Ռոբերտ Էլիբեկյան

հայ նկարիչ

Ռոբերտ Վաղարշակի Էլիբեկյան (ապրիլի 21, 1941, Թբիլիսի), գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977), ՀՀ ժողովրդական նկարիչ (2008)։

Քաղվածքներ

խմբագրել
  • Ժամանակները փոխվում են, այո, բայց հետաքրքիրն այն է, որ ինձ համար հին ու նոր հասկացություններ չկան։ 19-րդ, 20-րդ, 21-րդ դար. նույնն են։ Տարեթվեր են միայն։ Տարանջատել պետք չէ։ Ժամանակը երբեմն շոշափելի է այնքան, որ թվում է, թե մարդկության գոյության ողջ ընթացքը կարելի է նույն հարթության վրա դիտարկել։ Առաջնայինը, ի վերջո, «ո՞վ է արել և ինչպե՞ս» հարցն է։ Տարեթվերը այս հարցի ու մեծ իրադարձությունների համեմատ ոչինչ են։ Այսօրվա դիտակետից հիմնարար հարցեր քննարկելիս տարեթվերը ջնջվում են , մոռացվում, որովհետև ժամանակը չէ, որ հետաքրքիր է, այլ դրդապատճառները այս կամ այն նշանակալից դեպքերի, որոնք կոչվել ու կոչվում են պատմական[1]։
  • Վարպետության հասնելու ճանապարհն անվերջանալի է։ Չկա մի եզրագիծ կամ որոշակի սահման, որին պիտի հասնես ու ասես` ահա սա է։ Անկարելի է։ Վարպետության ճանապարհը դադար չառնելու պահանջ է դնում։ Միայն այդպես կարող ես նպատակիդ հասնել։ Ի՞նչն է պատճառը, որ ամեն օր գալիս եմ արվեստանոց։ Նկարում եմ, թե ոչ` այնքան էլ էական չէ։ Տասնյակ տարիներ արդեն այս ռիթմով եմ ապրում։ Ուրեմն գաղտնի մի ուժ կա, որը ձգում, բերում է ինձ այն տարածքը, որ արվեստանոց է կոչվում։ Մի տեղ, որի կենտրոնում կտավով ձգված չորս նկարակալ ինձ են սպասում։ Տասնամյակներ են անցել, բայց ինքս ինձ համար դեռ չեմ պարզել, թե ում թելադրանքով եմ գալիս այստեղ։ Գաղտնիք է, որը կարծես թե մինչև վերջ էլ մնալու է անբացատրելի։ Իսկ գուցե ոչ, չգիտեմ...[1]

Մեջբերումներ Ռոբերտ Էլիբեկյանի մասին

խմբագրել
  • Ստեղծագործական կյանքի բոլոր փուլերում Ռոբերտ Էլիբեկյանը հարազատ է մնում իր գեղագիտական սկզբունքներին` երևակայությունն ու գունապաշտությունը միահյուսելով խաղի ու թատերայնության հնարամիջոցներին` զերծ պահելով իր արվեստը առօրյա սոցիոլոգիզմից և գրապատմողական «շարադրանքից[2]։
Պողոս Հայթայան
  • «Էլիբեկյանի ստեղծագործությունները առինքնող են իրենց ներքին լույսով, որ ճառագում ու տարածվում է կտավի ամբողջ մակերեսով։ Դրանցում առկա էներգիան, կարծես թրթռում է և ձևափոխվում` դիտման յուրաքանչյուր անկյան ու կետի հետ։ Կտավների էլեգիական տրամադրվածությունը միաձուլվում է իր մաքրությամբ և նրբագեղությամբ գերող շարժումի հետ։ Ռոբերտ Էլիբեկյանի կտաները պարուրված են խորհրդատվության քողով, որը, սակայն, չի արտահայտվում պատմողական համեմունքներով ողոված, հետաքրքրությունը գրգոռ սյուժեներով։ Այդ խորհրդատվությունը կայանում է հենց տեսարանայնության մթնոլորտում։ Նրա ամբողջ ստեղծագործությունը ներկայանում է որպես բազմաթիվ արարներով, անվերջանալի և շլացուցիչ ներկայացում-հեքիաթ`գունեղ բուֆոնդայով և գործող անձանց կախարդանքով։ Ուրախությամբ պետք է նկատեմ, որ Էլիբեկյանը չի տառապում խոսքաշատության մարմաջով և չի փորձում մեկ կտավի մեջ արտահայտել բոլոր նվիրական գաղտնիքները։ Դա է պատճառը, որ նրա ոճի անաղարտությունը անթերի է»։
Հենրիկ Իգիթյան
  • Դուք փորձե՞լ եք մտնել Ռոբերտ Էլիբեկյանի կտավների մեջ, տեղավորվել նրա ստեղծած իրականությունում... Ոչ թե դիտել, ոչ թե մակերեսը գնահատել, այլ ապրել նրանց մեջ... Եվ դուք Ձեզ կզգաք այն երկրում, որ շարունակաբար կրում եք Ձեր մեջ երկչոտ համեստությամբ։ Էլիբեկյանը ինձ ևս հնարավորություն է տալիս ապրել իր ստեղծած աշխարհում, որ մեր խորքերում պահված հարազատ միջավայրն է, մտնել նրա փողոցները, զրուցել նրա ասպետների հետ, ուրախանալ նրա ժպիտների զվարժանքով, մտնել նրա դեցուհիների շուրջպարի մեջ, շնչել նրա թափանցիկ օդը, պերճանալ նրա գունագեղությամբ, ապրել նրա Հայաստանում[1]։
Աղասի Այվազյան
  • «Երեսուն տարի է հետևում եմ իր նկարներուն, ըլլա Հայաստանի հողի վրա, ըլլա ուրիշ երկրներու զուզահանդեսներուն մեջ, տպագրված գիրքերում մեջ ես Ռոպերտ Էլիբեկյանի նկարներու նման ուրիշ նկարիչներու գործեր չեմ տեսել։ Ռոպերտը ինքնատիպ նկարիչ է։ Այս արդեն մեր վարպետին մեծ արժանիքն է և հարստությունը` մեր ազգային մշակույթին։ Սկսելով ամենափոքր գծանկարեն, ջրաներկեր, գուաշներ, մինչև պատի վրա նկարված հսկա նկարները, բեմի ձևավորումները, Ռոպերտ Էլիբեկյանը մեզի ներկայանում է իբրև գեղեցիկ գույներու և կոմպոզիցիաներու մեծ վարպետ։
Հակոբ Հակոբյան

Ծանոթագրություններ

խմբագրել


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ռոբերտ Էլիբեկյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: