«Սամվել», Րաֆֆու հայտնի պատմավեպն է։ Առաջին անգամ տպագրվել է «Արձագանք» շաբաթաթերթում։ Տպագրությունն սկսել է 1886 թվականի փետրվարի 23-ին և ավարտվել 1887 թվականի դեկտեմբերի 27-ին։

Քաղվածքներ

խմբագրել
  • Պատմական վեպը մի ժողովրդի պատմական կյանքի նկարագիրն է։ Նա պատկերացնում է յուր մեջ, թե որպես ապրել է որպես գործել է մի ժողովուրդ, պատկերացնում է նրա բարքը, վարքը, սովորությունները, մի խոսքով, ներկայացնում է հնադարյան մարդուն յուր բուն, նախնական կերպարանքով, որը ժամանակների ընթացքում փոխվել և ներկա սերնդի համար մոռացվել էր[1]։
  • Հին Արաքսը զարմանալի որոգայթներ ուներ։ Նա և՛ զարմանալի քմահաճություններ ուներ։ Անհիշելի ժամանակներից համառությամբ կռվում էր յուր, անհավասար եզերքի հետ և, կարծես, դժգոհ էր այն նեղ շավղից, որ գծել էր նրա ընթացքի համար նույնքան քմահաճ բնությունը։ Նա սիրում էր ընդարձակություն, սիրում էր ազատություն։ Նեղ շավիղը վրդովեցնում էր նրան[2]։
  • Թո՜ղ մարդիկ ինձ անիրավ կոչեն, թո՛ղ մարդիկ ինձ եղեռնագործ կոչեն, ահա՛, այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանե և ուրացող մորը․․․[2]
  • «Սիրելի՜ Աշխեն, — բացականչեց նա խորին զմայլմունքով, — ես քոնն եմ հավիտյան… ես քեզ եմ պատկանում իմ սրտի, իմ հոգու բոլոր զորությամբ… Ծնողաց վայրենի խստասրտությունը, աշխարհի անգութ արգելքները չեն կարող քեզանից խլել այն, ինչ որ իմ սիրո բոլոր ջերմությամբ նվիրեցի քեզ։ Ոչինչ չէ կարող փոխարինել քեզ, ոչ փառք, ոչ մեծություն և ոչ արքաների թագը։ Դու ինձ համար ամեն ինչ ես, թանկագին Աշխեն։ Քո մեջն եմ գտնում իմ սրտի խաղաղությունը, քո մեջն եմ գտնում իմ վշտերի մխիթարությունը, քո անունը հիշելիս լռում է հոգսը, անհետանում է մռայլը, և իմ հոգու մեջ ծագում է ուրախության լուսապայծառ արեգակը։ Երբ թախծալի հուսահատությունը պաշարում է ինձ, երբ կանխահաս արհավիրքը թուլացնում է իմ ուժերը, — դո՜ւ ես ոգևորում ինձ քո աստվածային ներշնչությամբ, դո՜ւ ես կենդանացնում մեռած եռանդը և լքած հավատը։ Եվ այս րոպեում, երբ իմ հայրենիքը մեծ տագնապի մեջ է, երբ ամեն սրբություն, ամեն հաստատություն կործանվելու վրա է, երբ թշնամին յուր բոլոր անգթությամբ կանգնած է մեր գլխին, — ա՜յդ օրհասական րոպեում քո սերը, նազելի Աշխեն, որպես մի պահապան հրեշտակ, վառում է իմ սիրտը անձնազոհության հրով, մղում է ինձ դեպի վտանգը… դեպի կոտորածը… դեպի արյունը… Կանցնի՛ փոթորիկը, կլռե՛ զենքի շառաչյունը, կգա՛ երջանիկ օրը, և վաստակած զինվորը կհանգչի սիրած կուրծքի վրա… »։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Րաֆֆի, Սամվել, Հառաջաբան, Սովետական գրող, Երևան, 1986
  2. 2,0 2,1 Րաֆֆի, Սամվել, Սովետական գրող, Երևան, 1986
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սամվել հոդվածը նաև Վիքիպեդիայում: