«Ինչու ես տխուր», Սեյրան Գրիգորյանի վեպը, որ հրատարակվել է 1989 թվականին։

Քաղվածքներ խմբագրել

  • Նա իհարկե չհասկացավ, թե ինչ է մեռնելը, բայց սիրտը վկայեց, որ դա վատ բան է։
  • Հենց հիմա, հենց այս գիշեր հարկավոր է փախչել այս դժոխքից… գուցե մեկ ուրիշ երկիր կա, ինչ ուզում է լինի, նա կհասնի այնտեղ…
  • Նա շունչը պահեց… ինչ-որ բան կոտրվեց նրա ներսում, անշնչացավ…
  • Մեռնելը հեշտ է, ապրելն է դժվար…
  • Բայց անկախ ամեն ինչից սիրիր մարդուն, թե չէ ապրելը պատիժ կդառնա քեզ համար։ Չարին իմացիր պատժել, բայց չարություն չգործես։
  • Ինչպե՞ս ինքն Մարիամիկին ասի՝ ես քեզ սիրում եմ… գուցե թղթի վրա գրի ու տա։ Բայց չէ, էդպես ինչ սեր. սերը չի կարող թղթի վրա լինել…
  • Եվ ահա մի օր, առավոտյան, նրան գտան զուգարանի լուսամուտի երկաթե ճաղից կախված։ Դա ցնցեց բոլորին։ Ադմինիստրացիան ասում էր՝ ուղեղը խախտվել էր։ Սաների կարծիքները տարբեր էին. աղջկա պատճառով է, թղթախաղում տարվել է, մոր համար է… իսկ Պառավ Գագոն ընդամենը մի երկտող էր թողել՝ «Էլ չեմ կարող…»։
  • Կրթություն ստանալ, նշանակում է կարողանալ Ճիշտ գործել առօրյա կյանքի ցանկացած իրավիճակներում։
  • Նա հոգնել էր, շատ էր հոգնել ինքն իրենից, ուզում էր մի քիչ էլ առանց իրեն ապրել։
  • Մարդիկ կան, որոնք իրենց կյանքի իմաստն ուրիշներին ծառայելու մեջ են տեսնում։
  • -Ինչու՞ ես հաշիշ ծխում։
– Չգիտեմ։ Ավելի ճիշտ` լավ եմ զգում ինձ, թեթևանում եմ, հոգիս պարզվում է, ապրելը հեշտանում…
– Հա։ Բայց գիտես չէ դրա վերջը ինչ է։ Մարդը դառնում է բութ ու անդամալույծ… տղամարդն էն է, որ դժվարությանը դիմանում է և ոչ թե խոնարհվում կամ փախչում։
  • Պարզապես զգում եմ որ ուրիշ մարդ եմ։ Մեկ էլ տեսար նույնիսկ ամենամոտ ընկերս դառնում է անհասկանալի, օտար, անբացատրելի։ Թե դա ինչ է, դժվար է ասել։ Մեկ-մեկ ինձ թվում է, թե գժվել եմ, որ ինձ խղճում են, դրա համար էլ ձևացնում են, թե ես, իբր, գիժ չեմ…
  • Էլ ո՞վ կհամաձայներ հաշտության մասին խոսել, երբ նրանցից ոչ մեկը էր պատրաստվում մյուսին զիջել։ Այդպես անցնում էին օրերն ու ամիսները…
  • Տեսնես ինչ հրաշքներից է ձուլված կինը, այդ խելակորույս, այդ մոգական, այդ աստվածաշունչ էակը։ Եվ չկա մի ուժ, որ դիմանա, չխոնարհվի այդ տարօրինակ էակին։
  • Նա հասկացավ, որ պատը ճակատով չի ջարդի, բայց շրջանցել կարելի է…
  • Աշխարհում ամենամեծ սուտը բնավ էլ սուտ չէ, այլ մարդու հնարած հեքիաթն է իր մասին, որը վեր է հանել ամեն ինչից ու պաշտում է։ Այդ հեքիաթը մեկ երևում է կրոնի, մեկ գաղափարի, մեկ անմահության… և ինչ տեսքով ասես, որ չի երևում։ Որպեսզի սեփական պատիժը գոնե քիչ թեթևացնի, մարդն իր կյանքը լցնում է սարքովի հիմարություններով, սարքովի գաղափարներով, սարքովի զգացումներով, սարքովի երջանկությամբ…
  • Սկզբից լավություն ես անում, իբր անշահախնդիր, հետո լավություն ես անում լավության դիմաց, հետո դիմացինիդ հասկացնում ես, որ վատություն չես ուզում անել, անկախ նրանից դու դա կարող ես, թե ոչ, և դա նրա համար դառնում է լավություն։
  • Վարպետորեն ամենաանհավանական ճշմարտություններն այնքան կրկնիր, մինչև անգամ ինքդ դրանց հավատաս, հետո դրանում ուրիշներին համոզելը ձեռեքի գործ է։
  • Երբեմն չասված բառերն ավելի հասկանալի են, քան ասվածները։
  • Ճշմարտությունը միգուցե լավ բան է, բայց եթե այն պետք չէ ոչ մեկին, գրոշ էլ չարժի։
  • Մարդու դժբախտությունը մարդ ծնվելու մեջ չէ, այլ դժբախտ ծնվելու։ Իսկ դժբախտ ծնվելիս, էլ փրկություն չունես դրանից։
  • Հավատը սպառվել էր, մարդիկ հնարովի, կեղծ, դիմակավոր էին թվում։ Իր ու նրանց միջև ոչ մի հարազատ թել չէր անցնում։ Այդ զգացումից սիրտը վախ ընկավ՝ բա հետո, ողջ կյանքն ինչպես է ապրելու օտարների ու օտարության մեջ։ Մի՞թե յուրաքանչյուր մարդ ամեն օր ու ժամ ինքն իր դեմ է ելնում, մի՞թե սեփական ԵՍ-ը չի հանդարտվում այնքան ժամանակ, մինչև չի գտնում իր սկիզբը, արմատը, հայրենի եզերքը։
  • Ոչ ոք չէր խանգարում նրա մենակությանը։ Իսկ մենակությունը երդվել էր, որ նրան երբեք մենակ չի թողնի։
  • Եթե մարդը կատարած սխալը չի փորձում ուղղել, այդ ժամանակ այն դառնում է գիտակցված հանցագործություն։
  • Յուրաքանչյուր բարի մարդ էլ պետք է զգա, որ այդ բարությունը գնահատում են, գոնե դրանով կարելի է փոխհատուցել այդպիսի մարդուն։
  • Երջանկությունը գանձ է, որը թաղված է բոլորիս համար անհայտ տեղում, մենք դատապարտված ենք այդ երջանկությունը որոնելու, երջանկությունն՝ ընդամենը ապրելու պատրվակ է։
  • Միայն իր հողում մարդը կարող է երջանիկ լինել, մնացած տեղերում նա հյուր է և ամեն ինչ՝ խաբկանք։
  • Կյանքը պայման է՝ մահից առաջ քեզ փորձելու, թե ով ես դու և ինչ արժես։
  • Այդ ժպիտը դիմակ էր նրա ու աշխարհի միջև։
  • Մարդը, որ թուլությունների ու հզորությունների մշտնջենական ստրուկն է, դատապարտված է նաև սեփական գաղտնիքները երբեք չհասկանալուն…
  • Ամեն հասարակություն արժանի է իր իսկ ստեղծած ստերին։ Իսկ դու գիտես, թե սուտն ինչու է հզոր. Սուտն ուժեղ է, որովհետև այն ամեն օր է ծնվում, իսկ ճշմարտությունը՝ մեկ անգամ։
  • Նա ամեն կերպ փորձում էր հասկանալ, թե տիեզերական սխալը որտեղ է թաքնված։
  • Մի՞թե մարդը դատապարտված է իր հակասությունների գերին լինելու։
  • Քայլ առ քայլ մենք բոլորս հեռանում ենք մեզանից, մոռանում մեզ ու մոտենում մեր մյուս եսին՝ անիմաստությանը։
  • Մարդ կա դիմացինին մի կտոր հաց է տալիս, որ իր բարեկամը դարձնի, մարդ էլ կա իր բարեկամին հաց է տալիս, որ իր ստրուկը դարձնի։ Ինձ թվում է, երբեմն արդարադատությանը ծառայում են, որպեսզի այն իրենց ծառայեցնեն։
  • Արդարությունը պաշտպանեք արդարադատության պաշտպաններից և հենց դրանով պաշտպանած կլինեք արդարադատությունը։
  • Երևի մարդու լավագույն մասը նրա երազանքներն են…
  • Մեռնելուց առաջ, չգիտես ինչու, մարդը ձգտում է մաքրվել, սրբանալ, դառնալ ճիշտ այնպիսին, ինչպիսին եղել է ծնվելու օրը։ Գուցե թուլություն է, գուցե նոր սկիզբ, ով իմանա…
  • Ծնվելիս մարդը լալիս է,- մտածեց նա,- չնայած հարազատները, չգիտես ինչու, ուրախանում են…
  • Մի՞թե գալիս է մի օր, երբ մարդ հանկարծ հասկանում է, թե ինքն ինչ զզվելի կենդանի է. լուռումունջ համաձայնում է դրա հետ ու իր գոյությունը քարշ տալիս ստերի ու անիմաստությունների քողի տակ։
  • Միայն մահն է լուծում անարդարության ու ցավի հարցը, իսկ մարդն ամեն կերպ փորձում է իր ապրելով ապացուցել, որ ապրելը դատապարտում չէ, որ գոյությունը դատապարտում չէ, հավատն ու հույսը դատապարտում չեն, սերն ու երազանքը դատապարտում չեն…
  • Ախ մարդիկ, մարդիկ, ինչպե՞ս չգիտեք, ինչպե՞ս չեք հասկանում, որ այդ հզոր էակը՝մարդը, նաև թույլ է և միշտ էլ կարոտ է մարդու կարեկցանքի։
  • Մեր ուղեղներն այնքան են մթագնել, որ սկսել ենք ամենասովորական անկեղծությունը հերոսություն համարել, իսկ անկեղծ բան ասողին՝չվստահել։
  • Երբ փոքր էի, միամտաբար կարծում էի, թե մարդը միայն մարդուց է ծնվում։ Ի՞նչ իմանայի, որ կան այնպիսինները, որոնք իրենց գազանային էությունը թաքցնում են մարդկային կերպարանքի տակ։
  • Ով մարդիկ, աղաչում եմ, թույլ տվեք մի վերջին անգամ խելագարվել, մի խանգարեք աղաչում եմ ձեզ, այլապես իսկապես կխելագարվեմ, գոնե վերջին անգամ…. վերջից առաջ, հետո կապրեմ ճիշտ ձեր ուզածով։
  • Ինչ ահավոր է, երբ մարդն ապրում է հնարված հեքիաթով, հնարված մտքերով ու գաղափարնեով, հնարված ուղեղով ու հոգով, հնարված սրտով ու աչքերով…Անգամ հնարված ցավով։
  • Երբեք հնարավոր չէ փոխհատուցել անմեղ մարդու կրած տառապանքներն ու զրկանքները, կորցրած հավատն ու խիղճը և տարիները։
  • Ազնվությունն ու շիտակությունը դարեր շարունակ մեջքները ծռած շրջում են աշխարհի փոշոտ ու ցեխոտ ճամփաներով, բայց ոչ ոք նրանց չի խղճում ու իր տուն չի տանում՝մի կտոր հաց տալու, որովհետև վախենում են, որ հանկարծ իրենք առանց մի կտոր հացի կմնան։ Իսկ ուտել ուզում են, և քանի որ այդ ցանկությունն ամեն ինչից վեր են դասում, հասցնում են ճիշտ ժամանակին «տեսնել» նրանց։ Սակայն չեն էլ ոչնչացնում այդ անպաշտպան ողորմելիներին, որովհետև մարդիկ պարզապես վախենում են, որ այլևս ոչինչ չի մնա, որի տեսքով դիմակ հագնեն և արդարության դահլիրճներում նստած «ուրիշի» մեղքերը դատապարտեն։
  • Արդարությունը պաշտպանեք արդարադատության պաշտպաններից և հենց դրանով պաշտպանած կլինեք արդարադատությունը։
  • Գալիս է մի պահ, երբ մարդու նկատմամբ բարությունը պարզապես դաժանություն է։ Այո, ծանր է հասկանալ այն, ինչը պետք չէ հասկանալ։

Աղբյուրներ խմբագրել

  • Գրիգորյան, Սեյրան։ «Ինչու ես տխուր»։ - քաղվածքներ «Գրքամոլ» կայք
  • Սեյրան Գրիգորյան, Ինչու Ես Տխուր, Երևան, 1989, 209 էջ։