«Մուշտակով Վեներան», Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխի ստեղծագործությունը (1869), որը հայերեն հրատարակվել է 2022 թվականին (Ե., «Դարակ», 2022, թարգմանիչ` Վանուհի Բաղմանյան):

Քաղվածքներ

խմբագրել
  • Կա՞ ավելի մեծ դաժանություն սիրող մարդու համար, քան սիրելիի անհավատարմությունը[1]: Սևերին
  • ...մենք հավատարիմ ենք, քանի դեռ ապրում ենք, դուք, սակայն, կնոջից հավատարմություն եք պահանջում՝ առանց սիրո, նվիրում՝ առանց հաճույքի. հիմա ո՞վ է ավելի դաժան՝ կի՞նը, թե՞ տղամարդը[1]: Վանդա
  • Տղամարդու կրքի մեջ կնոջ ուժն է հանգստանում, և կինը կարողանում է հրաշալի օգտվել այդ ուժից, եթե տեսնում է, որ տղամարդը հարկ եղածի պես շրջահայաց չէ[1]։ Սևերին
  • Եվ ի՞նչ կարիք կա համեմատելու. մի բան, որ գեղեցիկ է, չի կարող գերազանցվել[1]:
  • Ոգու կռիվն ընդդեմ զգայական աշխարհի՝ ժամանակակիցների ավետարանն է[1]:
  • Իմիջիայլոց, մուշտակը նյարդային էակների վրա գրգռիչ ազդեցություն ունի, որը հիմնվում է նույնպես համընդհանուր՝ բնական օրենքների վրա: Դա ֆիզիկական հմայք է, որն ամենաքիչը նույնքան տարօրինակ գրգռիչ է, ու որից ոչ ոք լիովին չի կարողանում խուսափել: Մեր օրերում գիտությունն ապացուցել է էլեկտրականության և ջերմության որոշակի կապը: Մարդու օրգանիզմի վրա նրանց ազդեցությունները, համենայնդեպս, կապված են իրար հետ: Շոգ գոտիները կիրք են առաջացնում, տաք մթնոլորտը՝ գրգիռ: Այդպես է նաև էլեկտրականությունը: Այդտեղից էլ՝ կատուների կախարդական բարերար ազդեցությունը հմայիչ, մտավոր մարդկանց վրա, ինչը կենդանական աշխարհի այդ երկարապոչ նազելիներին, այդ նրբագեղ, կայծկլտուն, էլեկտրական մարտկոցներին Մուհամեդի, կարդինալ Ռիշելիոյի, Կրեբիյոնի, Ռուսսոյի, Վիլանդի սիրելիներն է դարձրել[1]։ Սևերին
  • Զգայականության մեջ ինչ–որ սուրբ բան կա, այո՛։ Իսկ կնոջ և նրա գեղեցկության մեջ միակ սուրբ բանը՝ աստվածայինը, կյանքի կարևորագույն առաջադրանքը, ցեղի շարունակությունն է: Կնոջ մեջ ես տեսնում էի բնության անձնավորումը՝ մի Իսիդայի, իսկ տղամարդու մեջ՝ նրա քուրմին, նրա ստրուկին։ Եվ կինը պետք է դաժան լինի նրա հանդեպ, ինչպես բնությունը՝ իր ծառայողների, որոնց կարիքն այլևս չունի։ Ու տղամարդու համար կնոջ վատ արարքները, անգամ մահը՝ նրա ձեռքով, վավաշոտ երանություն պետք է լինեն[1]։ Սևերին
  • Տարօրինակ է՝ ինչպես է կյանքի յուրաքանչյուր հարաբերություն այլ դիմագիծ ստանում, երբ նոր մարդ է ներխուժում այնտեղ[1]:
  • Ես հարգում եմ միայն այն կնոջը, որ առաքինի է կամ որ բաց է հաճույքի առաջ[1]: Սևերին
  • ...երբեք քեզ ապահով մի՛ զգա այն կնոջ կողքին, որին սիրում ես, քանզի կնոջ բնությունը շատ ավելի վտանգներ է թաքցնում, քան կարծում ես: Կանայք ո՛չ այնքան լավն են, որքան նրանց մեծարողներն ու պաշտպաններն են ներկայացնում, ո՛չ էլ այնքան վատը, որքան նրանց թշնամիներն են հայտարարում: Կնոջ բնավորությունը բնավորության բացակայությունն է: Նույնիսկ ամենալավ կինը կարող է հայտվել կեղտի մեջ, իսկ վատթարն անսպասելիորեն վեհ արարքներ գործել՝ ամաչեցնելով իրեն քամահրողներին: Ոչ մի կին այնքան բարի կամ այնքան չար չէ, որպեսզի ուզածդ պահին ինչպես սատանայական, այնպես էլ աստվածային, ինչպես ամենակեղտոտ, այնպես էլ ամենամաքուր մտքերին, զգացմունքներին, արարքներին ընդունակ չլինի: Կինը հիմա էլ, չնայած քաղաքակրթության բոլոր առաջխաղացումներին, մնացել է այնպիսին, ինչպիսին բնության ձեռքի տակից է ելել. նա վայրենու բնավորություն ունի, որ հավատարիմ կամ անհավատարիմ, բարեհոգի կամ դաժան կլինի՝ կախված այն հույզից, որ այդ պահին տիրում է նրան: Բոլոր ժամանակներում միայն լուրջ, խոր կրթությունն է բարոյական բնավորություն կերտել: Այդպես, տղամարդը, եթե անգամ եսասեր է, եթե անգամ չարամիտ է, միշտ ինչ–որ սկզբունքների է հետևում, մինչդեռ կինը՝ դեռևս միայն հույզերի[1]: Վանդա
  • Իրականում սիրելի կնոջ յուրաքանչյուր անհավատարմության մեջ տխուր հմայք կա, բարձրագույն վավաշոտություն[1]: Սևերին
  • Սերն առաքինություն, վաստակ չի ճանաչում, նա սիրում է ու նվիրվում և հանդուրժում ամեն ինչ, որովհետև ստիպված է: Մեզ ո՛չ մեր դատողությունն է կառավարում, ո՛չ մեր արժանիքները կամ սխալները, որ հայտնաբերում ենք, տրվում դրանց կամ խորշում դրանցից:
Դա մի քաղցր, թախծոտ, առեղծվածային ուժ է, որ հալածում է մեզ, և մենք դադարում ենք մտածել, զգալ, ուզել, մենք փախչում ենք դրանից ու չենք հարցնում՝ ուր[1]:
  • Ասում են նաև, թե հարավում մարդիկ ավելի հեշտ են մահանում[1]:
  • ...չկա գեղեցկություն՝ առանց խայթոցի, և զգայականություն՝ առանց տանջանքի[1]: Սևերին
  • — Եթե արու առյուծի վրա, որին նա ընտրել և որի հետ ապրում է, մեկը հարձակվի,— ասում է հույնը,— էգ առյուծը կհանգստանա և կհետևի պայքարին, իսկ եթե նրա ամուսինը տապալվի, նա չի օգնի նրան. նա անտարբեր կնայի հակառակորդի ճիրանների տակ նրան արնաքամվելիս և կհետևի հաղթողին՝ ուժեղին. կնոջ բնությունն է այդպիսին[1]:
  • Կնոջը տղամարդ է պետք, որին նա կպաշտի[1]: Վանդա
  • ...մեծ մտքի տեր տղամարդը երբեք չպիտի կրկնվի[1]: Վանդա
  • Այն, որ կինը, ինչպիսին նրան բնությունն է կերտել, և ինչպես տղամարդն է ներկայումս նրան գրավում, նրա թշնամին է, և կարող է նրա ստրկուհին կամ նրա բռնակալուհին լինել, սակայն ուղեկցուհին՝ երբե՛ք: Վերջինս նա կարող է լինել միայն այն դեպքում, երբ իրավունքներով հավասար լինի նրան, երբ հավասար լինի նրան կրթությամբ ու աշխատանքով[1]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխ, Մուշտակով Վեներան, Ե., «Դարակ», 2022։