Դեն Գիլմոր (անգլ.՝ Dan Gillmor, 1951), ամերիկացի գրող, ակտիվ բլոգեր, լրագրող, դասախոս և մեդիա ձեռներեց։ ԱՄՆ Արիզոնայի նահանգային համալսարանի Ուոլթեր Քրոնքայթի լրագրության և զանգվածային հաղորդակցության դպրոցի Նայթ (անգլ.՝ Knight) թվային մեդիա ձեռներեցության կենտրոնի ղեկավար[1]։ «Մենք ենք մեդիան» և «Մեդիակտիվ» գրքերի հեղինակը։

Դեն Գիլմորը Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում, 2015

Քաղվածքներ

խմբագրել
  • Մենք ապրում ենք տեղեկատվության գերառատության դարաշրջանում, և մեր կողմից դիտվող, ունկնդրվող ու ընթերցվող տեղեկատվությունից շատ-շատ բան սխալ է, խաբկանք կամ նույնիսկ վտանգավոր։ Սակայն դուք և ես կարող ենք վերահսկել մեդիան և ստիպել, որ այն ծառայի մեզ՝ մեզ բոլորիս՝ լինելով ակտիվ սպառող ու մասնակից[2]։
  • Նորիկո Տակիգուչիի շնորհիվ ես ավելի լավ անձնավորություն եմ։ Նա ինձ խելքի է բերում և լուսավորում է իմ կյանքը[2]։

Քաղվածքներ Գիլմորի և նրա գրքերի մասին

խմբագրել
  • Դեն Գիլմորն ավելի խոր, արդյունավետ և երկար է մտածել մեդիա էվոլյուցիայի հաջորդ փուլերի մասին, քան ուրիշ որևէ մեկը։ «Մեդիակտիվում» նա իր գաղափարների ու փորձերի արդյունքները համատեղում է մի ուղեցույցում, որը լի է գործնական խորհուրդներով ու երկարաժամկետ ներշնչանքով բոլոր նրանց համար, ում վրա ազդում են լրատվական միջավայրում տեղի ունեցող արագ փոփոխությունները։ Այս գիրքը նրա «Մենք ենք մեդիան» արժեքավոր գրքի արժանի շարունակությունն է[2]։
Ջեյմս Ֆելոուզ, «Ատլանտիկ» ամսագիր, «Բացիկներ Վաղվա հրապարակից» հոդվածաշարի և «Աղճատելով լուրերը» գրքի հեղինակ
  • Դենի գիրքն օգնում է հասկանալու, թե երբ է մեր կարդացած լուրը վստահելի և արժանահավատ և ինչպես որոշել, թե երբ է այն միտված մեզ խաբելու։ Արժանահավատ մամուլն անհրաժեշտ է ժողովրդավարության գոյատևման համար, և մենք իրոք ունենք այս գրքի կարիքը հենց այսօր[2]։
Քրեյգ Նյումարքը «Մեդիակտիվ գրքի մասին», craigslist կայքի հիմնադիր
  • Վարպետության դաս 21-րդ դարի մեդիա գրագիտության ոլորտում, որը լիարժեք կերպով աշխատում է բոլոր մակարդակներում՝ վիքի ծրագրակազմով նավարկելու ամենափոքր մանրամասներից մինչև օրենքի և քաղաքականության բարեփոխմանն ուղղված ողջամիտ ու խելացի առաջարկներ՝ լուրերն ավելի հուսալի ու անաչառ դարձնելու համար։ Տեղեկատվության դարաշրջանում Գիլմորը լրագրողի տեղեկատու է։ «Մեդիակտիվն» ինձ մոտ ոտքի կանգնելու և պատիվ տալու ցանկություն առաջացրեց[2]։
Քորի Դոքթրոու, BoingBoing կայքի համախմբագիր, սեփականատեր, «Հանուն հաղթանակի» գրքի հեղինակ
  • Քանի որ պրոֆեսիոնալ և քաղաքացիական լրագրողների միջև սահմանը գնալով անորոշ է դառնում, ուստի «Մեդիակտիվն» օգտակար ճանապարհային քարտեզ է տրամադրում՝ օգնելու մեզ դառնալ ավելի հնարամիտ սպառող և հեղինակ[2]։
Սթիվ Քեյս, «Ռեվոլուշն» ՍՊԸ նախագահ և գործադիր տնօրեն, America Online ընկերության համահիմնադիր
  • Ամեն ինչ ճշմարիտ է՝ առնվազն մեկի համար։ Եվ ահա սա է խնդիրը գերմիջնորդավորված աշխարհում, որտեղ բոլորը և յուրաքանչյուրը կարող են ներկայացնել իր սեփական իրականությունը։ Գիլմորը քայլեր է ձեռնարկում այս խնդրի դեմ՝ պահանջելով, որ պասիվ սպառողից դառնանք նոր ձևավորվող մեդիայի ակտիվ օգտվող։ Եթե այս գիրքը ձեզ չհանի «Ֆեյսբուքից» և վերադարձնի իրական համացանց, ուրեմն ոչինչ չի կարող դա անել[2]։
Դուգլաս Ռաշկոֆը «Մեդիակտիվ գրքի մասին», «Ծրագրավորի՛ր կամ եղի՛ր ծրագրավորված․ տասը հրահանգ թվային դարաշրջանի համար» գրքի հեղինակ
  • Կարևոր գիրք, որը ցույց է տալիս մարդկանց, թե ինչպես պետք է լողալ, այլ ոչ թե խեղդվել տեղեկատվության այսօրվա տարափի մեջ։ Դեն Գիլմորն ապրում է թվային տեղեկատվության առաջնագծում, և չկա ուրիշ մեկը, ով ավելի լավ կօգնի մեզ հասկանալու մարտահրավերներն ու հնարավորությունները կամ տալու ճիշտ հարցեր[2]։
Ռիչարդ Սեմբրուքը «Մեդիակտիվ գրքի մասին», «Էդելման» ընկերության փոխնախագահ և բովանդակության գծով գլխավոր տնօրեն, BBC հեռուստաընկերության «Համաշխարհային լուրերի» նախկին տնօրեն
  • Այնպիսի վճռական պահի, երբ վտանգված է լրագրության և ժողովրդավարության ապագան, անսպասելիորեն հայտնվում է «Մեդիակտիվը»՝ իր իմաստուն և գործնական խորհուրդներով։ Ռահվիրա լրագրող և լրագրողների ուսուցիչ Դեն Գիլմորը գործնական ուղեցույց է առաջարկում այն քաղաքացիներին, ովքեր այժմ պետք է դառնան մեդիայի ակտիվ արտադրող և քննադատ-սպառող։ Կարդացե՛ք այս գիրքն անմիջապես, գնե՛ք մեկը ձեր ընկերոջ, մյուսը՝ ուսանողի համար, ապա հետևեք Գիլմորի խորհուրդներին[2]։
Հովարդ Ռեյնգոլդ, «Սմարթմոբզ» և մեր թվային ապագայի մասին այլ գրքերի հեղինակ
  • Դեն Գիլմորի առաջին գիրքը՝ «Մենք ենք մեդիան», անփոխարինելի ուղեցույց էր «նախկին լսարանի» զարգացման, այսինքն՝ այն կենսական դերի համար, որով մեդիա սպառողներն սկսում էին հանդես գալ՝ մեդիա ստեղծելով և տարածելով։ Այժմ «Մեդիակտիվում» Գիլմորը զարգացնում է իր ավելի վաղ կատարած աշխատանքը՝ հստակ և հակիրճ բացատրելով, թե թվային դարաշրջանում ինչպես հասնել մեդիա գրագիտության։ Պարզ ուղեցույցների և ճիշտ ընտրված օրինակների միջոցով Գիլմորը ցույց է տալիս, թե յուրաքանչյուրն ինչպես կարող է նավարկել կիսաճշմարիտ, չափազանցված և բացարձակ ստահոդ լուրերի մեջ, որ այսօր թափանցում են մեդիա միջավայր, և հասկանալ, թե որն է ճիշտը և կարևորը։ Ինչպես Գիլմորն է գրում՝ «Երբ ունենք տեղեկատվության անսահմանափակ աղբյուրներ, և երբ այդքան շատ բան կասկածահարույց է, մեր կյանքը վերածվում է մարտահրավերի, բայց և ավելի հետաքրքիր է դառնում»։
Դեն Քենեդի, Նորթիսթերն համալսարանի լրագրության դասախոս, Boston Phoenix-ի նախկին մեդիա քննադատ և Media Nation բլոգի հեղինակ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Digital Media Leader Named Knight Center Director, Kauffman Professor at ASU։ Arizona State University (2007-11-06)։ Վերստացված է՝ 2008-03-10։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Դեն Գիլմոր (2015 թ․). Մեդիակտիվ. Երևան: «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ. էջեր 212. 


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Դեն Գիլմոր հոդվածը նաև Վիքիպեդիայում: