Մենք ենք, մեր սարերը
(Վերահղված է Մենք ենք մեր սարերըից)
Մենք ենք, մեր սարերը, հայ գրող Հրանտ Մաթևոսյանի վիպակը։
Քաղվածքներ
խմբագրել- Ծերունիները սովորաբար չեն գայթում։ Նրանք քայլելու մեջ հասունի փորձ և մանկան զգուշություն ունեն։
- Գետնի վրա օդաչուներն իրենց ուտում են։
- Հին խոսք է, ամառը թե պառկեմ հովեր` ձմեռը կսատկեն կովեր։
- Գյուղի հաշվապահը, շրջկենտրոնի հաշվապահը, հաշվապահների մինիստրությունը՝ բոլո՜րը գիտեն, որ հովիվ Ավագ Հովհաննիսյանը խնամում է յոթ հարյուր հինգ գլուխ ոչխար, և միայն ինքն Ավագ հորեղբայրը չգիտե, թե քանի ոչխար է պահում ինքը։ Սարերում չեն հաշվում։ Ծերունիները հարյուր տարեկան են, իսկ մյուսները գյուղի երեխաներ են։ Ամենամանրերը օրորոցի երեխաներ են։ Տավարի գլխաքանակը. կորուստ չի եղել, գումարած աճը՝ այդքան է։ Անասնակերը. ինչքան կար՝ հնձել ենք։ Մեղրը. մի անգամ քամեցինք, մի անգամ էլ քամեցինք, էլի կքամեինք՝ չքամեցինք, թող մեղուն կուշտ լինի, մի բան էլ ավելանա։
- Անձրևը քաղաքի մարդկանց հանկարծակիի է բերում. նայում ես ապակու ետևից՝ տեսնում ես մայթերի վրա մարդիկ կտկտալով վազեցին. ի՞նչ է եղել. անձրև է գալիս։ Քաղաքի անձրևը ջրհորդանի աղմուկ է։ Այդքան։ Քաղաքում անձրևը ցեխ չի անում, սղղում է սալարկի վրայով։ Այդքան։ Այնտեղ անձրևի հետ չեն ծիծաղում, ինչպես ծիծաղում են գյուղում։ Արոտները դեղնել են, գետինը ճաքեր է տալիս ու մեկ էլ՝ անձրև. քիչ է մնում ուրախությունից լաց լինես։ Երկու շաբաթ անընդհատ անձրևել է, գետինը ոտքիդ տակից փախչում է, կարծես հողը ճահճի վրա է, թրծող արև է պետք, բայց՝ նորից ծանր ամպեր։ Սիրտդ սևանում է և հայհոյում ես, հո չե՜ս հայհոյում։ Ոչ մի քաղաքաբնակ իր կյանքում երկնքին հայհոյած չկա։ Ի՞նչ գործ ունի հայհոյի Աֆրիկայում մի տեղ խճճված մի երկրի սևամորթ արքայիկի, ամերիկյան որևէ ֆերմերի։ Չի՛ տեսել, չգիտի՛, իրար հետ գործ չեն ունեցել...
- Ինչպես հայտնի է, ոչխարը դեպի ոչխար է գնում. քիչ ոչխարը ձգվում է դեպի շատ ոչխարը։
- – Ոչխար եմ կորցրել, ոչխա՜ր, չեք տեսե՞լ։ – Ախար չենք լսում, է՜:
- Կյանքն էլ երկու օրվա ժամանց է…
- Այդպես է, լավերը շուտ են մեռնում։
- Աշխարհում կան կարգադրողներ ու կատարողներ, լեյտենանտներ և ոչ լեյտենանտներ, օրինազանցներ և օրենքի պաշտպաններ։
- Ինչը որ սովորություն չի դարձել, շփոթեցնող է։
- – Մեկն ասել է՝ ավելի լավ է վաղվա մասին մտածենք, քան թե հիշենք, որ փոքր ժամանակ ետևներս բաց ման էինք գալիս։
- լեյտենանտ Հակոբյան
- Որևէ տեղ չի գրված, թե հանցանքը չպետք է պատժվի։
- – Ես էլ եմ օրենքի ձեռքին, Իշխան ջա՜ն, դու էլ ես օրենքի ձեռքի՜ն, բոլորս ենք օրենքի ձեռքին։ Օ՛րե՛նքի՛: Ես չեմ լինի, դու չես լինի, օրենքը կլինի, օ՛րե՛նքը՛: Հանցա՞նք ես գործում՝ պիտի տա՛ս պատասխան։ Այդպես է, օրենք հնարողն է իր հնարածին պատասխան տալիս։ Օրենքը վեր է ամեն ինչից։
- լեյտենանտ Հակոբյան
- Հովվի խոսքը խոսք է։
- Ո՞վ է ժամանակն այդ զահրումար թվերի մեջ դրել։ Ո՞վ է կյանքն այդ զահրումար ժամանակի մեջ դրել։
- – Դու շա՞տ գրքեր ես կարդացել։ - Դպրոցում ինչ կարդացել եմ՝ էդքանը։ Իսկ գրքերը շատ են,–տխրեց Զավենը,– ժամանակը քիչ է։ Լեյտենանտը հիշեց իր գրապահարանը և ասաց.- Գրքերը շատ են, ժամանակը քիչ, իսկ ով կարդում է` միայն կարդում է, ուրիշ գործով չի զμաղվում։ Եթե զբաղվի՝ չի կարդա։
- Մի պրոֆեսոր էլ սա է։ Բոլորը պրոֆեսոր են դառնում, սխալ ուղղղող են դառնում, իսկ իրենց սխալները չեն տեսնում, իրենք իրենց աչքում անսխալական են։
- լեյտենանտ Հակոբյան
- Այդ գրասերներն այդպես են. երկու բառ են կարդացել ու պարծենում են։ Իսկ բանը որ հասնում է մի քիչ լուրջ խոսելուն՝ լեզուները կուլ են տալիս։
- – Դժվար է ծաղրվող մարդու բանը. ծիծաղել չգիտի, կասկածամիտ է և, պաշտոնի բերմամբ, հավակնոտ է։ Է-է՜, բութ է, բու՛թ։ Ոչի՜նչ, բթամիտները ծիծաղելիորեն սիրելի են։ Բայց երբ բութ են լինում և հավակնոտ՝ այդ արդեն արժանի է ատելության:-Զավեն
- Ատելությունը մեծ զգացմունք է։ Կես ժամում չես ատի։ Ուզենաս ատել՝ աչքդ կընկնի լուսամուտից դուրս ճնճղուկներին, ցանկապատին, օրացույցին, նկարին, լոզունգին՝ և նրան կմոռանաս։ Կես ժամվա մեջ նրան ատես ամենաշատը մի վայրկյան։ Մի վայրկյանն ի՜նչ է, որ մի վայրկյանի տված զգացմունքն ինչ լինի։ Տարիներ են պետք, այդ տարիները կես ժամերի բաժանիր, ամեն կես ժամից վերցրու մեկ վայրկյանը՝ կլինի մեկ օր կամ մեկ շաբաթ։ Այ, դա նստվածք կլինե՜ր...
- – Անվնաս բաներ են նկատողությունները, չարժի դրանց համար տխրել։
- Անտոն
- Ատելությունը մեծ ոսկի է, ամեն կոճակի համար չես մանրի։
- Որտեղ աշխատանք կա՝ մարդն այնտեղ է, տանն աշխատանք չկա, տանը հանգստանում են։
- Դրախտի ճանապարհը ծանր է, բայց դրախտի ճանապարհ է։
- – Ամենածանր բանն ինչն է, գիտե՞ս,- հարցրեց Զավենը։ - Ինչպե՞ս ամենածանր բանը։ - Էնպես։ - Դե, արճիճը։ - Այդ արճճից ծանրը լավության ծանրությունն է. ես քո տանը ոչխարի երկու պատառ միս կերա՝ երկու բաժակ գինիով, և քայլում եմ ու մտածում, որ քո տանը երկու պատառ միս կերա՝ երկու բաժակ գինիով, ոչխար եմ տեսնում՝ հիշում եմ, միս եմ տեսնում՝ հիշում եմ, հովիվ եմ տեսնում՝ հիշում եմ, խաղող եմ տեսնում՝ հիշում եմ։ Անընդհա՛տ հիշում եմ։ Ծա՜նր է երախտագիտության զգացումը։ Քանի՜ անգամ ես լսել՝ «էդ էլ իմ լավությունը»։ Քանի՜ անգամ ես ինքդ ասել։ Այդպես է, միասին են՝ երախտագիտություն-երախտամոռություն։ Արճիճը սրանց մոտ թեթև է, և ուրեմն ես գերադասում եմ խանութի երշիկը իմ կոպեկներով։
- – Թանաքն ու կնիքը նրա համար են, որ թուղթը դարձնեն փաստաթուղթ։
- Երվանդ Ծառուկյան
- – Մարդ չպետք է ժլատ լինի։ Ժլատություն էլ որ ասում եմ, այսինքն չպետք է լինես այնպես շատ ձեռնբաց։
- Երվանդ Ծառուկյան
- Եվ այդ պահին էլ նրա սիրտը կարոտի պես ծակեց սերը դեպի իր լեռները` վերձիգ, կոշտուկոպիտ, միանգամից ձորն ընկնող անդունդներով ու միանգամից վեր սրվող ժայռերով, միանգամից շփշփացող անձրևով և կայծակնորեն հանկարծակի վառվող արեգակով։
- Ծեծեց` ծեծեց։ Շատերն են շատերին ծեծում, այնպես որ ծեծն այլևս ողբերգություն չէ։ Բայց երբ Պավլեն բարձրացավ տեղից, հասակը շտկեց, տեսավ լեյտենանտն իր կրծքից հետ է՝ լաց եղավ։ Շատերն են շատերի ծեծել, բայց որ թույլն է ուժեղին ծեծում՝ դա ողբերգության նման մի բան է։
- Այս կարճ կյանքում մարդուս հասնում է դառնության մի բաժին, ուրախության էլ` մի բաժին։ Տղամարդու նման ես իմ բաժին տանջանքը կերել եմ։ Ոչ ոքի չեմ խնդրել թեկուզ մի պատառ, թեկուզ մի գդալ վերցնելու տանջանքի իմ բաժնից։ Ու հիմա ես իմ ուրախության բաժնի վրա եմ և նորից տանջանք համտեսելու ախորժակ չունեմ։ Ու իմ ուրախությունից էլ ոչ ոքի չեմ տա մի գրամ։
- Հանցանքը պատիժ է բերում։
Աղբյուրներ
խմբագրել- Հրանտ Մաթևոսյան, «Մենք ենք, Մեր սարերը» – grqamol.am