Չարենց-նամե (հուշագրություն)
«Չարենց-նամե», Գուրգեն Մահարու հուշագրությունը, որտեղ ամփոփված են հեղինակի հուշերը Եղիշե Չարենցի մասին։
Քաղվածքներ
խմբագրել- Այդ զարմանալի մարդն ավելի զգացմունքներով էր ապրում, քան գիտակցությամբ, նա իրեն պահում էչ չափազանց հասարակ, հասարակ և՛ իր աշխատավայրում, և՛ փողոցում, և՛ երրորդական անհրապույր ճաշարաններում[1]
- (Ե. Չարենց) -Տեսնես մեզնից ո՞վ ավելի շուտ կմեռնի, հը՞մ...
- -Այդ մասի՞ն էիր մտածում,- զարմացավ Ակսելը։ Իմ պապը 98 տարի է ապրել, իսկ հայրս մինչև հիմա ատամներով է ընկույզ ջարդում։
- Ակնհայտ չարությամբ հարցրեց.
- -Ուզում ես ասել, որ դու հարիր տարի՞ պիտի ապրես...
- Ժպտաց իր խորամանկ ժպիտով. հետո մերկացրեց աջ ձեռքը մինչև արմունկը, մերկ արմունկով մի քանի անգամ խփեց սեղանին` ապացուցելու համար ուժը, բացականչեց.
- -Տո՛, փճացածնե՛ր, բնությունը ինձ ուժ է տվել, ու՛ժ, ես հազար տարի պիտի ապրեմ...[2]
- Ինչու՞ այդպես գրեց «Երկիր Նաիրի»-ն։
- -Ինչու՞ այդպես գրեցիր «Երկիր Նաիրի»-ն։
- -Այդպես գրվեց, ես մեղավոր չեմ[3]։
- ...Սայաթ-Նովայի գերեզմանի մոտ։
- Ի՞նչ պոետ, ի՞նչ աշուղ... մեծությու՛ն է, մի զարմանալի երևույթ։
Հիդս խոսի, մի մնա խռովի պես,
Դարղա տվիր. գյամիս տարար ծովի պես...
Կմեռնիմ, չիս տեսնի Սայաթ-Նովի պես...
- -Դա՜... համ գրել է, համ եղանակ սարքել, համ երգել, համ նվագել։ Ուդիվիտելնի քանքար է եղել։ Գնա՛նք. «Կմեռնիմ, չիս տեսնի Սայաթ-Նովի պես...»: Չենք էլ տեսնի[4]։
- -Ոչ մի տեղ ինձ էնպես հանգիստ չեմ զգում, որքան գերեզմանոցում։ Մի վերին իմաստություն է իջնում վրա։ Մտածում եմ, ո՛ր վերջը էս է ու մի տեսակ խաղաղվում եմ[5]։
- -Ինչու՞ համար գերեզմանոցում չես կարող բարձր խոսել. ա՛յ, ես ու դու համարյա շշուկով ենք խոսում։ Թումանյանի՞ց ենք վախենում, թե Րաֆֆու՞ց։ Փորձիր մի գոռալ... Հազար թուման տան՝ չեմ կարա գոռալ... Ա՛յ տղա, ո՞վ հնարեց այս մահը[6]։
- Ղարսում Աբգար աղեն թե՝ արի դուքան, գործ կա... թե՝ գրող ես ուզում դառնալ, քո գործն է, բայց դե՝ մի բանով պիտի օգնե՞ս հորդ...
- -Ա՛ռ էս 500 չախուն[7], տար Թիֆլիս, ծախի ու փողերը բե. տեղս նեղ է. էս էլ քեզ ճամփի ծախս ու խաչջլուխ...
- Եկա, էն տունն իջա, մի պուճուր սենյակ վարձեցի... Չախուները ծախեցի...
- ....-Չախուների փո՞ղը...
- -Ի՞նչ չախուների փող... Հա՛, չախուների փողով «Ծիածան» տպեցի... Աբգար աղի հետ` քվիթ...[8]:
- Ձեզ համար ի՞նչ, հեղափոխությունն ընդունեցիք դատարկ գլխով, ու գնում եք գլուխներդ ցից... Իսկ ես, ես Բրյուսովից եմ գալիս, Բալմոնտից ու Բլոկից, Սերյոժա Եսենինից ու Մայակովսկուց... Ձեզ համար ի՞նչ, դուք եք ու ձոր չոր գլուխը։ Ես Վերհարնից եմ գալի՜ս ու Վերլենից։ Արտուր Ռեմբոյի անունը լսած կա՞ս, Մաքսիմիլիան Վոլոշինի անունը լսած կա՞ս... Ձեզ համար կյանքը սապնած շոսսեի պես մի բան է, սղղալով գնում եք։ Ֆրանսիական բանաստեղծ Ֆրանսուա Վիյոնի մասին գիտե՞ս, երկու անգամ բանտ է նստել...[9]։
- -Այ տղա, ե՞րբ պիտի Թումանյանի նման մարդ դառնանք, լրջանանք, ծերանանք, հյուրեր, այցելուներ ընդունենք... Եվ ընդհանրապես, ե՞րբ պիտի մարդ դառնանք[10]։
- -Լավ, ե՞ս եմ մեծ, թե՞ Վշտունին։
- Որպես թե մտածում եմ։
- -Նայած... մոտեցման։
- Չդիմացավ, բարկացավ։
- -Փչացած, որ բանն այդտեղ հասավ` ես Տերյանից էլ մեծ եմ...[11]:
- Դժգոհում էր հորից՝ «Աբգար աղայից» ամեն անգամ, երբ հայելուն էր նայում։
- -Էս ի՞նչ բիչիմ[12] տվեց ինձ։
- -Կանայք ինձնից վախենում են։ Ես ինչ ասեմ` Աբգար աղին ասեմ։ Այ թե Վշտունու բոյ-բուսաթը կունենայի՜[13]:
- -Այ տղա, մի հայ գրող էլ չմեռավ, որ տեսնեինք ոնց են թաղում...[14]։
- ՎԵՐՋԵՐԳ
- ...Եվ գնում ես մինչև հիմա իմ ուղեղում ու հոգում, ուղեղիս փշերի ու հոգուս ծաղիկների վրայով, դու, մե՛ծ երգիչ, մեծ ու ահավոր մեր դարի, դու տարերայի՛ն, անհանգիստ ու ալեկո՛ծ վեհություն, պայծա՛ռ զավակ իմ ժողովրդի, մեծ ուխտի կարմի՛ր ուխտավոր, դու նահատա՛կ ու մարտիրո՛ս, ընկե՛ր հերոսական ու ազնի՛վ ուսուցիչ Եղիշե Չարենց...[15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գուրգեն Մահարի, Չարենց-նամե, Երևան, 2012, էջ 48։
- ↑ Գուրգեն Մահարի, Չարենց-նամե, Երևան, 2012, էջ 50։
- ↑ Գուրգեն Մահարի, Չարենց-նամե, Երևան, 2012, էջ 55:
- ↑ Գուրգեն Մահարի, Չարենց-նամե, Երևան, 2012, էջ 61:
- ↑ Գուրգեն Մահարի, Չարենց-նամե, Երևան, 2012, էջ 62։
- ↑ Գուրգեն Մահարի, Չարենց-նամե, Երևան, 2012, էջ 64։
- ↑ Փոքր դանակ
- ↑ Գուրգեն Մահարի, Չարենց-նամե, Երևան, 2012, էջ 70։
- ↑ Գուրգեն Մահարի, Չարենց-նամե, Երևան, 2012, էջ 94։
- ↑ Գուրգեն Մահարի, Չարենց-նամե, Երևան, 2012, էջ 108։
- ↑ Գուրգեն Մահարի, Չարենց-նամե, Երևան, 2012, էջ 114։
- ↑ Տեսք (թուրք.)
- ↑ Գուրգեն Մահարի, Չարենց-նամե, Երևան, 2012, էջ 116։
- ↑ Գուրգեն Մահարի, Չարենց-նամե, Երևան, 2012, էջ 119։
- ↑ Գուրգեն Մահարի, Չարենց-նամե, Երևան, 2012, էջ 136։