Միսաք Մեծարենց

Արևմտահայ նշանավոր բանաստեղծ, քնարերգու
(Վերահղված է Մեծարենց, Միսաքից)

Միսաք Կարապետի Մեծարենց (իսկական ազգանունը՝ Մեծատուրյան, հունվար, 1886օգոստոսի 22, 1908), հայ անվանի բանաստեղծ։

Միսաք Մեծարենցին նվիրված ՀՀ փոստային նամականիշ, 2011թ.

Քաղվածքներ

խմբագրել
  • Բանաստեղծը բնութեան արտացոլումը պետք է ըլլայ, թէ ո՛չ բանաստեղծ չէ իրապես, քերթվածները իբրեւ բառ պետք է ունենայ տերեւին թրթռումը, թռչունին դայլայլը... բանաստեղծին ձայնը տիեզերական հարաբերակցության մը լարը պետք է ըլլայ, բոլոր գոյութիւններուն համադրական թրթռումով տրոփուն[1]։
  • Արվեստին մեծագույն գրգռիչ գաղափարը դյուրամատույց ըլլալն է[1][2]։
  • Օգտուինք եւրոպական լեզուներու նորանոր եւ թարմ արտայայտութիւններէն, բայց չմոռնանք գրաբարին հուռթի շտեմարաններէն օգտուիլ մանաւանդ։ Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշին ետեւեն վազենք[3]։
  • Մեկդի թողունք քիչ մը անմարդկային անձնաբանությունները բաբախելու համար բնության սիրով. բանաստեղծը բնության ցոլացումն պետք է ըլլա. թե ոչ բանաստեղծ չէ իրապես[4]։
  • Քերթվածները իբրև բառ պետք է ունենան տերևին թրթռումը, թռչունին դայլայլը, մարդերուն գորովը, դաշտին ու լերան մշտանույն զորությունը[4]։
  • Բանաստեղծին ձայնը տիեզերական հարաբերականության մը լարը պետք է ըլլա՝ բոլոր գոյություններուն համադրական թրթռումով տրոփուն[4]։
  • Իմ մտահոգությունս, իմ մեծ ծարավս գրականության գաղափարին իրականացումն է։ Եվ ասոր համար, գեթ իմ մասին, անհրաժեշտություն կըզգամ հողին ու ջուրին ու քարին հետ ապրելու[2]։
  • Գյուղին տեսարանները իմ մեծագույն ներշնչարանս կը կազմեն. որքան կը ցավիմ, որ էսպես իրենց զավակը չեմ իմ բանաստեղծությանս մեջ, այն ատեն ավելի ինքնատիպ ու ապրող կըլլայի[2]։
  • Ինչու՞ ես զգացումները երաշտ անապատներու մեջ տարագրել, ինչու՞ մոռանալ մարդուն ու բնության անմիջական հաղորդությունը, ինչու՞ խզել այդ կապերը՝ փոխանակ ամրապնդելու զանոնք[2]։
  • Զգացումներն ու տեսարանները զուգորդելը չէ թե անկատարություն կամ անկապակցուն է, այլ ընդհակառակը՝ կատարելության ձգտում մըն է, իրերուն ու մարդուն հարաբերությանց կապակից կցորդության համար եղած ջանք մըն է։ Եվ «Ծիածան»-ի միակ արժանիքը այս ձգտումն ու ջանքը կը ներկայացնե[2]։

Քաղվածքներ Միսաք Մեծարենցի մասին

խմբագրել
  • Արյուն է եղել աշխարհում։- Եղել է եղեռն ու կռիվ։
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ։
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
Արև՜ է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին[4]։
Եղիշե Չարենց
  • Մեծարենցը գավառական պատանեկության պաշտամունքի առարկան էր։ Մենք ատելությամբ հետևում էինք նրա դեմ սկսած պայքարը թեթևսոլիկ, անարժեք գրողների կողմից, նամակներ էինք գրում Միսաքին գոտեպնդելու համար։ Ես ստացա «Նոր տաղերը» Միսաքից նվեր։ Այդ նվերից հետո, ճիշտն ասած, հպարտ էի զգում ինձ։
Ժամերով նայում էի Միսաքի լուսանկարին և հափշտակվում, ժամերով կրկնում. «Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար»[5]։
  • Բանաստեղծությունների իմ առաջին գրքույկը ինձ համար մի արժեք ունի. նվիրված է Միսաք Մեծարենցի գերեզմանին։ Նվերն անարժեք էր, բայց այն ժամանակվա իմ ամբողջ սիրտն էր։
Տարիներ հետո, երբ Պոլսում կռացա Միսաքի ցուրտ շիրիմը համբուրելու, ինձ թվաց, որ Միսաքը խոսեց ինձ հետ, խոսեց արևի համար տածած բուռն կարոտով։
Գույների այս չնաշխարհիկ երգիչը քնում էր անգույն տարածության մեջ[5]։
  • Այժմ ես մեծացել եմ, դարձել չափահաս, դու մնացիր պատանի։ Այժմ իմ չափահաս ձեռքով և չափահասի խորին գուրգուրանքով շոյում եմ քո պատանի գլուխը, չքնաղ գլուխը, և արցունքներս վազում են քո երգերի վրա։
Երբ մրսում եմ այս աշխարհում, մե՛ծ պատանի, գրկում եմ քո երգերը, և ահա արևը սուզվում է իմ ցուրտ հոգու մեջ կաթիլ առ կաթիլ[5]։
Վահան Թոթովենց
  • Միսաք Մեծարենցը առանց որևէ տարակուսանքի հանդիսանում է արևմտահայ քնարի առաջնակարգ դեմքերից մեկը և հարազատ արտահայտիչը իր ժամանակաշրջանի[5]։
Զապել Եսայան
  • Միսաք Մեծարենցը իր տրամադրություններով, բնութապաշտական, հումանիստական գաղափարներով, թարմ շնչով և խոսքի մշակված, բարձր արվեստով գրավեց արևմտահայ գրականության մեջ ինքնուրույն ու առաջնակարգ տեղերից մեկը։
Նրա ստեղծագործությունը նոր էջ բացեց արևմտահայ բանաստեղծության մեջ և գեղարվեստական խոսքը դրեց մի նոր բարձրության վրա[5]։
Վաղարշակ Նորենց
  • ...«Ծիածանը» մեկ, հիմա ալ՝ «Նոր տաղեր»-ը։ Մեկ տարվան մեջ երկու հատոր, երկու հարձակում, և արդեն հափշտակված է արդի պոլսահայ բանաստեղծության գլխավոր մեկ աթոռը։
...Կատարելապես ինքնատիպ է, ինքնաստեղծ է իր նկարագիրը մեր մեջ[4]։
Հակոբ Տեր-Հակոբյան
  • Ստեղծագործական խառնվածքը, տաղանդի յուրահատկությունը Մեծարենցին ստիպել են այլ ուղիներով մոտենալ թե՛ հասարակական և թե՛ անձնական ողբերգություններին։ Բողոքի, ընդվզման ուղին չէ դա։ Մարդկության, գեղեցկության որոնման ճանապարհն է, որ իր հետ բերել է մի ծնկաչոք աղոթք, որ վսեմ է և լուսավոր։ Մեծարենցի պոեզիան ազնիվ մի կոչ է մարդուն՝ վերադառնալու ինքն իրեն։ Եվ որքան հեռանանք մենք բնությունից, որքան հեռանանք ինքներս մեզանից, այնքան ավելի սիրելի ու մոտիկ պիտի դառնա մեզ Մեծարենցը, այնքան ավելի կարոտենք պիտի նրա ստեղծած բանաստեղծական աշխարհը[4]։
Վահագն Դավթյան

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 152. 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 55։
  3. Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. էջ 65. ISBN 978-99930-4-9203-3. 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 54:
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 53:


Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Միսաք Մեծարենց հոդվածը նաև Վիքիպեդիայում:


 
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝