Արամ Խաչատրյան

հայ կոմպոզիտոր

Արամ Խաչատրյան (հունիսի 6, 1903, Թիֆլիս — մայիսի 1, 1978, Մոսկվա), հայ անվանի կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռուսական կոմպոզիցիայի դպրոցի և հայ դասական երաժշտության ներկայացուցիչ։

Արամ Խաչատրյան

Քաղվածքներ

խմբագրել
  • Ժողովուրդից առած ոգեշնչումը անսպառ է. արվեստագետի համար ամենամեծ համալսարանը ժողովուրդն է[1]։
  • Իրեն զգալ ժողովորդի մի մասնիկը, սնվել նրա արվեստի անսպառ աղբյուրներից, լինել նրա կենսական շահերի արտահայտիչը — մի՞թե սա չէ ամեն մի իսկական արվեստագետի վեհ նպատակը[1]։
  • Վախեցիր ճակատագրից, եթե այն առատորեն փաղաքշանք է պարգևում[2]։
  • Ես աթեիստ եմ, բայց ես հայ ժողովրդի զավակն եմ, ովքեր առաջինն են եղել, որ ընդունել են քրիստոնեություն, այսպիսով՝ Վատիկան այցելելը իմ պարտքն էր[3][4]։
Բնօրինակ՝ Я — атеист, но являюсь сыном народа, первым в истории официально принявшим христианство, и потому посещение Ватикана было моим долгом.

Արամ Խաչատրյանի մասին

խմբագրել
  • Արամ Խաչատրյանը խորապես զգաց և ըմբռնեց հայ ժողովրդի երգի ոգին և դրանով ոգևորեց իր թարմ և գեղեցիկ երաժշտությունը։ Նա հայ երգը իր գեղարվեստական մեծ տաղանդի պրիզմայով անցրած ներկայացրեց աշխարհին[5]։
Ավետիք Իսահակյան
  • Ահա երկից երկ Խաչատրյանը հարազատ դարձավ ինձ։ Լսում ես և զգում, որ գործ ունես արվեստագետի հետ, որի հավատամքը հաստատվել է իր ժողովրդի նկատմամբ ունեցած ակտիվ վերաբերմունքից։ Արժեքը միայն նրանում չէ, որ կոմպոզիտորն իր ներկապնակը սնուցանել է ժողովրդական երաժշտության գանձարանից։ Արվեստի, հատկապես երաժշտության պատմության մեջ նման երևույթ տարածված է։ Ինձ համար նրա արվեստի մեծագույն արժեքը ժողովրդի կերպարի հավաքական կերտման, հայրենի բնաշխարհի ու ժողովրդի խառնվածքի ներդաշնակումով վրձնած բնութագրի մեջ է։ Խաչատրյանի ընդգրկումները մասշտաբային են[5]։
Մարտիրոս Սարյան
  • Իսկական արվեստը ունի մի շարք կարևոր պահանջմունք ևս։ Դա սեփականի, անհատականի հաստատումն է։ Խաչատրյանի արվեստը նոր ներդրում էր ազգային մշակույթի համար։ Այդ ներդրումը բացեց բազում ուղիներ, արվեստի խորհրդավոր, հրապուրիչ ուղիներ։ Մայր ուղիով ընթացողը մնաց ինքը՝ Խաչատրյանը։ Ու մինչ այսօր քայլում է նա իր հաստատուն քայլերով՝ հաղորդակից դարձնելով հայրենի երաժշտությունը համաշխարհայինի ընթացքին[5]։
Մարտիրոս Սարյան
  • Անգնահատելի է Արամ Խաչատրյանի ներդրումը հայ ժողովրդի երաժշտական գանձարանում և սովետական երաժշտական արվեստում ամբողջությամբ[5]։
Հովհաննես Բաղրամյան
  • Խաչատրյանը մեր երաժշտության Ռուբենսն է[5]։
Բորիս Ասաֆև
  • ...Անցած տասնամյակներում Արամ Խաչատրյանը համաշխարհային երաժշտությունը հարստացրեց շատ ժանրերի հոյակապ ստեղծագործություններով։ Ովքեր, լսելով առաջին սիմֆոնիան, հավատացել են նրան, չեն սխալվել, ոչ մի անգամ չեն հիասթափվել։ Խաչատրյանի յուրաքանչյուր նոր ստեղծագործություն դարձել է արվեստի տոն... Այո, մեծ է Արամ Խաչատրյանի ավանդը մեր օրերի երաժշտության մեջ։ Նրա անունը լայն ճանաչում է ստացել ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում։ Նա ունի տասնյակ աշակերտներ և հետևորդներ, որոնք զարգացնում են այն ազնիվ սկզբունքները, որոնց նա ինքը միշտ հավատարիմ է մնում։
...Երբ մտածում ես արվեստում այդ հիանալի երևույթի պատճառների մասին, հասկանում ես, որ դրա արմատները արվեստագետի տաղանդի, նրա ազգային հիմքի, նրա նորարարական ձգտման և դրա հետ մեկտեղ՝ դասական ավանդույթներին նրա հավատարմության երջանիկ զուգակցման մեջ է[6]։
Դմիտրի Շոստակովիչ
  • Մեզանից հեռացավ զարմանալի տաղանդը, մեծագույն երաժիշտը։ Նա իսկական ժողովրդական երաժիշտ էր՝ բառիս բարձրագույն իմաստով, և իր պայծառ ստեղծագործություններով միշտ կապրի ժողովրդի հետ։ Նրա երաժշտությունը հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու Հայաստանը, հայ ժողովրդին, նրա պատմությունը, նրա ոգին։ Արամ Խաչատրյանի «Սպարտակը» սովետական և համաշխարհային երաժշտության մեծ հաղթանակն է[7]։
Գեորգի Սվիրիդով
  • Արամ Իլյիչ Խաչատրյանը իր ստեղծագործական ուղու առաջին քայլերից զարգացել է որպես արվեստագետ-ինտերնացիոնալիստ։ Արամ Իլյիչը իր բեղմնավոր գործունեության հենց սկզբից հանդես եկավ որպես սովետական արվեստագետ, որն իր վեհ խնդիրն է համարում դարաշրջանի քաղաքական ու բարոյական առաջավոր իդեալի հաստատումը[7]։
Տիխոն Խրեննիկով
  • Խաչատրյանը հարուստ է այն ամենով, ինչ նրան տվել է հայրենիքը, նրա հարազատ Հայաստանը։ Նրա երաժշտական հոգին համարվել է հիանալի, գունեղ ժողովրդական երգայնությամբ, որը դարձել է նրա երաժշտական մտածողության հիմքերի հիմքը...
...Իր հզոր ձիրքի ուժով Խաչատրյանը կյանքից առատորեն պարգև ստացած բոլոր հարստությունները դարձրել է մի միասնական օրգանական համաձուլվածք։ Այդ համաձուլվածքում, որի անունն է Արամ Խաչատրյանի ոճը, բացառապես ամեն ինչ՝ ինտոնացիաները, ռիթմերը, տեմբրերը, ներդաշնակությունը, ձևը, ժանրը անբաժանելի են միմյանցից, ինչպես անբաժանելի են երաժշտության բովանդակությունից[7]։
Դմիտրի Կաբալևսկի
  • Արվեստը, ինչպես և գիտությունը, ունի իր փայլուն գագաթները, որոնք կազմում են համաշխարհային մշակույթի մեծագույն հարստությունը, ամբողջ մարդկության պարծանքը։ Այդպիսի գագաթներից մեկն է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը[7]։
Վիկտոր Համբարձումյան
  • Խաչատրյանը՝ մեծ կոմպոզիտորը, արվեստագետը, ուսուցիչը, հասարակական գործիչը և քաղաքացին, հեռացավ մեզանից։ Բայց ձյունապատ լեռնագագաթների վեհությունը ավելի լավ է ընկալվում հեռվից։ Ահա ինչու նրա անզուգական, սքանչելի ստեղծագործությունը, ընդմիշտ ծառայելով մարդկությանը, կապրի և կփայլի հավերժ։ Այն միշտ կմնա ժողովրդի սրտում՝ որպես ամենաթանկագին և նվիրական ժառանգութուն[7]։
Վիկտոր Համբարձումյան
  • Նա անմահ ու հավիտենական է, որովհետև գոյություն ունի սրբագույնի այն իմաստավորումը, որ կոչվում է Պարթև Սահակ, Շնորհալի Ներսես, Վարդապետ Կոմիտաս և ինքը, որովհետև այն, ինչ եղավ ինքը, եղավ բազմազգ սովետական երաժշտության ջահակիրը։
Երաժշտության ուժը, ովքեր տարել են, գիտեն, որ երջանկության ու կեսունակության գինը անսահման է, գիտեն, որ քանի դեռ մեր ժողովրդի երգելու ու երաժշտության ինքնատիրապետման իմաստությունը գոյություն ունի, Արամ Խաչատրյանի ստեղծածն երաժշտության ինքնատիպությունն ու հավաստիությունը միջամտության կարիք չունի։ Արամ Խաչատրյանի գոյությունը իր ծնունդով չի սկսվում, այլ սկիզբ է առնում Խորենացու գրանցած գողթան երգերից ու, մանավանդ որ ինքը Գողթան աշխարհի ծնունդն է, որ հրա՜շք, հրա՜շք է։ Աշխարհի համար շռա՜յլ, մեզ համար շռա՜յլ[7]։
Տիգրան Մանսուրյան
  • Նա մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ, մեծերի հետ չափվելու խորհուրդը եղավ փոքրաթիվ մեր ժողովրդի։
Նա մեր ապրելու կորովը, մեր ոգորումների կանչը, մեր դարավոր հառաչանքն ու մեր տխրության ճիչը թարգմանեց այս մոլորակի բոլոր մարդկանց հասկանալի մի լեզվով՝ հնչյունների կախարդական լեզվով... Դարձավ քաղաքակրթության մեր վկայականը և սահման ու պատնեշ չճանաչող մեր անգիր անձնագիրը հավիտենության մեջ մշտական գրանցումը։
Նա մեր հանճարեղ ստեղծագործությամբ բոլոր սերունդների երաժիշտներին ու դպրության մշակներին ցույց տվեց մեզ աշխարհամեջ հանել և աշխարհն արվեստով նվաճելու միակ ճշմարիտ ճանապարհը[7]։
Համո Սահյան
  • Արամ Խաչատրյանը մեր կոմպոզիտորներից առաջինն էր, որ կարողացավ անվիճելի համոզչությամբ բացահայտել զորեղ դրամատիկական ապրումներ, հայրենասիրական գաղափարներ, խոր հոգեկան մղումներ արտահայտելու Արևելքի սիմֆոնիկ երաժշտության բազմատեսակ հնարավորությունները[7]։
Դմիտրի Շոստակովիչ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 155. 
  2. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 34. ISBN 99930-2-276-4. 
  3. Վոլկով, Սոլոմոն, «Они сократили целых 4 такта моей музыки!», The New Times (Russia).
  4. «Воспоминания о маэстро», Noev Kovcheg Magazine, ապրիլ 2006.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 142։
  6. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 142-143:
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 143։
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Արամ Խաչատրյան հոդվածը նաև Վիքիպեդիայում:


 
Վիքիպահեստի լոգոն
Վիքիպահեստում կա այս նյութին առնչվող էջ՝