Երվանդ Սակավակյաց (պատմավեպ)
Երվանդ Սակավակյաց (պատմավեպ), հայ գրող Հայկ Խաչատրյանի պատմավեպը, որում արտացոլվում է իր ինքնուրույնության, անկախության և ազատության համար մարտնչող հայ ժողովրդի հերոսական պայքարը մ.թ.ա. 6-րդ դարում։
Քաղվածքներ
խմբագրել- Այդ կռվի ժամանակ Վարբակես Կիաքսարին հայկական մի զորագնդով օգնում էր Պարույր Սկայորդին։ Վերջինս կարող էր գերի վերցնել ասորիների Սարակ արքային։ Սարակը աչքի մի պոչով նայում էր Պարույր Սկայորդու կողմը, մյուս պոչով՝ բոցերի մեջ մոխրացող իր ապարանքին։ Սարակի մեջ հաղթեց ասորական արքայի վեհանձնությունը և նա հետևելով իր քեռու՝ Շամաշումուկին արքայի օրինակին, իրեն նետեց այրվող պալատի բոցերի մեջ։ Սկայորդին կարող էր կանխել դեպքերի ընթացքը և գերի վերցնել Սարակին։ Բայց նա դա չարեց և երբ այդ մասին պատմեց Վարբակեսին, վերջինս ասաց.
- — Արքայական թագի է արժանի այն մարդը, որն օգնում է կործանվող արքային` արքայավայել հրաժեշտ տալու աշխարհին։
- Չէ, թագավորությունը թագավորություն, բայց աշխարհում ամենաթանկ բանը ինքնուրույնությունն է, անփոխարինելի հարստությունը՝ ազատությունը։ Ինքդ պիտի թագ դնես քո գլխին և ոչ թե աչքդ տնկես ուրիշի ողորմածությանն ու բարեհաճությանը։ Ուրիշի չվանով հոր չեն իջնի։
- Բարձունք ելնելու համար մեկը ստորոտից է սկսում, մեկը ստորոտին մերձ լանջից, մեկը՝ կես լանջից, հաջորդը կատարին մերձ լանջից, մյուսն իրեն գտնում է կատարի վրա, ինչպես ես։
- Մարդկային հոգեկերտվածքի ամենապահպանողական գիծը դաժանությունն է, որը երբեմն քողարկվում է ամեն տեսակ ծիծաղով։
- Կապույտը հայոց ամենասիրելի գույնն է։ Կապույտ են Վանա ծովակի ու Արածանիի ջրերը, հայոց երկինքը, հայկական աչքերը։ Երվանդունիների համար կապույտը աշխարհի բոլոր գուներանգների թագուհին է։
- Բոլոր մարդիկ էլ կյանքում լացում են, մեկը՝ շատ, մյուսը անհամեմատ քիչ։ Բայց յուրաքանչյուր մարդ ունենում է իր դառը լացը [1]։
- Կյանքում ամենից շատ տուժում է նա, ով դիմացինին հավատում է անվերապահորեն[1]։
- Ոչինչ չի տեսնում նա, ով միայն իրեն է տեսնում[1]։
- Կիսատ միտքը նման է կիսաբաց դռանը, ոչ ներսն է լրիվ երևում, ոչ էլ դուրսը[1]։
- Աշխարհում մի տեղ արարում էին, մի տեղ դավում։ Իսկ Կորայրը հնադարանի համար վիմագրում էր. «Եվ Երվանդ արքան թագն իր որդի Տիգրանին տվեց և չտրտնջաց, որ դրա համար նրան անվանեցին Սակավակյաց, այսինքն այր մի, որ գահի վրա սակավ կացավ, քիչ թագավորեց։ Իսկ ինքն ապրեց այնքան, որ հայր ու որդի դարձան երկարակյացներ։ Եվ իմաստուն էր Երվանդ Սակավակյացը։ Եվ նա պատգամեց իր բոլոր հետնորդներին, որ հայրենիքի ազատության ու անկախության համար մարդ պիտի նվիրաբերի ամեն բան և ոչինչ չվերապահի իրեն»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկ Խաչատրյան «Երվանդ Սակավակյաց»։ Grqamol.am (հունվարի 7, 2015 թ.)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 14, 2015 թ.։
Աղբյուրներ
խմբագրել- Հայկ Խաչատրյան։ «Երվանդ Սակավակյաց»։ Abcd.am։ Վերստացված է՝ սեպտեմբերի 14, 2015 թ.։