Պոլ Վալերի
ֆրանսիացի գրող
(Վերահղված է Վալերի, Պոլից)
Ամբրուազ Պոլ Թուսան Ժյուլ Վալերի (ֆրանսերեն՝ Ambroise-Paul-Toussaint-Jules Valéry, հոկտեմբերի 30, 1871 — հուլիսի 20, 1945), ֆրանսիացի բանաստեղծ, ակնարկագիր և փիլիսոփա։
Քաղվածքներ
խմբագրել- Երջանկության աչքերը փակ են[1]։
- Լուրջ մարդը քիչ գաղափարներ ունի։ Այն մարդը, որ շատ գաղափարներ ունի, երբեք լուրջ չի լինում[2]։
- Առավել հաճույքով մենք խոսում ենք այն մասին, ինչ չգիտենք։ Քանի որ հենց այդ մասին ենք մտածում։ Այստեղ է ուղղված մտքի աշխատանքը, և ուղղված է գուցե միայն նա[3]։
- Երբ որևէ մեկը լիզում է քո ներբանը, ոտքով սեղմիր նրան, նախքան նա կսկսի կծել[4]։
Պարոն Տեստ
խմբագրել- Պարոն Տեստը ծնվել է պատահականությունից։ Ինչպես բոլորը։ Ամեն միտք, որ նա ունի կամ ունեցել է, գալիս է այս փաստից[5]։
- Այն, ինչ կարևոր է մեկի համար (ես նկատի ունեմ մեկին, որը եզակի է և միայնակ՝ ըստ էության), հենց դա նրան ստիպում է զգալ, որ նա միայնակ է։
- Հենց դա է նրան հայտնվում, երբ նա իսկապես մենակ է (նույնիսկ, երբ նյությականորեն նա ուրիշների հետ է)[6]։
- Այն ամենը, որ անում եմ և մտածում, Ցուցանմուշն է իմ հնարավորի։ Մարդն ավելի ընդհանուր է, քան իր կյանքն ու գործողությունները։ Նա ասես ավելի նախատեսված է հնարավորությունների համար, քան դրանց մասին կարող է իմանալ։ Իմ հնարավորը երբեք չի լքում ինձ[7]։
Ոգու քաղաքականություն
խմբագրել- Մենք՝ քաղաքակրթություններս, հիմա գիտենք, որ մահկանացու ենք։
- Մենք պատմություններ ենք լսել հիմնովին անհետացած աշխարհների մասին, ողջ իրենց մարդկանցով ու տեխնիկայով հանդերձ խորտակված, իրենց աստվածներով ու օրենքներով, ակադեմիաներով և զուտ ու կիրառական գիտություններով, իրենց քերականություններով ու բառարաններով, ռոմանտիկներով ու սիմվոլիստներով, իրենց քննադատներով ու քննադատների քննադատություններով դարերի անպեղելի խորքերն իջած տերությունների մասին։ Մենք քաջ գիտեինք, որ բովանդակ տեսանելի աշխարհը ստեղծված է մոխրից, իսկ մոխիրը նշանակում է ինչ-որ բան։ Պատմության թանձր քողի միջով մենք նշմարում էինք հարստությամբ և ոգով ծանրաբեռ հսկայական նավերի ուրվականներ։ Եվ անկարող էինդ դրանք հաշվել։ Սակայն այդ խորտակումներն, ըստ էության, մեզ չէին վերաբերում։
- Էլամը, Նինվեն, Բաբելոնը հրաշալի, անորոշ անուններ էին, և աշխարհների այդ լիակատար կործանումը մեզ համար ուներ նույնքան քիչ նշանակություն, որքան դրանց գոյությունը։ Ֆրանսիան, Անգլիան, Ռուսաստանը... ևս կարող են դառնալ գեղեցիկ անուններ։ Լուզիտանիան՝ նույնպես։ Այժմ տեսնում ենք, որ պատմության վիհը բավականաչափ մեծ է ամենքին ընդգրկելու համար։ Զգում ենք, որ քաղաքակրթությունը կյանքի նման դյուրաբեկ է։ Քիթսի և Բոդլերի երկերը Մենանդրոսի գործերի ճակատագրին արժանացնող հանգամանքները բնավ էլ անհավանական չեն. դրանք կարելի է գտնել ամեն լրագրում[8]։
- Իշխանությունն ունի սոսկ ուժ, մի բան, որն իսկապես վերագրում են դրան. նույնիսկ ամենաբիրտ իշխանությունը հիմնված է հավատքի վրա։ Դրան վերագրում են մի կարողություն,- ասես այն պիտի գործի բոլոր ժամանակներում և ամեն տեղ,- որը նա իրականում իզորու է սպառել միայն մի կետի վրա և որոշակի պահի։ Ի վերջո, ամեն իշխանություն վարկային հիմնարկության վիճակում է, որի գոյությունը պայմանավորված է այն միակ հավանականությամբ (ընդսմին, չափազանց մեծ), թե բոլոր հաճախորդները միաժամանակ նույն օրը չեն գա պահանջելու իրենց ավանդները։ Եթե ամեն վայրկյան, որև է պահի ինչ-որ իշխանությունից պահանջվեր իր իրական ուժերը հանդես բերել իր տերության բոլոր կետերում, այդ իշխանությունը բոլոր կետերում կլիներ գրեթե հավասար զրոյի․․․
- Նկատենք նաև (ևս մի հետաքրքիր դիտարկում), որ եթե բոլոր մարդիկ հավասարապես լուսավորյալ լինեին, հավասարապես քննադատ և մանավանդ հավասարապես համարձակ, ողջ հասարակությունը կդառնար անհնարին․․․[9]
- Գործի տեր, իր ապրուստը հոգացող մարդու, որ կարող է օրվա ընթացքում մեկ ժամ նվիրել ընթերցանությանը և կարդալ տանը, տրամվայի մեջ կամ մետրոյում,- ահա վերջինիս այդ մեկ ժամը հոշոտում են հանցագործությունները, անկապ դատարկաբանությունները և իրարից չտարբերվող ասեկոսեներն ու փաստերը, որոնց խառնիճաղանջությունն ու առատությունը կարծես ստեղծված են մարդուս ահաբեկելու և նրան կոպտորեն տափակացնելու համար։ Մերօրյա մարդը կորած է գրքի համար․․․[10]
Այլ
խմբագրել- Ուժը թույլ է, եթե հավատում է միայն ուժին[11]։
- Զզվելով իրավացի լինելուց, հաջողված բաներ անելուց, հնարքների արդյունավետությունից՝ փորձեք այլ բան։
- - Այն, ինչը մաքուր է իմ մեջ,- ասում էր նա,- ամենազոր բանականությունը, որն առանց գերագույն ճիգեր թափելու խժռում-լափում է հորինվածքները, և փոխարենը ոչ մի բան իրեն չի խաթարում և չի փչացնում իր էությունը, ահա այդ բանականությունը ոչ մի հնարով չի կարողանում ինքն իրեն ճանաչել այս արտասովոր դեմքի, այս պղտոր աչքերի հարևանությամբ, ուր առկայծող լույսն ասես մեղմացած լինի արցունքների խոնավ-անխուսափելիության սպառնալիքի առաջ։
- - Ինչպե՞ս հասկանալ, սակայն, իմ մեջ հանգրվանած այս գեղեցկատես լացուկոծողի տառապանքը, որն ինձանից է սերել, որովհետև ես պարզ տեսնում եմ նրա էությունը, քանզի ես գիտակցությունն եմ ամենայն ինչի, և գիտեմ, որ նա տանջվում է միայն մի ինչ-որ ուրիշ, առավել դժնի իրողություն մոռացության մատնելու համար[12]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 168։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 123։
- ↑ Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 580։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 648։
- ↑ Պոլ Վալերի, Պարոն Տեստ, Երևան, Ա և Մ, 1996, էջ 111
- ↑ Պոլ Վալերի, Պարոն Տեստ, Երևան, Ա և Մ, 1996, էջ 121
- ↑ Պոլ Վալերի, Պարոն Տեստ, Երևան, Ա և Մ, 1996, էջ 125
- ↑ Պոլ Վալերի, Ոգու քաղաքականություն, Երևան, Սարգիս Խաչենց/Փրինթինֆո, 2005, էջ 7-8, ISBN 99930-59-40-4։
- ↑ Պոլ Վալերի, Ոգու քաղաքականություն, Երևան, Սարգիս Խաչենց/Փրինթինֆո, 2005, էջ 65, ISBN 99930-59-40-4։
- ↑ Պոլ Վալերի, Ոգու քաղաքականություն, Երևան, Սարգիս Խաչենց/Փրինթինֆո, 2005, էջ 91, ISBN 99930-59-40-4։
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 314.
- ↑ Պոլ Վալերի, «Հրեշտակը»