոնան էր. զառ մանդիլով նորահարսը, լույս ատամներով այն աղջիկը, որ որպես զրնգան ծիծաղում էր, երբ առվակի մեջ կախում էր սպիտակ սրունքները, իսկ դրացու տղան` Դիլանը, ջուր էր ցնցղում նրա ողկույզի պես գանգուր մազերին։
- Հարսը փափուկ քայլերով, ինչպես այծյամը ձյունի վրա, մոտեցավ հնձանին։ Դռան մոտ զրնգացին Սոնայի շալե շապիկի արծաթ սուրմաները և ներս մտավ, ինչպես միամիտ հավքը վանդակի բաց դռնով;
- Սոնան օձի պես կեռումեռ արեց, փորձեց ազատվել նրա բազուկների օղակից, կարոտով խնդրեց, խոստացավ։ Որպես եղեգ ճոճվեց նրա դալար մարմինը և մեջքը խոնարհեց... Անիմաստ մաքառումից հոգնած, հարսը սրտաբուխ նրան ընծայեց իր մարմինը՝ որպես անարատ զոհ։ Եվ նա ագահ համբուրեց հարսի կարմիր լար շրթունքը, անհագուրդ հիացավ ոսկեդեղձան հյուսերով, որ ծփում և խշշում էին լուսեղեն լանջի վրա։
- Նրանք մանկության ընկերներ էին և նրանց սերը ծնվել էր նույնքան աննկատ, ինչպես մի գիշերում բացվում է մուգ մանիշակը։ Առուների ափին, այգիներում, դաշտերից խուրձ կրելիս, ամառվա լուսնյակ գիշերներին խոտի դեզի մոտ, ամեն տեղից այդ սերը ծիծեռնակի պես ճռվողում էր, մինչև հասունացան նրանք, և մի օր էլ մեծատուն հարևանի շեմքով ներս մտավ Սոնան, հարսի քողը երեսին, արցունքից կարմրած աչքերը՝ պայծառ, որպես լեռնային ծովակ։
- Ինչո՞ւ եկավ այգին, արդյոք Սոնան մանկության առվակի ջրե՞րն էր կարոտել, թե՞ պատահմամբ մոտեցավ հնձանի դռնակին՝ մտածելով, որ ներսն էլ ամայի է, ինչպես այգում։ Դիլան դային մինչև վերջ չիմացավ այդ։
- Մի անգամ էլ Սոնան խնդրեց, որ միասին նստեն։ Ու մի ձին հետևից քաշեցին։ Առջևը Սոնան էր նստել, հետևում՝ ինքը։ Մի ձեռով սանձն էր պահում, մյուսով գրկել էր նրա բարակ մարմինը։ Աղջկա ծամերը քսվում էին նրա երեսին։
- Իսկ մյուս առավոտը, երբ այդ քարին հասան, և ինքը առաջարկեց նորից միասին մի ձի նստեն, Սոնան հայտնեց, որ մայրը հանդիմանել է իրեն և խստիվ պատվիրել առանձին նստելու։
- ― Ինչո՞ւ։
- ― Ամոթ է,― ասաց աղջիկը արդար ժպիտով։
- Լինե՜ր, այնպես լիներ, որ ինքը հնձվոր լիներ, նրանց արտը հնձեր, Սոնան հաց բերեր իրեն, շապիկը քրտներ և քրտնած նստեր կողքին։
- Զգույշ է միրհավը, դժվար է նրան խփել։ Երբեմն այնքան մոտ է գալիս, ահա ուզում ես կրակել, բայց մի թեթև խշշոցից, նույնիսկ որսորդի խոր շնչառությունից, բացում է թևերը, թռչում է գնդակից արագ, ծղրտում, պտույտներ անում թանձր սաղարթի վրա և անձայն իջնում մի ուրիշ տեղ։ Զգույշ է միրհավը, քուջուջ անելիս ձգում է վիզը, աջ ու ձախ կռանում և ապա նորից երկարում վիզը, չորս կողմը նայում։
- Նշան բռնեց։ Երբ քարը կայծ տվավ և կայծից բռնկվեց վառոդը, հրացանի փողից բոց ու մուխ ելավ, ձորերը որոտացին ահավոր արձագանքով, ձորից թռան միրհավները՝ թևերը լայն, փափուկ բմբուլով, թևերը փռած աշնան արևի ոսկե շողերի տակ։
- Միայն մեկը թփրտաց, մամռոտ քարից վայր ընկավ թփուտների մեջ։
- Դիլան դային վազեց և վազելիս նկատեց, որ մի սպիտակ շուն լեզու հանած, ցատկեց թփուտների կողմը։
- Որսկան շան շունչն ու Դիլան դայու ձեռները միասին ձգվեցին դեպի արնոտ միրհավը։
- Նրա մատները դիպան դեղին բմբուլներին, բայց վիրավոր միրհավը հանկարծ թևին տվեց, թռավ վեր։ Երկու փետուր օրորվելով վայր ընկան, աշնան դեղին տերևների նման։
- ...Արևը խաղում էր մայրամուտի ամպերի հետ։ Անտառում լռություն էր։ Միրհավը թռել էր հեռու... Մամռոտ քարի վրա երկու փետուր էր ընկած, դեղնագույն-սև պուտերով, իսկ թփի չոր ճյուղերին՝ արյան կաթիլներ։
- Այդ աշնան հանջորդ ամառը Սոնան մեռավ երեխայի վրա և լաց լացին նրա մայրը, ամուսինը, բարեկամները։ Ուրիշ աղջիկ գնաց նրա տեղը, Դիլան դային էլ կին առավ, բայց հիշողության մեջ հավիտյան անջինջ մնաց Սոնան, հնձանը, լաջվարդ շապիկը, արծաթե սուրմաները։
- Միրհավ կար անտառում, թռավ արնակոլոլ, երկու փետուր թողեց փափուկ մամուռների վրա։ Միրհավի պես էր Սոնան, աչքերը խաղողի սև հատիկներ,― տարիներ առաջ, մի արևոտ աշնան, երբ իր ջլուտ ոտները պղնձաքարի ծանրությամբ ճմլում էին խաղողը և անապակ գինին շիթ առ շիթ ծորում էր մատների արանքով...
- Միրհավի պես թռավ Սոնան, հետքից թողեց տխրություն և դառնաթախիծ հուշեր։
Ստեղծագործության մասին
խմբագրել- «Միրհավ» նովելը ես առանց երկմտելու կդասեի Մոպասանի նմանօրինակ պատմվածքների շարքը։ Ինչի՞ց է հյուսված այս նովելը. ծիրանի ծառերի միջից սողոսկող արևի լույսից, խաղողի հյութի բույրից, որ գալիս է այգու խորքում ծածկված հնձանից, որտեղ աշխատում է երիտասարդը։ Զարմանալի ողջախոհությամբ է վերարտադրված այն տղամարդու տվայտանքը, որը, արդեն իր կյանքի մայրամուտին, սպանված միրհավի մեջ զգում է ջերմությունն այն աղջկա, որը մի ժամանակ՝ երիտասարդության օրերին, անձնատուր է եղել իրեն ու ընդմիշտ մնացել իր հիշողության մեջ[1]։
- Կ. Զելինսկի
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 99։