Անտոնեն Արտո
ֆրանսիացի գրող
Անտոնեն Արտո (ֆր.՝ Antonin Artaud, սեպտեմբերի 4, 1896 — մարտի 4, 1948), ֆրանսիացի դրամատուրգ, պոետ և դերասան։
Քաղվածքներ
խմբագրել- …Իսկական դաժանությունը կարելի է շատ լավ պատկերացնել առանց զգայական ցավի և միաժամանակ փիլիսոփայել դաժանության մասին։ Հոգևոր առումով դաժանություն նշանակում է խստություն, անողոք գործադրում ու վճիռ, անդառնալի, բացարձակ որոշում։ Մեր գոյության տեսակետից փիլիսոփայական ամենասովորական դետերմինիզմը դաժանության կերպավորումներից մեկն է։ Իզուր են դաժանություն բառին մոլեգին, արյունահեղ խստության, ֆիզիկական ցավի չպատճառաբանված անշահագրգիռ որոնման իմաստ տալիս։ Արյան մոլեգին սիրուց չէ, որ Եթովպիայի մեծ իշխանը, հաղթելով արքայազուններին, նրանց պարտադրում է ընդունել ստրկությունը։ Դաժանությունը բոլորովին էլ թաքնված արյան, նահատակված մարմնի, խաչված թշնամու հոմանիշը չէ։ Դաժանության նույնացումը տանջանքների հետ, հարցի աննշան կողմն է։ Կատարվող դաժանության մեջ կա ինչ-որ բարձրագույն դետերմինիզմ, որին ենթարկված է հենց տանջող դահիճն ինքը և հարկ եղած դեպքում ստիպված պիտի լինի պահել այն։ Դաժանությունն ամենից առաջ լուսավոր է, մի տեսակ յուրահատուկ ուղղվածություն, անհրաժեշտությանը ենթակա մի բան։ Չկա դաժանություն առանց խղճի, առանց գործադրված խղճի։ Կենսական ամեն գործողության իրագործմանը խիղճը տալիս է արյան իր գույնը, դաժան նրբերանգը, քանզի կյանքը, անշուշտ, միշտ ինչ-որ մեկի մահն է… Դաժանությունն իմ մտածողությանն արված հավելում չէ, այն միշտ այնտեղ ապրել է, բայց ինձ հարկ է գիտակցել։ Դաժանություն բառը ես գործածում եմ կյանքի փափագի, տիեզերական խստության ու խիստ անհրաժեշտության իմաստով, խավարը ոչնչացնող կյանքի հորձանքի գնոստիկական իմաստով, անխուսափելի անհրաժեշտությունից դուրս այն ցավի իմաստով, առանց որի կյանքը չի կարող ընթանալ։ Բարին ցանկալի է, այն գործողության արդյունք է, իսկ չարը հարատև է։ Թաքնված Աստվածն արարելիս ենթարկվում է իրեն իսկ պարտադրված ստեղծագործության դաժան անհրաժեշտությանը, և նա չի կարող չարարել, ուրեմն և՝ չընդունել չարի հետզհետե անհետացող ու հետզհետե քայքայվող էությունը՝ բարու ինքնակամ հորձանքի կենտրոնում…[փա՞ստ]
Քաղվածքներ Անտոնեն Արտոյի մասին
խմբագրել- Երբ ես մտածում եմ Արտոյի մասին, ապա դերասանից և բեմադրիչից, մտածողից, մոլի վիճաբանողից և Ժակ Ռիվյերին հղած նամակների հեղինակից առավել թանկ է միանգամայն այլ հիշողությունը։ Իմ կարծիքով, Արտոն ամենից առաջ բանաստեղծ էր։ Այսօր ինչ-որ այդ մասին սկսել են մոռանալ։ Իմ բոլոր ծանոթ բանաստեղծներից ներշնչանքն ընտրել էր միայն Արտոյին։ Իմ կարծիքով, հենց այսպիսի բանաստեղծներին էր Ռեմբոն պայծառատես կոչում։ Այդ խաչը նա տարավ իր ողջ կյանքի միջով. մի շրջանը դժոխքում նրա համար փոխարինվում էր այլ մեկով։ Իսկ երբ կպչուն դժոխքից նրան հաջողվում էր դուրս պրծնել, նա դարձյալ դառնում էր անգթության բանաստեղծը. կարեկցանքն ինքն իր հանդեպ առաջինն էր չորանում և անհետում։ Սովորաբար դա դաժանություն են կոչում՝ դե ինչ, այդպես էր ասում նաև ինքը։ Արտոն ինձ ցույց տվեց, դե ոչ, նա մեզ բոլորիս ցույց տվեց, որ ճշմարիտ բանաստեղծը գործարքի մակարդակի չի իջնում, նա երբեք չի «խաղում» կրակի հետ՝ պարզապես մտնում է նրա մեջ, որպեսզի բռնկվի և այրվի։ Այդպիսի հրդեհ դարձավ բանաստեղծ Անտոնեն Արտոյի կյանքը՝ հրդեհ, որը ոչ մեկը, նույնիսկ լավագույն ընկերներն ու ամենահավատարիմ ընկերուհիները զորու չէին մարելու, նրան անկարելի էր տիրապետել, բայց դիմանալ նույնպես անհնար էր։ Սոսկ փոքր-ինչ ճանաչելով Արտոյին, ես մեկեն հասկացա, որ նա դատապարտված է մենության՝ մեռյալ անմարդաբնակության մեջ, որի խավարում չի նշմարվում երկարած ձեռքը։ Միակ ելքը մնում էր խռովությունը՝ ամենօրյա, համընդգրկուն, անդառնալի։ Հենց Արտոյի պոեզիան մեզ հուշեց այդ ելքը։ Այն դարձյալ մեզ կանչում է խռովության՝ այսօր։ Եվ հուշը նրա մասին տոչորում է՝ ինչպես առաջ։
- Ֆիլիպ Սուպո «Հուշ Արտոյի մասին»: