Սպիտակ ձին (պատմվածք)
«Սպիտակ ձին», Ակսել Բակունցի պատմվածքներից, որ գրվել է 1928-1930 թվականներին և ընդգրկվել հեղինակի պատմվածքների համանուն ժողովածուի մեջ։
Քաղվածքներ
խմբագրել- Ցոլակը նրանց ձին էր, կապտավուն մորթով, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ։ Երկար, ալիքաձև պոչ ուներ Ցոլակը։
- Եվ ասում էին, թե մի հին և ազնիվ ցեղի շառավիղն էր այդ ձին, որ Սիմոնը գնել էր երկու տարի առաջ, փոխարենը տալով իրենց էշը, մի անմայր հորթ, մի կարպետ և երկու բեռ ցորեն։
- — Ուրեմն Կոստանդի սպիտակ ձին ու Ցոլակը մի հավասարի են... նա սպիտակ ձիու արժեքը մի բեռ ոսկի է տվել։ Ես ի՞նչ եմ տվել...
- — Էս է, սև ու սպիտակ էնտեղ կջոկվի,— ասաց դարբնի տղան և խոսակցությանը վերջ տալու համար սկսեց պատմել, թե իբրև գերմանացիք պայթեցրել են մի ահռելի պարիսպ և ծովը կապել ռուսների հազար-հազար զորքի վրա...
- Հեռվից խաղալով և խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։
- Փոշի չէր բարձրանում գետնից և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զրնգում են օդի մեջ։
- Արևը դեմից էր և արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը։ Ձիավորը ձիու հետ միաձույլ էր և թվում էր, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և արշավում էր որպես չքնաղ տեսիլք։
- Գյուղացիները տեսան սպիտակ ձիու ամեհի ոստյունը։ Մի ակնթարթից ձին պահվեց սարի հետևը։
- — Հրեղեն ձի սրան կասե՜ն...
- Մի կապտավուն ձի՝ երկար, ծալեծալ բաշով, բոլորովին մերկ, կատաղած վազում էր հրապարակով։ Նա երամակի ձի էր, սնվել էր լեռներում, երբեք հեծվոր չէր նստել մեջքին, սանձը չէր դիպչել մռութին, սմբակները պայտ չէին տեսել։ Այդ ձին էին ուզում բռնել զինվորները, որոնք երկար պարանները թևերին փաթաթած շպրտում էին գերության օղակը, հենց որ ձին մոտենում էր նրանց։ Բայց ձին ամեհի ոստյուն էր անում, թռչում օձի նման գալարվող օղակի վրայով և փախուստի ելք փնտրում։ Զինվորների մյուս խմբերը գազանային ոռնոցով կտրում էին նրա ճանապարհը և ետ փախցնում դեպի նրանք, որոնք ոլորում էին նոր օղակ։
- Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը։ Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։
- Կապտավուն նժույգը վերջին հուսահատ ոստյունն էր արել, փորձել էր թռչել փշալարի վրայով և ընկել էր լարի երկաթյա սուր փշերի վրա... Ճեղքվել էր կուրծքը, փորը և վշշում էր արյունը լարերի վրա, մահվան հրապարակի վրա և մեռնող նժույգի ջինջ աչքերում ընդմիշտ սառչում էր հեռվի կապույտ լեռնաշխարհը...
- Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա... Միայն Շուղունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը։ Մյուսները քարի նման լուռ էին։ Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ. — Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը...
- Սպիտակ ձին մի վայրկյան ցոլաց մթնող արևի շողերում և չքացավ դեպի նարնջագույն ամպերը։ Կարծես մարմարիոնե մի արձան արշավում էր դեպի պատվանդանը, որ իր անհաս բարձունքից ահ ու սարսափ մաղի ռամիկ գյուղացիների վրա։