Տարեկանի արտում՝ անդունդի եզրին

«Տարեկանի արտում, անդունդի եզրին» (անգլ.՝ «The Catcher in the Rye» — «Բռնողը տարեկանի արտում», 1951), ամերիկյան գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերի վեպը։

Գրքի 1985 թվականի հրատարակություն

Քաղվածքներ խմբագրել

  • Եթե դուք իսկապես ուզում եք իմանալ այս պատմությունը, ապա, հավանաբար, նախևառաջ կցանկանաք իմանալ որտեղ եմ ծնվել ես, ինչպես եմ անցկացրել իմ անմիտ մանկությունը, ինչով էին զբաղվում ծնողներս մինչև իմ ծնվելը, մի խոսքով՝ Դավիթ Կոպպերֆիլդյան այդ ամբողջ շիլան։ Բայց, ճիշտն ասած, ես տրամադիր չեմ դրանք փորփրել։
  • Իսկ երբ ծածկեցի դուռն ու դուրս եկա ճաշասենյակ, նա ինչ֊որ բան գոռաց ետևիցս, բայց ես լավ չլսեցի։ Կարծեմ, «բարի ճանապարհ» էր գոռում։ Իսկ գուցեև ոչ։ Հուսով եմ, որ չէ։ Ես երբեք որևէ մեկի ետևից չէի գոռա «բարի ճանապարհ»։ Որ մտածում ես՝ գարշելի սովորություն է։
  • Երևի լսած կլինեք։ Հազարավոր ամսագրերում տպագրում են։ Ճարպիկ մեկը ձին նստած ոստնում է արգելքների վրայով։ Կարծես Փենսիում հենց միայն պոլո են խաղում։ Իսկ ես այնտեղ ոչ մի անգամ ձիու երես չեմ տեսել։ Ու այդ հեծյալի տակ գրված է՝ «Սկսած 1888 թվականից մեր դպրոցում կոփում են խիզախ ու ազնիվ պատանիներ»։ Ա՜յ թե կեղծիք է։ Ոչ մեկին էլ չեն կոփում այնտեղ, ոչ էլ ուրիշ դպրոցներում։ Եվ այնտեղ ես ոչ մի «խիզախ ու ազնիվ» չեմ տեսել, գուցե մեկ֊երկուսը լինեն ու վերջ։ Դե նրանք մինչև դպրոց գալն էլ այդպիսին են եղել։
  • Լավ եղանակին ծնողներս հաճախ են գնում գերեզմանոց, ծաղիկներ են դնում Ալլիի շիրիմին։ Ես երկու անգամ գնացի նրանց հետ, հետո դադարեցի գնալ։ Նախ այնքան էլ մի հաճելի բան չէ տեսնել նրան այդ գարշելի գերեզմանատանը։ Պառկած է, շուրջը միմիայն մեռելներ են ու շիրմաքարեր։ Երբ արև է, դեռ ոչինչ, բայց երկու անգամ, այո, երկու անգամ, երբ մենք այնտեղ էինք, անձրև սկսվեց։ Դա անտանելի էր։ Անձրևը թափվում էր ուղղակի այդ գրողի տարած տապանաքարի վրա, ուղղակի նրա փորին բուսած խոտի վրա։ Ասես դույլերով էր թափվում։ Եվ գերեզմանոցի այցելուները հանակարծ գժի պես նետվեցին դեպի իրենց մեքենաները։ Այ թե ինչից տրաքվեցի։ Նրանք կարող են նստել մեքենա, միացնել ռադիոն ու գնալ մի որևէ լավ ռեստորանում ճաշելու, բոլո՛րը, բոլո՛րը կարող են, բացի Ալլիից։ Անտանելի խոզություն է։ Գիտեմ, որ այնտեղ գերեզմանատանը միայն նրա մարմինն է, իսկ հոգին երկնքում է և նման հիմարություններ, բայց միևնույն է, ինձ համար անտանելի էր։
  • «Նրբազգա՜ց, այ քեզ զարմանք»։ Լվացարանակոնքի կափարիչը շատ ավելի նրբազգաց է, քան Էռնեստը։
  • Նախ՝ ես մասամբ աթեիստ եմ։ Քրիստոսն ընդհանրապես ինձ դուր է գալիս, բայց աստվածաշնչային մնածաց խառնափնթորությունը՝ ոչ այնքան։ Վերցնենք հենց թեկուզ առաքյալներին։ Ճիշտն ասած, նրանք ինձ սոսկալի կատաղեցնում են։ Իհարկե, երբ Քրիստոսը մեռավ, նրանք իրենց վատ չպահեցին, բայց քանի դեռ կենդանի էր, նրանցից միայն վնաս էր տեսնում։ Անընդհատ խաբում էին նրան։ Աստվածաշնչի մեջ ամենից քիչ ինձ առաքյլալներն են դուր գալիս։ Ճիշտն ասած, Քրիստոսից հետո ես Աստվածաշնչից սիրում եմ այն խենթուկին, որ ապրում էր քարանձավում ու ամբողջ ժամանակ իրեն ճանկռոտում էր քարերով և այլ բաներով։ Ես այդ ողորմելի հիմարին տասն անգամ ավելի եմ սիրում, քան առաքյալներին։
  • Ազնիվ խոսք, եթե պատերազմ լինի, թող ինձ տանեն ու գնդակահարեն։ Ես չեմ դիմադրի։ ․․․Մի խոսքով, ես ուրախ եմ, որ հայտնագործել են ատոմային ռումբը։ Եթե երբևէ պատերազմ սկսվի, ես կնստեմ ուղղակի այդ ռումբի վրա։ Կամավոր կնստեմ, ազնիվ, անկեղծ խոսք։
  • Տարօրինակ մարդիկ են այդ աղջիկները։ Ամեն անգամ, երբ հիշատակում ես մի որևէ զտարյուն սողունի, որ շատ ստորն է կամ խիստ ինքնահավան, երբ խոսում ես այդպիսի մեկի մասին, անպայման ասում են՝ «նա թերարժեքության կոմպլեքս ունի»։ Գուցեև ճիշտ է, բայց դա չի խանգարում, որ այդ անձնավորությունը սողուն լինի։ Այդպես են այդ աղջիկները։ Երբեք չես հասկանա, թե նրանց գլխին ինչ քամի կարող է փչել։
  • Ընդհանրապես, անկեղծ ասած ես այնքան էլ չեմ սիրում թատրոն գնալ։ Իհարկե, կինոն ավելի վատ է, բայց դե թատրոնում էլ ոչ մի լավ բան չկա։ Նախ՝ ես ատում եմ դերասաններին։ Նրանք բեմի վրա իրենց բոլորովին մարդու նման չեն պահում։ Միայն երևակայում են, թե նման են։ Լավ դերասանները երբեմն բավական նման են լինում, բայց ոչ այնքան, որ հետաքրքիր լինի նայել։ Բացի այդ էլ, եթե դերասանը լավն է, անմիջապես երևում է, որ նա այդ բանը գիտակցում է, իսկ դա անմիջապես փչացնում է ամեն ինչ։
  • ― Չեմ ուզում քեզ ներշնչել, թե միայն կրթված և զարգացած մարդիկ կարող են արժեքավոր ներմուծում կատարել կյանքում, ― շարունակեց նա։ ― Դա այդպես չէ։ Բայց ես հաստատում եմ, որ կրթված ու զարգացած մարդիկ՝ տաղանդավոր ու ստեղծագործ լինելու դեպքում, որ դժբախտաբար հազվադեպ է պատահում, ավելի մեծ ու արժեքավոր ժառանգություն են թողնում իրենցից հետո, քան միմիայն տաղանդավոր ու ստեղծագործ մարդիկ։ Նրանք ջանում են իրենց միտքն արտահայտել հնարավորին չափ պարզ ու հստակ, իրենց գաղափարները մինչև վերջ են հասցնում համառորեն ու հաստատակամորեն։ Եվ, որ ամենակարևորն է, տասից ինը դեպքում գիտության մարդիկ անհամեմատ ավելի համեստ են, քան չկրթված, թեկուզև մտածող մարդիկ։ Հասկանո՞ւմ ես, ինչ եմ ասում[1]։
  • Չի կարելի դադարել մարդուն սիրել միայն այն պատճառով, որ նա մեռել է, գրողը տանի, մանավանդ, որ նա լավն էր բոլոր կենդանի արարածներից…
  • Նա շատ-շատ բան գիտեր թատրոնի, պիեսների և ամեն տեսակ գրականության մասին։ Եթե մարդը հարուստ է նման գիտելիքներով, ապա միանգամից դժվար է գլուխ հանել՝ հիմար է նա,թե ոչ։
  • Եթե աղջիկը գալիս է հանդիպման գեղեցկացած, ո՞վ իրեն վատ կզգա, որ նա ուշացել է։ Ոչ ոք։
  • Ամբողջ դժբախտությունն էլ հենց այդ է։ Անհնար է գտնել մի խաղաղ, հանգիստ անկյուն։ Չէ, այս աշխարհում այդպիսի տեղ չկա։ Երբեմն մտածում ես, իսկ գուցեև կա, բայց մինչև հասնես այնտեղ, որևէ մեկը թաքուն առաջ կանցնի քեզնից ու մի որևէ անվայել բան կգրի ուղղակի քթիդ տակ։

Աղբյուրներ խմբագրել

  1. Ջերոմ Սելինջեր, Տարեկանի արտում՝ անդունդի եզրին, Երևան, 1978
 
Վիքիպեդիա