Նորայր Մնացականյան

հայ երգիչ

Նորայր Մնացականյան (7 հունվարի, 1923 — 25 մարտի, 1986), հայազգի երգիչ, հայկական ժողովրդական և գուսանական երգերի ինքնատիպ կատարող, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստ (շնորհված՝ դեկտեմբեր 2, 1965)։

Նորայր Մնացականյանը

Մեջբերումներ Նորայր Մնացականյանի մասին

խմբագրել
  • «Նորայր Մնացականյանի արվեստը շատ ինքնատիպ էր՝ նախ իր արտասովոր ձայներանգի, կատարման ոճի, երգացանկի ընտրության իմաստով։ Երգեր կան, որոնք բացի Նորայրից ոչ ոք չի կատարել, մանավանդ մեր հին քաղաքային ժողովրդական երգերը։ Ինքնատիպ էր Նորայրը նաև մի այլ հանգամանքով։ Լինելով բանասեր՝ պոեզիային, գրականությանը շատ մոտ կանգնած անձնավորություն՝ նա երգն ընտրելիս նախ խորամուխ էր լինում բանաստեղծական խոսքի մեջ, ապա ներդաշնակ զուգահեռ անցկացնում խոսքի և մեղեդու միջև, և երբ դաշինքը կայանում էր, նոր միայն ձեռնամուխ էր լինում երգի կատարմանը։ Այսօր մեր անսամբլի ոսկե ձայնադարանում մասունքների պես են պահպանվում Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շիրինի, Շերամի, Հավասու, Աշոտի, Դանիել Ղազարյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Խաչատուր Ներսիսյանի, Արտեմ Մեջինյանի հիրավի նորայրական կատարումները։ Որտեղ էլ հանդես գար մեր համույթը՝ Հայաստանի քաղաքներում ու շրջաններում, նախկին Խորհրդային Միության հանրապետություններում, թե արտասահմանում՝ ամենուրեք երաժշտասեր հասարակայնությունը սիրո ու երախտիքի տուրք էր մատուցում երգչին։ Նորայրը մեծ սիրով էր կատարում նաև իր գործընկերների հորինած երգերը՝ դառնալով դրանց առաջին կատարողը» - Մանվել Բեգլարյան (Արամ Մերանգուլյանի անվան ժող-գործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր
  • «Նորայրի հետ մեր ծանոթությունն ավելի քան երեք տասնամյակ էր չափվում։ Նորայրի հետ ենք անցել մեր ստեղծագործական առաջին քայլերը Հայաստանի Պետական Կապելլայում՝ Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ։ Ալթունյանը շատ էր հավանում Նորայրի թավշե բարիտոնը, նրա երգի հուզականությունը, ունկնդրին իր երգով հրապուրելու կարողությունը։ Նորայրն իր ուրույն խոսքն է ասել հայ երգի անդաստանում։ Կան այնպիսի երգեր, որոնք միմիայն նրա անվան հետ են կապված։ Նրա ներդրումը հատկապես Սայաթ-Նովայի երգերի կատարման ասպարեզում ուղղակի անուրանալի է» - Վարդուհի Խաչատրյան (Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի)։
  • «Մնացականյանը հիանալի զրուցակից էր։ Բավականին խորը գիտեր հայ և համաշխարհային գրականությունը և պոեզիան։ Թերևս այդ էր պատճառը, որ նրա ցանկացած ելույթ լսվում էր մեծ հետաքրքրությամբ, իսկ երգերի մեկնաբանության հիմքում նա, որպես կանոն, դնում էր բանաստեղծական տեքստի բովանդակությունն ու իմաստը» - Խորեն Աբրահամյան (Խորհրդային Միության ժողովրդական արտիստ)։


  • «Նորայրի մեջ ես տեսա ոչ միայն երգիչ կատարող, այլ արվեստի բոլոր նրբությունները ընկալող արվեստագետ» - Մհեր Մկրտչյան (Խորհրդային Միության ժողովրդական արտիստ)։
  • «Նորայր, սիրելի մանչս, այսօրվա Օթելլոյի փորձդ լավագույնս ի մի բերեց մավրի թախիծն ու քարասրտությունը» - Վահրամ Փափազյանի (Խորհրդային Միության ժողովրդական արտիստ) մակագրությունը՝ երգչին նվիրած լուսանկարի ետևում։
  • «Դու հայոց երկրի թավշե ձայնն ես։ Երգիր տղաս, դուն է՛ն գլխեն պիտի երգեիր։ Ա՛խր քո սիրտն է երգում։ Երգի՛ր հաստատ իրավունքով մեր զուլալ ակունքներից բխող երգն ու միշտ հարազատ մնա քեզ» - Ավետիք Իսահակյան։


  • «Երգիդ մեջ զգացվում են ազգային գիտակցության այն նշույլները, որոնք հարազատ են յուրաքանչյուր հայ անհատի սրտին» - Դերենիկ Դեմիրճյան։
  • «Подобно Саят-Нове, он не стал придворным певцом, а прожил нераздельной болью своего народа. Именно поэтому песнопение Норайра Мнацаканяна является чувственным апофеозом армянской души» - Սերգեյ Փարաջանով (Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ)։
  • «Երբ նվագակցում եմ Նորայր Մնացականյանին, ինձ մերթ ընդ մերթ թվում է, թե նրա ձայնը մի ներդաշնակ հոգեզմայլ միություն է կազմում՝ իմ դուդուկի նվագին միաձուլվելով։ Ո՛չ, նա չի երգում, արերևույթ է այդպես թվում։ Նրա հոգին է թևածում իր իսկ բացած զգացմունքների փառավոր հանդեսում՝ մարդկանց մեջ սերմանելով բարին ու ազնիվը, գեղեցիկն ու հմայիչը» - Վաչե Հովսեփյան (Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ)։
  • «Նորայր Մնացականյանի կատարումները զգայուն ձևով հասնում էին մեզ՝ դուդուկահարներիս։ Իմ հիշողության մեջ մնացել է Նորայրի այն ելույթը, որ վերաբերում էր Հանրապետության անցյալի և ներկայիս դուդուկահարներին։ Հենց այդ հաղորդումից էլ երևում էր Նորայրի՝ արվեստի ինքնատիպ ընկալումը» - Ջիվան Գասպարյան (Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ)։
  • «Մեծ է և գնահատելի երգիչ Նորայր Մնացականյանի վաստակը հայ երգարվեստում։ Երգիչն իրենից հետո թողեց մի ավանդույթ. նվիրվել երգին այնպես, ինչպես ինքն էր նվիրվում։ Չէ՞ որ նրա երգեցողության մեջ զատվում էր ո՛չ թե երգչական դրույթների կատարելությանը հասնելու պատրաստակամությունը, այլ պարզապես երգող հոգի, երգող սիրտ, և, իհարկե, մեծ գիտակցություն։ Ձայն, որ ունակ էր իր շուրջը սփռել անսահման երաժշտականություն» - Ռուբեն Մաթևոսյան (Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ)։
  • «Հանձին Նորայր Մնացականյանի՝ մենք ունեինք հայ երգին անշահախնդիր ծառայող ու հայ երգը տարածող արվեստագետ։ Այսուհետ նրա երգը կթևածի ամեն մի հայի օջախում, ուր կա հայ մարդը, կա հայ երգն ու վերջինիս երկրպագուն։ Երգն էլ կդառնա անմահ հուշարձան երգիչ, սիրելի արվեստագետ՝ Նորայր Մնացականյանի հիշատակին» - Հրաչուհի Ջինանյան (Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի)՝ երգչի հուղարկավորությանը ասված խոսքից։

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Նորայր Մնացականյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: