Կարեն Սմբատյան
հայ նկարիչ
Կարեն Սմբատյան (ապրիլի 21, 1932 — դեկտեմբերի 27, 2008), հայ նկարիչ։
Քաղվածքներ
խմբագրել- Ձևը։ Դա հենց ինքը բովանդակությունն է։ Ձևը մեզ շրջապատող աշխարհն է։ Նկարիչը, երբ արհամարհում է ձևը, իր ստեղծագործությունը զրկում է կյանքից։ Ձևը լույսի և ստվերի բանալին է։
- Անկախ գույն և որոշակի ձև, թեկուզ քմահաճ։ Բնությունն ունի իր սահմանած օրենքը գույների վերաբերյալ։ Վերցրու մի քանի գույն, վարվիր նրանց հետ ինչպես թելադրում է քո ներքին ընկալումը։ Բայց մի մոռացիր, որ ոչ մի գույն ընդհանուր ներդաշնակությունից դուրս ընկնելու իրավունք չունի[1]։
- Ավետարան։ Ժամանակներն ու դարերը միմյանց կապող գիրք, որը քառասունից հետո պետք է կարդա ամեն ոք, որպես կյանքի դասագիրք։
- Նկարիչ։ Նա ինչպես փիլիսոփան, առաջին հերթին մտածող է, իսկ նկարչությունը միջոց է, որով նա արտահայտում է ինքն իրեն ու իր վերաբերմունքը աշխարհի նկատմամբ։
- Առանց իրական պատկերների չկա աբստրակցիա և առանց աբստրակցիայի չկա իրականության պատկերում։
- Զգացմունքայինը նկարի ստեղծման առաջին փուլն է, որին պիտի հաջորդի երկրորդը՝ իմացականը։ Անավարտ է այն ստեղծագործությունը, որին պակասում է իմացական շերտը։
- Լավ նկար։ Երբ այն լավ է դիտվում օրվա բոլոր պահերին, ցանկացած տեղում։
- Գեղանկարչական փայլատակումները, վիրտուոզ տեխնիկան, զարմանալի պլաստիկան և վերջապես տաղանդը դեռևս քիչ են արվեստի կատարյալ գործ ստեղծելու համար։ Կարևորը արվեստագետի ասելիքն է։
- Դիմանկարն ինձ համար այն միջոցն է, որով կարող եմ արտահայտել այն, ինչը խոսքով չեմ կարող։
- Տարիք։ Օվկիանոսի վրա սուրացող առագաստանավ։
- Ժամանակն արժևորում է յուրաքանչյուր ստեղծագործություն։
- Մաքուր ճերմակը, մաքուր սևի հետ կողք կողքի հնչում են որպես մեկ ակորդ, մեկ կյանք։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Պատառիկներ օրագրից, Կարեն Սմբատյան. «Էդիթ Պրինտ». 2012. էջ 238.