«Նահանջը առանց երգի», հայ գրող Շահան Շահնուրի վեպը, որը գրել է 1927-1929 թվականներին։

Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպը ներառող գրքի շապիկը

Քաղվածքներ

խմբագրել
  • Մարդիկ չեն տառապում, այլ իրենք իրենց տառապեցնում են, որովհետև չգիտեն, որ հակադրելու համար պետք է տեսնել, վայելելու համար պետք է ճանաչել, տիրանալու համար պետք է տալ։ Գեղեցիկ հոգի վայելելու համար պետք է գեղեցկացված լինես, ազնվական կյանք գնահատելու համար պետք է նույն բարձունքին հասած լինես, իսկ նույն բարձունքին հասնելու համար պետք է ճանաչես ինքդ քեզ[1]։
  • Չկա բան, որ կինը ավելի շուտ հասկանա, ավելի շուտ զգա, քան այն, որ ինքը սիրված է[1]։
  • Կյանքի հանդեպ հայտնված բոլոր կարծիքների մեջ ես նախընտրում եմ իմ կյանքը[1]։
  • Կը նահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսայ. կը նահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սէր։ Կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն։ Եւ մենք դեռ կը նահանջենք բանիւ ու գործով, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ. մեղա՜յ, մեղա՜յ Արարատին
Կնահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսա, կնահանջեն բարք, ըմբռնում բարոյական, սեր։ Կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն։ Եվ մենք դեռ կնահանջենք բանիվ և գործով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ. մեղա, մեղա Արարատին[2]։
  • Հայը ունի լավ նկարիչներ, բայց ոչ նկարչություն։ Հայը ունի լավ դերասաններ, բայց ոչ թատերգություն, հոգնիլ չգիտցող ճամփորդներ՝ բնավ նավապետ։ Հայը ունի զմայլելի բանաստեղծներ, բայց ոչ գրականություն. Աստվածներ, ոչ դիցաբանություն[3]...
Սուրեն
  • Որքան որ մտածումս ետև տանիմ, հայերը կտեսնեմ միշտ այնպես, ինչպես որ են այսօր։ Պզտիկ, գաճաճ, տխեղծ։ Յուրաքանչյուրը անդիմադրելի պաշտամունքը ունի իր կաշիին, իր մորթին[4]։
  • Հայերը գիրք մը ունին։ Անոնց ամենագեշ, զզվելի, ամենասխալ, վատառողջ և ամենեն ավելի անբարոյական գիրքն է ան – Նարեկը։ …Ոչ մեկ սերունդ, չխորհեցավ զայն ջնջել, որովհետև անոր լեզվական և բանաստեղծական ինչ ինչ հատկություններեն խաբվելով ծածկված թույնը չնշմարեց։ Ընդհակառակը փոխանցուցին որդիե որդի, արյունե արյուն, ու ան եկավ մինչև մեզ։ Թունավորվեցանք, ազգովին թունավորվեցանք։ Ահա թե ինչու պարտված ենք։ Պարտվածներ ենք, որովհետև այն վանականին հաշմանդամ հոգիին պես արհամարհեցինք և անգիտացանք գոյությունը մեր եսին, մեր ուժին, կամքին, անհատականության,– չկռվեցանք, չխածինք, չմաքառեցանք։ Քրիստոնեական վարդապետության անոր սխալ ու թերի մեկնությունը ընդունելով եղանք անմտորեն կրավորական, համակերպվող, աղերսարկու, անգիտակից[5]։
  • Չեմ հիշեր կոր, Կոստան, մեղքցի ինծի, ես իմ «Հայր մերս» չեմ հիշեր կոր… Ան ատեն ֆրանսերեն սկսավ արտասանիլ իր թավ ձայնով, և հայը խոսքերը կրկնեց, շունչ առ շունչ[6]։

Քաղվածքներ վեպի մասին

խմբագրել
  • «Նահանջը, որ իր առաջին գործն էր, բավական ընդարձակ վեպ մըն էր, որ խոստումներ չէր բերեր միայն` այլ և առատ իրականացումներ։ Արդեն իսկ իր ոճը ունեցող, դիտելու, զգալու և պատմելու ձիրքերով օժտված գրողի մը մեզի համար բարեբախտ հայտնություն էր ան՝ զոր խանդաղատանքով ողջունեցին արտասահմանը, ինչպես Պոլիսն ալ իրենց գրեթե բոլոր հին ու նոր գրողներով և իրենց… այլևս սակավաթիվ գրասերներով, և զոր Խորհրդային Հայաստանը ըստ սովորության նկատեց իրեն համար խորթ, զայն չկարդաց ու կարդացողը անոր վերագրեց անճիշտ ձգտումներ՝ համաձայն իր կանխակալ կարծիքին[7]
Վահան Թեքեյան
  • «Նահանջը» նորերուն մեջ եղավ առաջինը, վեպ մը, որուն միջոցով, չափազանցություն թող չըլլա, հայ գրականությունը նոր մուտք մը կգործե եվրոպական գրականության մեջ։ Ան կբանա նոր շրջան մը ոչ միայն մեր վիպագրության, այլ նաև մեր ամբողջ գրականության համար[8]։
Ն. Տեստեկյուլ
  • Շահնուր հայոց պատմությունը կու տա մեր ժամանակներուն չգերազանցված գեղարվեստական ոճով մը[9]։
Ժ. Դանիելյան
  • Շահնուր բազմապատիկ հատկություններով օժտված տոհմիկ գրագետ մըն է, ունի ինքնուրույն դիտողության կարողություն, խոր զգայնություն՝ որ հաճախ նույնիսկ բուռն կդառնա, հոգեբանական բարդ վիճակներ թափանցելու և արտահայտելու ձիրք, տիպարներ գծելու, բնանկարներ, բարքերու պատկերներ, տրոփյուն կյանքով մը վերարտադրելու շնորհք, ունի սրամտություն, քնարերգություն, նկարչական տեսիլ, բյուրազան ու հանկուցիչ, քմայք մը և ոճ մը բազմաձև, իր բարդության մեջ միաձույլ, ճկուն, գունագեղ, անակնկալներով լեցուն, մեծապես ինքնատիպ, խորապես ու բնականորեն արդիական[10]։
Արշակ Չոպանյան
  • «Նահանջը Առանց Երգին» Սփյուռքին Նարեկն է[11]։
  • ...Կան ծիծաղներ՝ արկածահար ու կիսակատար, երգիծանք՝ աչքերե արցունք ժայթքեցնող, սիրավեպ, պանդխտության ցավը վայելքի մեջ խեղդելու փորձ և դյուցազներգություն՝ ազգային ոգիի[12]։
Անդրանիկ Փոլատյան
  • Նազովրեցի Յիսուսին օրինակով, Շահան Շահնուր, մեզ կը հրավիրե տեսնելու իրականությունը՝ իր վերքերուն ընդմեջեն, որոնք մեր իսկ վերքերն են, և կ’ակնկալե, որ անդրադառնանք անոնց գոյության ճշմարտության։ Այս տեսանկյունեն՝ «Նահանջը» իր առաջին էջեն մինչև վերջին տողը մարտահրավեր մըն է, ուղղված մեր բոլոր Թովմասներուն, հայ կյանքի բոլոր կամավոր խուլերուն և կույրերուն՝ ճանչնալու, շոշափելու ճշմարտություն, ինչքան ալ դառն ըլլան անոնք[13]։
Արմեն Դարյան
  • Այդ սերը Փարիզի պայմաններում ծուղակ է Պետրոսի համար, որովհետև դա նրան քաշում է դեպի փարիզյան ճահիճը, սեռի ու վայելքների ազգություն չճանաչող աշխարհը, հենց այն Լեսքյուռի աշխարհը, որ այնքան արգահատելի էր Պետրոսի համար[14]։
Ազատ Եղիազարյան
  • Շահնուրը ողջ վեպի միջով անց է կացնում գերագույն մի միտք՝ օտար սերը ազգային առումով նույնքան այլասերող է, որքան օտար լեզվի օգտագործումը, բաներ, որոնք սակայն որպես անխուսափելի պարտադրանք կախված են հող ու հայրենիք կորցրած սերունդների գլխին[15]։
Ա. Ավագյան

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Շահան Շահնուր «Նահանջը առանց երգի»։ grqamol.am (հունվարի 2, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 22, 2015 թ․։
  2. Շ. Շահնուր, Նահանջը առանց երգի, Երևան, 1991, էջ 151:
  3. Շ. Շահնուր, Նահանջը առանց երգի, Երևան, 1991, էջ 126։
  4. Շ. Շահնուր, Նահանջը առանց երգի, Երևան, 1991, էջ 130։
  5. Շ. Շահնուր, Նահանջը առանց երգի, Երևան, 1991, էջ 148։
  6. Շ. Շահնուր, Նահանջը առանց երգի, Երևան, 1991, էջ 212։
  7. «Ապագա», 11-13 հունվար, 1934, էջ 2։
  8. «Հայրենիք», 1929, Ը տարի, դեկտեմբեր, N 2, էջ 132։
  9. Շահնուրյան ընթերցումներ, Բեյրութ, 1933, էջ 156-157
  10. «Անահիտ», 1930, Ա տարի, մարտ-ապրիլ, − 6, էջ 110։
  11. Անդրանիկ Լ. Փոլատյան. Շահան Շահնուր, Նյու Ջերսի, 2003, էջ 26։
  12. Անդրանիկ Լ. Փոլատյան. Շահան Շահնուր, Նյու Ջերսի, 2003, էջ 27։
  13. Շահնուրյան ընթերցումներ, Բեյրութ, 1933, էջ 50։
  14. Ա. Եղիազարյան, Հայոց նորագույն գրականություն, Երևան, 2004, էջ 165։
  15. Ա. Ավագյան, Պատկերազարդ պատմություն Շահան Շահնուրի, Երևան, 2004, էջ 77։


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Նահանջը առանց երգի հոդվածը նաև Վիքիպեդիայում: