Ջերոմ Դեյվիդ Սելինջեր (անգլ.՝ Jerome David Salinger, հունվարի 1, 1919, Նյու Յորք — հունվարի 27, 2010, Նյու Հեմփշիր), ամերիկացի գրող։ Առավելապես հայտնի է «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպով (1951

J. D. Salinger (1950)

Քաղվածքներ խմբագրել

  • Եթե աղջիկը գեղեցիկ տեսքով է ներկայանում ժամադրության, ո՞վ կնեղսրտի, որ նա ուշացել է։ Ոչ ոք։
  • Գրո՛ղը տանի, չի կարելի դադարել մարդուն սիրել միայն այն պատճառով, որ նա մահացել է։ Մանավանդ, եթե նա բոլոր կենդանի մարդկանցից լավն էր։
  • Ես միշտ ասում եմ՝ ինձ շատ հաճելի է ծանոթանալ այս կամ այն մարդու հետ, նույնիսկ, երբ ինձ բոլորովին էլ հաճելի չէ։ Բայց եթե ուզում ես ապրել մարդկանց կողքին՝ ամեն ինչ էլ ասում ես։
  • Լավ կլիներ, որ որոշ բաներ չփոխվեին, որ հնարավոր լիներ նրանց դնել ապակե ցուցափեղկի տակ ու ձեռք չտալ։
  • Մարդու ոչ հասուն լինելու նշանն այն է, որ նա ուզում է արժանապատվորեն մեռնել արդար գործի համար, իսկ հասունության արտահայտությունն այն է, որ նա ուզում է խոնարհաբար ապրել այդ նույն արդար գործի համար։
  • Առանձնապես անտանելի պետք չէ լինել մարդուն ձանձրացնելու համար. լավ մարդը նույնպես կարող է վերջնականապես փչացնել տրամադրությունը։
  • Կնոջ մարմինը ջութակ է, և պետք է հիանալի երաժիշտ լինել այն հնչեցնել կարողանալու համար։
  • Վատ է, որ երբեմն զանազան հիմարություններ հաճույք են պատճառում։
  • Գրողի տարած փողեր։ Միշտ նրանց պատճառով տրամադրությունդ գցում ես։
  • Չեմ հասկանում՝ ո՞ւմ է պետք ամեն ինչից գլուխ հանելը և բոլորին սրամտությամբ ապշեցնելը, եթե դա քեզ ուրախություն չի բերելու։
  • Ինձ այնպիսի գրքեր են դուր գալիս, որ երբ դրանք կարդում ես մինչև վերջ, մտածում ես՝ երանի այս գրողն իմ լավագույն ընկերը լիներ, և երբ ուզեի, կարողանայի նրա հետ հեռախոսով խոսել։
  • Կգա օրը, երբ դու ստիպված կլինես որոշել՝ ուր գնալ։ Անմիջապես պետք է գնալ այնտեղ, ուր որոշել ես։ Անհապաղ։ Դու իրավունք չունես ոչ մի րոպե կորցնելու։ Չի՛ կարելի։
  • Երբ արևը շողում է, ուրեմն ամեն ինչ այդքան էլ վատ չէ, բայց ախր արևը շողում է միայն այն ժամանակ, երբ խելքին փչում է։
  • Եթե ես Աստված լինեի, ոչ մի դեպքում չէի ուզի, որ ինձ սիրեին սենտիմենտալ սիրով։ Դա շատ անհուսալի բան է։
  • Նա ատում էր, երբ իրեն տականք էին անվանում։ Նորմալ է։ Բոլոր տականքներն էլ չեն սիրում, երբ իրենց տականք են անվանում։
  • Ես հակառակ տեսակի պարանոիկ եմ։ Կասկածում եմ, որ մարդիկ «հանցավոր» համաձայնության են գալիս ինձ երջանիկ դարձնելու համար։
  • Իմ կարծիքով՝ կյանքը նվեր տված ձիու է նման։
  • Հենց տղամարդը սիրահարվում է՝ միանգամից հիմարանում է։
  • Փոքր տղաներին պետք է սովորեցնել ատել պատերազմը, որպեսզի նրանք պատմության դասագրքերի միջի նկարները նայելիս ծիծաղեն։
  • Եթե գերմանացի տղաներն ատեին բռնությունը, ապա Հիտլերը ստիպված կլիներ միայնակ պատերազմել։
  • Եթե մարդը նույնիսկ միլիոն տարի ժամանակ էլ ունենար, միևնույն է, աշխարհի բոլոր պատերի վրա գրած զզվելի բաները չէր կարող ջնջել։ Հնարավոր բան չէ։
  • Ծիծաղելի է, բայց բավական է մարդուն ինչ-որ անհասկանալի բան ասես, և նա կանի այնպես, ինչպես դու ես ուզում։
  • Լինում են այնպիսի արգելված հարվածներ, մանավանդ սիրո մեջ և բոքսում, երբ ոչ միայն գոռալ, հառաչել անգամ չես կարող։
  • Մարդկանց հետ դժվար է, առանց նրանց՝ անտանելի։
  • Երբ ինչ-որ բան չափազանց լավ ես անում, եթե քեզ չհետևես, կարող է թվալ, թե ամեն կերպ քեզ ես ցուցադրում։ Իսկ դա այնքան էլ լավ չէ։
  • Ես պատկերացրեցի՝ ինչպես էին փոքր երեխաները երեկոյան խաղում հսկայական դաշտում՝ տարեկանի արտում։ Հազարավոր երեխաներ, իսկ շուրջը՝ ոչ ոք, ոչ մի մեծահասակ՝ ինձնից բացի։ Իսկ ես կանգնած եմ ժայռի ծայրին՝ անդունդի եզրին, հասկանո՞ւմ ես։ Եվ ես պետք է երեխաներին բռնեմ, որ չընկնեն անդունդը։ Հասկանո՞ւմ ես, նրանք խաղում են և չեն նկատում՝ ուր են վազում, իսկ ես այս ու այն կողմ եմ ընկնում ու նրանց բռնում, որ չընկնեն։ Պաշտպանել երեխաներին տարեկանի արտում՝ անդունդի եզրին։ Գիտեմ, որ հիմարություն է, բայց դա միակ բանն է, որը ես իսկապես ուզում եմ։ Երևի ես հիմար եմ։

Աղբյուրներ խմբագրել

 
Վիքիպեդիա