«Դեպի անհունը», Հովհաննես Թումանյանի պոեմներից, որ գրվել է 1894 թվականին։

Քաղվածքներ

խմբագրել
Երկուսն էլ անցվոր, երկուսն էլ պատրանք։
Եվ թե հաստատուն մի բան կա անմահ,
Արղյոք իմաստուն հոգին չի՞ միայն նա.
Որ թե հարթըմնի և թե երազում
Ապրում է, տեսնում, ըզգում ու հուզվում...[1]
  • Մենք հողեղեններս՝ անճար ու չընչին,
Ի՜նչ ենք աստուծո կամքի առաջին...
Բաց է էս ճամփեն ամենքիս համար.
Ծեր, երիտասարդ, մեղավոր, արդար,—
Ամե՜նք, ամենքը, էստեղ ինչ որ կան,
Էսօր թե էգուց ամենքը կերթան.
Ով որ կըմընա,
Թող նա պարծենա[2]։
  • Ու հանկարծ ես էլ
Ուզեցի հաշտվել հըզոր մահի հետ.
Անճար, ակամա սկսա մըտածել,
Թե մահը լավ է, միայն մենք՝ տգետ,
Մենք խեղճ, կարճամիտ, ու չենք հասկանում՝
Ինչպես է գալիս և ուր է տանում,
Թե՝ և՛ կյանք, և՛ մահ—անցավոր, ունայն
Մի մեծ հավերժի ձևերն են միայն,
Ինչպես որ ահա «երեկն» ու «էսօր»[3]։
  • Եվ ի՜նչ է սիրո իմաստը վերին,
Ի՜նչ երջանկության խորհուրդը խորին,—
Հալվե՜լ, միանա՜լ,
Իրեն մոռանալ...[4]
  • Եվ ի՜նչ է մարդը, և ի՜նչ իրեն կյանք.—
Եղծական ձևեր, ձայներ, շարժումներ։
Հավերժականը չունի կերպարանք,
Նա լուռ է, անշարժ, հաստատ, աներեր...[5]
  • Եվ էն աշխարհը հըրաշալի՜ էր.
Ո՛չ սուգ կար էնտեղ, ո՛չ վայելք, ո՛չ սեր,
Ոչ կարելի էր կորցընել մի բան
Եվ ոչ ունենալ քաղց ագահության....
  • Տըժգույն, անարև, աղոտ լուսի մեջ
Աղոթում էին անձայն ու անվերջ,
Աղոթքն էլ սակայն ոչինչ չէր խընդրում.
Ո՛չ ազատություն, ո՛չ մահ, ո՛չ խընդում...[6]
  • Մի օր էլ մենք ենք էսպես գընալու,
Կյանքն էլ է դատարկ, մարդն էլ է դատարկ,
Ո՜վ է աշխարքիս վըրա մընալու.
Անցավոր են ողջ— բախտ, վայելք ու փառք...[7]

Աղբյուրներ

խմբագրել
  1. Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 219։
  2. Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 221։
  3. Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 221-222։
  4. Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 222։
  5. Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 223։
  6. Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 225-226։
  7. Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 228։


 
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝