Դեղատուն Անի
«Դեղատուն Անի», հայ արձակագիր Վարդգես Պետրոսյանի վեպը՝ գրված 1973 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Սեր չկա, սերը Ռոմեոն ու Ջուլիետն են հորինել և իրենց հետ էլ տարան այն աշխարհը, բոլոր տղաների մտքինն էլ, ի վերջո,նույնն է, միայն թե մեկը ցերեկով մոմ է վառում, մյուսը՝ էլեկտրական լույս, երրորդը՝ բանալիով անմիջապես փակում է դուռը։ Փողոցում կյանք կոչվող կոնվեյերն է, ոչ ոք մյուսին չի ճանաչում, չի տեսնում, չի սիրում, որովհետև փողոցում միայն, միայն մեքենաներ են։
- Ինձ թվում է, որ մարդուն ստեղծելիս Աստված կնոջը մի կտոր հայելի է տվել, իսկ տղամարդուն՝ մի կտոր խելք և դրա համար էլ արդեն քանի հազարամյակ է մեկն իր դեմքով է զարմացած, մյուսն իր խելքով։
- - Ժամը քանի՞սն է, չե՞ք ասի․․․ Ես գիտեմ, որ դա դատարկ հարց է։ Հարցնողը և՛ ժամացույց ունի, և՛ մի ամբողջ հավերժություն ազատ ժամանակ, ժամ հարցնելն ուղղակի ամենաանտիկ ձևն է աղջիկների հետ ծանոթանալու։ Ինձ թվում է Պարիսն էլ Հեղինեի հետ ծանոթանալու համար ժամը հարցրեց․ արդյունքում կործանվեց մի լավ քաղաք՝ Տրոյան։
- Եղբայրները չեն ուզում իրենց քույրերի հետ կինո գնալ, երբ որ 17-18 տարեկան են դառնում, նրանք ուրիշ աղջիկ են ուզում, ուրիշի քույր։
- Կան բաներ, որ ենթակա չեն կատակի։
- Ինչու՞ ենք մենք ուզում լկտի երևալ, ինչու՞ ենք վախենում սիրելուց, տառապանքից, մի՞թե մենք փչացած սերունդ ենք, ինչպես ասում են մեր մասին տրամվայում, սեղանների շուրջ, գրքերում։
- Լավ չէ՞ր լինի, որ մեր ծննդականների հետ հենց դիպլոմներ տային։ Ում ծնողն ինչ ուզում է։ Չէ՞ որ, ի վերջո, այդպես է լինում։ Ծննդականից մեզ տուն կբերեն իբրև բժիշկ կամ ինժեներ, ճարտարապետ, գրող, իսկ ով ուզում է, թող հետո սովորի իսկականից։
Աղբյուրներ
խմբագրել- Վարդգես Պետրոսյան, «Դեղատուն Անի» – grqamol.am
- Դեղատուն Անի – grqaser.org