«Կնքահայրը» (անգլ.՝ The Godfather), ամերիկացի գրող, սցենարիստ Մարիո Պյուզոյի վեպը, որը լույս է տեսել 1969 թվականին։ Վեպը հայերեն է թարգմանվել 1994 թվականին։ Թարգմանիչ՝ Ռ․ Ղազարյան[1]։

«Կնքահայրը» գրքի շապիկը

Քաղվածքներ խմբագրել

  • Կյանքում միշտ էլ գալիս է այն պահը, երբ ամենափոքր մարդն անգամ եթե ուշադիր ու համբերությամբ հետևի դեպքերին, կարող է վրեժխնդիր լինել անգամ ամենազորեղներից։
  • Դոն Կորլեոնեն իր մոտ խնդրանքով եկած իր հին բարեկամին հյուրասիրեց սիգարով, այնուհետև լցրեց նրա գավաթը և քաջալերելով ձեռքը դրեց նրա ուսին։ Այդ արարքը Դոնի մարդասիրության վկայությունն էր։ Նա սեփական փորձից գիտեր, թե որքան արիություն է պետք բարեկամից օգնություն խնդրելու համար։
  • – Կնքահայր, ի՞նչ անեմ, հիմա ի՞նչ անեմ ես։
– Նախ և առաջ քեզ տղամարդու նման պահիր:- Եվ զայրույթից Կնքահոր դիմագծերն աղավաղվեցին:- Պահի՛ր քեզ տղամարդու նման,- բղավեց նա հանկարծ։ Եվ հիշիր, որ տղամարդը եթե հայրություն չանի իր երեխաներին, երբեք էլ իսկական տղամարդ չի դառնա։ Դու ենթարկվում ես կանանց, իսկ նրանք կյանքից ի՞նչ են հասկանում, թեև էն աշխարհում դրանք սուրբ են դառնալու, իսկ մենք դժոխքի ճիրանները կընկնենք։
  • – Եթե դու գայիր ինձանից արդարադատություն խնդրելու, այդ սրիկան, որ խեղանդամ է դարձրել աղջկադ, այսօր դառն արցունք կթափեր։ Եթե դժբախտ մի պատահականությամբ քեզ նման ազնիվ մարդը թշնամիներ ունենար, դրանք և իմ թշնամիները կդառնային։-Դոնը ձեռքը բարձրացրեց, մատը Բոնասերայի կողմն ուղելով։- Եվ այն ժամանակ, հավատա, նրանք կվախենային քեզանից։
  • – Կյանքում ամենակարևորը բարեկամությունն է։ Բարեկամությունը տաղանդից վեր է և բարձր է ուզածդ կառավարությունից։ Դա գրեթե նույնն է, ինչ ընտանիքը։ Երբեք չմոռանա՛ս այդ։
  • – Ես պատրաստվում եմ նրան այնպիսի առաջարկություն անել, որից նա չի կարողանա հրաժարվել։
  • – Երբեք թույլ մի տուր ուրիշներին իմանալ, թե ինչ ես դու մտածում։
  • Ավելի շատ դժվար է սպանություն վճռելը, քան այդ գործողությունն իրականացնելը։
  • – Ես երբեք չեմ խաբում նրանց, ում բարեկամ եմ համարում։
  • Մեծ մարդ չեն ծնվում, մեծ մարդ դառնում են։
  • Ես նրա դեմ անձնական ոչինչ չունեմ, սա ընդամենը բիզնես է։
  • Եթե մարդ առատաձեռն է, միշտ պետք է դրսևորի իր բնավորության այդ գիծը։
  • Ժամանակը վերքերը կբուժի։ Ցավն ու վախը անդառնալի չեն, ինչպես մահը։
  • Ժամանակը շուտ է վերացնում երախտագիտության զգացումը։
  • Ամեն մարդ իրավունք ունի կյանքում մի անգամ հիմարություն թույլ տալու։ Եվ ես այն արդեն թույլ եմ տվել։ Դրա համար էլ այժմ ուզում եմ զգուշություն պահպանել։ Ես միշտ էլ ողջամիտ և զգույշ եմ եղել, և ոչինչ ինձ համար այնպես անընդունելի չէ, ինչպես անխոհեմությունն ու անպատասխանատվությունը։ Դա իրենց կարող են թույլ տալ կանայք և երեխաները, բայց ոչ տղամարդիկ։
  • Անողոքությունը, բացարձակ արհամարհանքը որևէ արժեքի հանդեպ ցույց էին տալիս, որ գործ ունես մի մարդու հետ, որի համար ոչ մի օրենք գոյություն չունի իր սեփական օրենքներից զատ և որը ենթարկվում է միայն իր աստծուն։
  • ԲԺշկության մեջ ճիշտը կարելի է ասել միայն ամենածայրահեղ դեպքում, և այն էլ ոչ միշտ։
  • Այն ժամանակ Վիտո Կորլեոնեն դեռ չգիտեր, թե մարդկանց վրա ինչ ազդեցություն է ունենում իր այդ ժպիտը։ Այն ուղղակի քարացնում էր նրանց, ում դեմ ուղղված էր. ժպիտը սպառնալից չէր, նա ժպտում էր այնպես, ասես խոսքը մի կատակ բանի մասին էր, որ միայն ինքը կարող էր հասկանալ։ Սակայն այդ ժպիտը նրա դեմքին հայտնվում էր միայն որպես մահվան նախազգուշացում, և սարսափազդու էր, երբ արտաքուստ այդքան հավասարակշռված, խոհեմ մարդը բացում էր իր իսկական դեմքը։
  • – Սոլոցոյին թուրք են ասում։ Երկու պատճառով։ Առաջինը, որ երկար ապրել է Թուրքիայում և ասում են, թե թրքուհի կին և նրանից երեխաներ ունի։ Երկրորդը, նույնպես, ըստ լուրերի, ամեն առիթով դանակ է ձեռք առնում։
  • Դագաղին մոտեցող յուրաքանչյուրը նշում էր, որ նույնիսկ մահն անզոր է գտնվել նրա դեմքից ջնջելու մեծության ու արժանավորության կնիքը։
  • Երբեք թույլ մի տուր, որ ընտանիքին օտար որևէ մեկը իմանա քո իսկական մտքերը։ Երբեք թույլ մի տուր, որ ուրիշները կռահեն քո մտքինը։
  • Կյանքը միայն քաղցր երաժշտություն չէ։
  • Շատ ավելի լավ է բարեկամություն անել այնպիսի մեկի հետ, որ օգնություն չի աղերսում, այլ ինքն է իր հարցերը լուծում և պետք եղած ժամանակ էլ դեռ կարող է օգնության հասնել։
  • Ամեն մարդ իր և միակ ճակատագիրն ունի։
  • Կլեմենցան պատմողի բնածին ձիրք ուներ, իսկ Վիտոն էլ լսել գիտեր, և նրանք բարեկամացան։
  • Խելացի մարդուն պատերազամական ժամանակ հեշտ է հարստանալ։ Դրա համար պետք է միայն, որ մինչ ամրոցիդ պատերից դուրս պատերազմ է, ներսում խաղաղություն տիրի։
  • Նա լռեց, մյուսները նույնպես լուռ էին։ Մեկը սիգար էր փստացնում, մի ուրիշը վիսկի էր կում անում։ Այս մարդիկ գիտեին լսել, համբերությամբ սպասել։ Բացի այդ, նրանք մի ուրիշ ընդհանուր գիծ էլ ունեին։ Նրանք բոլորը բացառիկ արարածներ էին, որ չէին ընդունում կազմակերպված հասարակության իշխանությունը։ Չկար այնպիսի ուժ, այնպիսի մահկանացու այս աշխարհում, որ կարողանար նրանց իր կամքը թելադրել։ Այդ մարդիկ բռնություններով ու սպանություններով նվաճել էին իրենց սեփական կամքի ազատությունը։ Եվ նրանց կամքի վրա կարող էին ազդել միայն մահը կամ չափազանց ողջամտությունը։
  • Մի պորտֆելավոր օրինապահը կարող է հարյուր անգամ ավելին անել, քան հարյուր տգետ իրենց ավտոմատներով։
  • Մայքլի շունչը կտրվեց, երբ նորից տեսավ աղջկան, ամբողջ մարմինը համակեց նրան տիրելու տառապալից ցանկությամբ։ Այդ պահին նա պատրաստ էր տենուտեղը սպանել յուրաքանչյուրին, ով կդիպչեր աղջկան, ով կփորձեր նրա վրա իրավունք բանեցնել կամ խլել նրան իրենից։ Նա ոչնչի առաջ կանգ չի առնի, պիտի տիրանա այդ աղջկան, փակի իր տանը, նա միայն իրեն պետք է պատկանի, և չի ուզում, որ որևէ մեկը նույնիսկ նայի նրան։ Եվ նոր միայն Մայքլը հասկացավ, թե ինչ բան է իտալացի տղամարդու դասական խանդը…
  • Երիտասարդ զույգն առանձնացավ հսկայական ննջարանում։ Ապոլոնիան հարսանյաց զգեստով, ուսերին թեթև թիկնոց գցած կանգնած էր սենյակի մեջտեղ, թողնելով, որ Մայքլն առաջին քայլն անի։ Եվ հանկարծ Մայքլը զգաց որ հիմա, երբ օրինական ամուսնու իրավունքով վերջապես տիրացել է աղջկան, երբ այլևս ոչ մի արգելք չկա, որ վայելի նրան, մի բան, որ այնքան տառապալից երազում էր օր ու գիշեր, այս ամբողջ ժամանակ, հանկարծ զգաց, որ ուժ չունի նրան մոտենալու։ Նա լույսը մարեց, մտածելով, որ աղջիկն ամաչում է զգեստը հանել։ Սակայն լուսինը ողողեց սենյակը, այնպես որ ստիպված էր պատուհանի վարագույրերն էլ քաշել։
  • Ոչ մեկին թույլ մի տուր, որ քեզ հիմարացնեն։ Այս ամենը անձնական է, ողջ այս բիզնեսը։ Ամեն ստորություն, որ մարդ շարունակաբար, օր օրի կուլ է տալիս գործի բերումով՝ անձնական է։ Եվ գիտե՞ս ես ումից եմ այդ ճշմարտությունը յուրացրել։ Դոնից, մեր ծերուկից։ Կնքահորից։ Նա այսպես է գտնում. եթե կայծակն էլ խփի իր բարեկամին, դա անձնական ոտնձգություն է իր դեմ։ Այն, որ ես մտա նավատորմիղ, նա այդ էլ ընդունեց որպես իր անձնական գործ։ Ահա հենց դա է նրան դարձնում Մեծ Դոն։ Նա ամեն ինչ ընդունում է որպես իր անձնականը։ Ինչպես մեր Տեր Աստվածը։ Եվ ուզու՞մ ես մի բան էլ իմանալ։ Նրանք, ովքեր դժբախտ պատահարն ընդունում են որպես անձնական վիրավորանք, նրանց հետ դժբախտ պատահարներ չեն լինում։
  • Ինչ արած, կինն այդպես է։ Նա տանել չի կարողանում երբ տեսնում է, որ իրենց տղամարդը իր սեփական կյանքով հիանալի կերպով կարողանում է ապրել և այն էլ առանց իրենց։
  • Ոչ ոք երբեք չէր կարող Դոնի վրա ազդեցություն ունենալ։ Իր սիրո և հակակրանքների հարցում նա միայն ու միայն սեփական զգացմունքներով էր ղեկավարվում։
  • Միշտ լավ է, երբ բարեկամդ թերագնահատում է արժանիքներդ, իսկ թշնամիդ՝ չափազանցնում թերություններդ
  • Վրեժն այնպիսի կերակուր է, որ համեղ է լինում սառը վիճակում։
  • Աշխարհում կան մարդիկ, որ ուղղակի իրենք իրենց համար մահ են որոնում, կարծես ամեն ինչ անում են, որ իրենց սպանեն։ Այդպիսինները կռիվ են գցում հասարակական վայրերում, հարձակվում են վրադ, եթե պատահմամբ իր մեքենայի վրա մի փոքրիկ քերծվածք ես արել, վիրավորում են ում ասես, առանց հաշվի առնելու, թե ինչ պատասխան կարող են ստանալ։ Դրանք ման են գալիս աշխարհում՝ ասես հատկապես գոչելով. «Ահա ես, սպանեք ինձ»։ Եվ սպանող ինչքան ասես գտնվում է։
  • Թշնամուն հաղթելու համար մեզ պետք է ընդամենը մի հայտնի տակտիկական քայլ կիրառել՝ նվաճել զոհի վստահությունը։
  • Դավաճանությունը չի կարելի ներել։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 286. 


Աղբյուրներ խմբագրել

 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կնքահայրը (վեպ) հոդվածը նաև Վիքիպեդիայում: