Ում մահն է գուժում զանգը

«Ում մահն է գուժում զանգը» (անգլ.՝ For Whom the Bell Tolls), Էռնեստ Հեմինգուեյի վեպը, որ գրվել է 1940 թվականին։

Քաղվածքներ

խմբագրել
  • Կա ևս մի դժվարություն. պետք է կարողանաս որոշել, թե ում վստահես. այն մարդկանց, որոնց հետ գործում ես, կամ պետք է լիովին վստահես, կամ բոլորովին չվստահես։
  • Ոչ մի մարդ մեկուսացած, ինքն իր համար ապրող կղզի չէ։ Յուրաքանչյուր մարդ մի կտորն է Մայրցամաքի, մի մասն ամբողջ ցամաքի։ Եթե ծովը քշի-տանի մերձափնյա ժայռը, Եվրոպան կփոքրանա, Ինչպես կփոքրանար, եթե տաներ մի Հրվանդան, տաներ քո ընկերների կամ քո սեփական կալվածքը։ Յուրաքանչյուր մարդու մահը փոքրացնում է ինձ, որովհետև իմ մեջ ամբողջ մարդկությունն է։ Եվ դրա համար էլ երբեք մի՛ հարցրու, թե ում մահն է գուժում զանգը։ Քո՛ մահն է գուժում:-Ջոն Դոն
  • Ամեն մարդ պետք է անի այն, ինչ կարող է, բայց պետք է անի այնպես, որ ճիշտ լինի։
  • Երբ քրքրում ես հիշողությունդ, տեսնում ես, որ քո ճանաչած մարդկանցից լավագույնները ուրախ մարդիկ էին։
  • Հաճելի է, երբ գիտես, թե իրականում ինչն ինչպես է, և ոչ թե այն, ինչ ներկայացվում է։
  • Մի օր էլ տեսնում ես, որ մի մարդ սիրահարվել է քեզ։ Աչքերը կապվել են, կուրացել է, և քանի դեռ այդ զգացումը տևում է, նա էլ է կուրացած, դու էլ։ Բայց մեկ էլ, չգիտես ինչպես, ինչ պատճառով, այդ մարդն հանկարծ տեսնում է, որ դու տգեղ ես, այսինքն ոնց որ իրականում, նա այլևս կույր չէ, հետո քո աչքերն էլ են բացվում, և դու էլ ես տեսնում, որ տգեղ ես, ու կորցնում ես քո տղամարդուն, կորցնում ես գեղեցիկ լինելու զգացողությունդ։ Հետո անցնում է որոշ ժամանակ և քո մեջ, նույնիսկ ինձ նման տգեղ կնոջ մեջ, այո, ինձ նման, որ էլ դրանից դենը չի կարող տգեղ լինել, որոշ ժամանակ անցնելուց հետո այդ զգացողությունը, հիմար զգացողությունը, թե գեղեցիկ ես, սկսում է նորից կամաց-կամաց ծիլ տալ, աճել։ Աճում է ոնց որ կաղամբը։ Իսկ հետո, երբ այդ զգացողությունն արդեն աճել-մեծացել է, մի նոր տղամարդ է հայտնվում, նրան թվում է, թե դու գեղեցիկ ես, և նորից նույն պատմությունը։
  • Ֆրանսերենը դիվանագետների լեզու է։ Իսպաներենը՝ բյուրոկրատների։
  • Ձեռք չառնես սերը։ Իմացի՛ր, շատ մարդկանց բախտը չի ժպտում երբևէ սիրելու և սիրվելու։ Քեզ էլ առաջին անգամ է պատահել։ Քո և Մարիայի միջև եղածը, թեկուզ եթե միայն այսօր ու վաղը լինի, կամ լինի նույնիսկ երկար տարիներ, ամենակարևոր բանն է, որ կարող է հանդիպել մարդ արարածի կյանքում։ Միշտ էլ կլինեն մարդիկ, որ կասեն, թե դա գոյություն չունի, կասեն, որովհետև իրենք չեն ճաշակել այդ։ Բայց ես ասում եմ քեզ, որ դա ճշմարիտ է, որ դու ճաշակեցիր այդ և դու երջանիկ ես, եթե նույնիսկ մեռնես վաղը, ասպիրինի պես կընդունես մահը։
  • Մտովի ձեռ էր առնում ապրելու իր տենչը , բայց երբ նայում էր կապույտ երկնքին, հեռվում երևացող լեռներին ու խմում գինին, զգում էր, որ չի ուզում մեռնել։
  • Մեռնելը ոչինչ, ոչինչ չէր առաջացնում մեջը, ոչ մի պատկեր, ոչ իսկ վախ։ Մինչդեռ ապրելը, ապրելը սարալանջին քամուց օրորվող ցորենի անդաստան էր։ Ապրելը երկնքում սավառնող բազե էր։ Փոշով ու մղեղով բռնված կալում կավե կժի սառնորակ ջուր էր։ Ապրելը սրունքներիդ մեջ սեղմված ձիու լանջ էր, ազդրիդ հանգչող հրացան էր, բլուր էր, հովիտ էր, ծառերով եզերված գետակ էր և հովիտներից ու լեռներից դենն ընկած հեռաստաններ էր։
  • Գիշերով կազմած ծրագիրը առավոտյան բանի պետք չի գալիս։
  • Քանի մեզանից մեկնումեկը կա, կանք երկուսս էլ։
  • Ի՞նչ ես կարծում, ո՞ւմ համար է մեռնելն ավելի հեշտ։ Հավատացյալի՞, թե՞ նրա, ով երևույթին նայում է այնպես, ինչպես որ կա։ Հավատքը նրանց շատ է օգնում։ Բայց փոխարենը մենք էլ գիտենք այն, որ վախենալու բան չկա։ Վատն այն է, որ կյանքդ ես կորցնում։ Վատ է, երբ մեռնելը երկար է տևում և ուժեղ ցավեր ես ունենում, դա նվաստացնում է մարդուն։

Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիպեդիա