«Ես և նա» (Մի կորած մարդու հիշատակարանից), Նար-Դոսի պատմվածքներից, որ նա գրել է 1889 թվականին։

Քաղվածքներ

խմբագրել
  • Ես սիրում էի նրան։
Կրկնե՞մ արդյոք սիրո այն խոսքերը, որոնք այնքան ծիծաղելի ու տաղտկալի են թվում կյանքի հմայքը կորցրած սկեպտիկներին, բայց որոնք մի-մի հայտնություններ են նորաբողբոջ սիրող սրտերի համար։
  • Առաջ, երբ բնավ չէի կասկածում նրա սիրոււն և լիովին հավատացած էի, որ նա իմս է և իմս է լինելու, իմս անբաժան ու հավիտյան, ինձ թվում էր, թե այնպես ուժգին չէի սիրում նրան, ինչպես այժմ, երբ նա դավաճանել էր ինձ, և ես արդեն կորցրել էի նրան առմիշտ ու անդարձ։ Այդպես է լինում միշտ․ սիրույդ առարկան կրկնակի սիրելի է թվում նրան կորցնելուց հետո։
  • «Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։
Մենք վերևն ենք, դու ներքևը, էլ մի՛ գա։ Մոռացի՛ր ինձ»։
  • ― Ավա՜ղ, սինյորա, ներեցեք ինձ, որ ես չլսեցի ձեզ և թեպետ այլևս չեկա ձեզ մոտ, բայց չմոռացա ձեզ, այլապես ձեր այս նամակը այսպես խնամքով չէի պահի ինձ մոտ։ Սա մի անգնահատելի գանձ է, որ դուք պարգևեցիք ինձ, և այս գանձն աչքիս լույսի պես կպահեմ մինչև մահս, որովհետև եթե ձեր այս նամակը չլիներ, ես թերևս այն չլինեի, ինչ որ եմ այժմ։ Ես մոռացա ձեզ, այո՛. բայց, ինչպես երևում է, դուք մոռացել եք այն անդունդը, որ մեզ բաժանում էր իրարից։ Դուք վերևն էիք,— ես ներքևը, և այդ ձեզ իրավունք էր տալիս արհամարհանքով նայելու դեպի ներքև։ Բայց դուք հաշվի չէիք առել, որ ներքև գտնվողները երբեմն թևեր են առնում, թռչում վերև, և, վրիժառության զգացումով լեցուն։ Այն օրը, որ դուք ձեր բարձունքից արհամարհանքով մերժեցիք ինձ— ներքև գտնվողիս, ես երդվեցի վրեժ առնելու և, դրա համար ուրիշ միջոց չգտա, բայց եթե միայն բարձրանալ, միշտ բարձրանալ, անդադար բարձրանալ, մինչև որ իր ձեռակերտ ապարանքի բարձունքից ինձ վրա նայող քմահաճույքն ինքը գար իմ անձեռակերտ բարձունքի առջև ծնրադրելու։ Այսօր ես հասա իմ նպատակին։ Բայց նորից սիրել նրան, ով խաղում է ուրիշի նվիրական զգացամների հետ, ով տարբերություն է դնում վերևի և ներքևի միջև, ավա՜ղ, սինյորա, ես չեմ կարող։
  • Մի սիրավեպ՝ հար և նման իմ սիրավեպին, մի սուր հակադրությամբ միայն․ այստեղ ես էի― իմ բուրժուական միջավայրի հարազատ ծնունդը, տաքուկ ապրելու սովոր, կամազուրկ, փափկամարմին մի ինտելիգենտ, որ առաջին իսկ հարվածից ընկնում է այլևս չելնելու համար, իսկ այնտեղ նա― աշխատավոր ժողովրդի ծոցից ելած անապաստան, թափառական մի պատանի իր միջավայրի երկաթակուռ կամքով, որով զինված, ոչ թե ընկճվում է ինձ պես առաջին իսկ հարվածից, այլ ընդհակառակը, ո՜վ գիտե ինչ դժվարություններ հաղթահարելով, հետզհետե բարձրանում է մինչև գլխապտույտ բարձունքները, որպեսզի այնտեղից վրիժառության թույնը թափի իր մարդկային արժանապատվությունն արհամարհողների, իրեն նվաստացնողների գլխին։
Բարձրանալ, միշտ բարձրանալ, անդադար բարձրանալ․․․ Օ՜ ի՜նչ հրաշալի վրիժառություն, որի համար, սակայն, ես անընդունակ եղա։
Եվ այնուհետև ինչպե՞ս չհավատամ իմ դասակարգի ճակատագրին, որին բնական մի անեծքով դատապարտված նա հետզհետե այլասերվելով, պիտի դառնա ինձ պես իբրև փտած ծառի կոճղին բսած մի մգլած մակաբույծ և չքանա անհետ, տեղի տալով նրա՛նց, որոնք ներքևից բարձրանում են վերև...

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ես և նա (պատմվածք) հոդվածը նաև Վիքիպեդիայում: