Լռություն (Ավետիս Ահարոնյան)

«Լռություն», հայ գրող, հասարակական–քաղաքական գործիչ Ավետիս Ահարոնյանի ստեղծագործությունը, որը լույս է տեսել 1904 թվականին։

Քաղվածքներ

խմբագրել
  • Կնոջ կյանքը հենց մեծ լռություն է։ Սիրել խորը և անզուսպ սիրով, հոգու մեջ կրել մայրությունը, սրտի մեջ զգալ կյանքը իր ալեկոծ ու փոթորկոտ խորհուրդներով, վառ երազներով. և այս բոլորը լռության ու խավարի մեջ մաշել ու ոչնչացնել կամաց-կամաց՝ ահա շատ կանանց ճակատագիրը։
  • Հուսախաբ սրտերի մա՜հը… Ով կարող է չափել ցավի խորությունը, որ այդ մահվան ընկերն է։ Մեռնող սրտերը լռության մեջ փուլ եկող աշխարհներ են, որոնք այլևս երբեք չեն շինվում…
  • Լռության մեջ հրաշալիքներ են կատարվում, բայց եթե այդ բոլորը պիտի թաքնված մնան նույն լռության մեջ, ինչ արժեք ունի լռության մեջ կատարվածը։
  • Երանի՜ թե մեր այս դժբախտ աշխարհում ճչալ կարողանան բոլոր զոհերը, որոնք տառապում են լռության մեջ, ծածուկ տնքում են ցավերի բեռի տակ, տրորված են ոտների տակ և լալիս են իրենց սրտերի խորքում…
  • Բոլոր ոճիրները լռության մեջ են կատարվում։ Ես ատում եմ այդ լռությունը, նա հրեշի պես ծանրացած է աշխարհի վրա և օժանդակում է խավարի թանձրանալուն…
  • Գեղեցիկ կինը մի սֆինքս է մեծ ճանապարհի վրա, և նրա առեղծվածներից խուսափել անհնարին է։
  • Իսկական ու խորունկ ցավը լուռ է և գալարվում է լռության մեջ։
  • Տիեզերքում ոչինչ և ոչ ոք բացառապես իր համար չի շարժվում, ինչպես որ ծովի ոչ մի ալիք օղակ չի կազմում առանց բյուրավոր ուրիշ ալիքներ հրհրելու։
  • Ի՞նչ է կատարվում լռության մեջ, որ մեզանից այնպես խուսափում է և հայտնվում, երբ ինքն է կամենում, մի՞թե մեր բախտերի տերը միշտ լռությունն է և ո՛չ խոսքը։
  • Երբ շրթունքները նիրհում են, հոգին է զարթնում և գործի կենում։
  • Լռությունը զարհուրելի է,... նա բարոյական ավերածն է...ներքին թշնամին, որ կրծում է այնքան ազնիվ, անմեղ հոգիներ խուլ խավարի մեջ, ո՛չ, ես դողում եմ լռությունից։
  • Լռությունը ինքը սոսկումն է, եթե բնության մեջ ձայնը չլիներ, երկիրը սարսափից կճայթեր ու փշուր-փշուր ցրիվ կգար անհունության մեջ, եթե մարդը խոսք չունենար, հոգին կպայթեր զարհուրանքից, վայ այն հոգուն, ուր իշխում է լռությունը։ Համրերը միշտ համարյա խենթեր են նաև...
  • Այրիները նման են այն թռչուններին, որոնք մի անգամ ազատվել են թակարդից։ Սերն իբրև իդեալական , եթերային մի հարաբերություն սեռերի՝ դադարել է նրանց համար որևէ գին ունենալ, որովհետև կյանքը և իրերը դարձել են դրական։
  • -Այսպե՜ս...ես այդպես էլ ենթադրում էի, երբ տղամարդը կնոջ առաջ միշտ խրթտնած հորթի կերպարանք է շինում, ապուշ-ապուշ նայում երեսին, լալկան ճառեր ասում, նա կամ սիրում է, կամ սիրելու վրա է։
  • Երբ տղամարդը կնոջ մոտ համր է կտրում, խոսք չի գտնում ասելու, նա կամ սիրում է, կամ սիրելու վրա է։
  • Մեր ամբողջ կյանքն էլ մի երազ է, մի տխուր երազ, և հետո՝ մեր արածի արժեքը մեր մեջ, մեր հոգում պետք է փնտրել և ոչ դրսում։ Տարօրինակություն չկա աշխարհում, որովհետև հաստատուն, հավիտենական օրինակ նույնպես չկա։
  • Ամեն մի մասնակի գեղեցկության տակ մենք փնտրում ենք անհունը և չգտնելով՝ ասես զայրացած փշրում ենք ու անցնում։ Բնությունը ստեղծում է, և մարդը միայն ավերում։
  • Որքան բուռն ու անզուսպ է մի կին իր սիրո մեջ, այնքան կատաղի է և ահավոր իր ատելության մեջ։
  • Տղամարդիկ միշտ հեշտությամբ անարդար են լինում, երբ խնդիրը կանանց է վերաբերում։
  • Արցունքը, ծածուկ վիշտը, սիրո միակ, հաստատուն նշանն է։
  • Լռությունը շատ անգամ ավելի ջանք է խլում մեզանից, քան խոսքը։
  • Ամեն մի արտաքին կացություն, որ համապատասխանում է մեր ներքինին, բնավ տարօրինակ չէ, դրա հակառակը՝ կեղծիք է։
  • Սովորաբար մարդ չի կարողանում քնել կամ վշտից, կամ երջանկությունից։
  • Բոլոր ոճիրները լռության մեջ են կատարվում, ինչպես և բոլոր անօգուտ զոհերը, որոնք օժանդակում են խավարի թանձրանալուն։
  • Զարհուրելի է այն գոյությունը, որի հետ կապված է մի հանցանք, թեկուզ ակամա։
  • Տիեզերքի մեջ երևի ամեն ինչ մահ ունի... Անմահը միայն տառապանքն է, որ կապված է մարդկային խղճուկ ճակատագրին...մեռնու՜մ են, մեռնու՜մ են ամենքը...ինչ լավ է, որ աստղերն էլ են մեռնում, թե չէ մենակ մեր մահը սարսափելի կլիներ։

Աղբյուրներ

խմբագրել