Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ (անգլ.՝ Ernest Miller Hemingway, հուլիսի 21, 1899 — հուլիսի 2, 1961), ամերիկացի վիպասան, կարճ պատմվածքներ գրող և լրագրող։ Նա նաև ստացել է Փուլիթզեր մրցանակ 1953 թվականին իր «Ծերունին և Ծովը» գրքի համար, և գրականության Նոբելյան մրցանակ 1954 թվականին։

Էռնեստ Հեմինգուեյ

Քաղվածքներ

խմբագրել
  • Մարդը չի ստեղծվում, որ պարտվի։ Մարդուն հնարավոր է սպանել, բայց հաղթել նրան անհնար է[1]։
  • Բոլոր մտածող մարդիկ աթեիստներ են։
  • Սպանում ես, որ զգաս, որ դու դեռ ապրում ես։
  • Բոլորը վախենում են։ Միայն ցլամարտիկներն են կարողանում հաղթահարել իրենց վախը, և այն նրանց չի խանգարում աշխատել։ Եթե այդ վախը չլիներ, Իսպանիայի ամեն մի կոշիկ մաքրող ցլամարտիկ կլիներ։
  • Ողջ ամերիկյան գրականությունը ծագում է «Հեքլբերի Ֆիննից»։
  • Աշխարհում չկա գրքից ավելի հավատարիմ ընկեր։
  • Երբեք մի՛ մտածեք, որ պատերազմը հանցագործություն չէ։ Անկախ նրանից, թե որքան մեծ է դրա անհրաժեշտությունը, այն, միևնույնն է, հանցագործություն է։
  • Աշխարհը բոլորին է կոտրում, ու դրանից հետո շատերն էլ ավելի ամուր են դառնում։ Բայց աշխարհը սպանում է նաև նրանց, ովքեր չեն կոտրվում։ Աշխարհն առանց խտրականության սպանում է ամենալավերին, ամենաազնիվներին ու ամենաքաջերին։ Իսկ եթե դու ոչ մեկն ես, ոչ էլ մյուսը, կարող ես վստահ լինել, որ միևնույնն է, քեզ էլ կսպանի, միայն թե առանց ավելորդ շտապողականության։
  • Ամենալավ մարդիկ գեղեցիկի զգացում, ռիսկի գնալու խիզախություն, ճշմարտությունն ասելու հակում, զոհաբերության գնալու կարողություն ունեն։ Ճակատագրի հեգնանքով նրանց արժանիքները խոցելի են դարձնում նրանց. նրանք հաճախ վիրավորվում են, երբեմն՝ կործանվում։
  • Քո մի մասնիկը մահանում էր ամեն տարի, երբ տերևները թափվում էին ծառերից, և դրանց ճյուղերը մերկ մնում քամուն, ցրտին և ձմռան լույսին դեմ հանդիման։ Սակայն դու գիտեիր, որ գարունը կրկին գալու է, գիտեիր նաև, որ սառցակալելուց հետո գետը նորից վարարելու է։ Երբ սառն անձրևները շարունակվեցին և սպանեցին գարունը՝ ասես մի երիտասարդ մահանար առանց որևէ պատճառի։
  • Եթե ամեն օր մի փոքր անհանգստանաս, դա մի քանի տարի կխլի քո կյանքից։ Եթե ինչ-որ բան սխալ է, շտկիր այն, եթե կարող ես, սակայն սովորիր չանհանգստանալ։ Անհանգստությամբ երբեք ոչինչ չես շտկի։
  • Խելացի մարդկանց շրջանում երջանկությունը հազվագյուտ երևույթ է։
  • Իբրև գրող՝ դու չպետք է դատես, այլ պետք է հասկանաս։
  • Մահը նման է բարում նստած ծեր պոռնիկին։ Ես նրա համար գինի կգնեմ, սակայն նրա հետ վերև չեմ բարձրանա։
  • Ես սովորեցի երբեք չդատարկել իմ գրական ջրհորը, այլ միշտ կանգ առնել այն պահին, երբ ջրհորի խորքում դեռևս ինչ-որ բան մնացել է և թույլ տալ, որպեսզի այն գիշերը կրկին լցվի աղբյուրներից։
  • Կա միայն այսօրը և ուրիշ ոչինչ։ Չկա ո՛չ երեկ, ո՛չ վաղը։ Քանի՞ տարեկան պետք է դառնաս, որպեսզի իմանաս դա։ Կա միայն ներկան, և եթե ներկան ընդամենը երկու օր է, ապա այդ երկու օրը քո ողջ կյանքն է, և դրանում ամեն ինչ չափի մեջ կլինի։ Ահա թե ինչպես են ապրում մի ողջ կյանք երկու օրում։ Եթե դադարես բողոքել ու պահանջել այնպիսի բաներ, որոնք երբևէ չես ստանալու, դու լավ կյանք կունենաս։
  • Ժամանակը չէ մտածել այն բոլոր բաների մասին, որոնք չունես, ավելի լավ է մտածիր, թե ինչ կարող ես անել ձեռքիդ տակ եղածով։
  • Ինքնասպանություն չգործելու բուն պատճառն այն է, որ դու գիտես, թե որքան քաղցր է նորից դառնում կյանքը, երբ դժոխքն ավարտվում է։
  • Տեղից տեղ մեկնելով՝ չես կարող փախչել ինքդ քեզնից։
  • Որպեսզի պարզես, թե արդյոք կարող ես վստահել մարդուն, վստահիր նրան։ Դա է պարզելու լավագույն ձևը։
  • Տղամարդն իրավունք չունի մահանալ անկողնում. կամ կռվի ժամանակ, կամ փամփուշտը ճակատին[2]։
  • Մարդկանց ծաղրել, թեկուզ կատակով, նշանակում է թշնամիներ շահել։
  • Կանանց հետ ընկերություն անելն այնքա՜ն լավ է։ Չափազանց լավ է։ Նախ և առաջ պետք սիրահարված լինես կնոջը, որպեսզի ընկերության համար հուսալի հիմք լինի։
  • Աշխարհի բոլոր մարդիկ բաժանվում են 2 խմբի։ Առաջին խմբի մարդկանց հետ թեթև է, ինչպես և թեթև է առանց նրանց։ Երկրորդ խմբի մարդկանց հետ շատ բարդ է, բայց ապրել առանց նրանց բացարձակապես անհնար է[3]։
  • Գրելն իրականում շատ հասարակ բան է։ Դու պարզապես նստում ես գրամեքենայի առաջ ու սկսում արնահոսել[3]։
  • Կյանքում ամենից հազվադեպ ես հանդիպել եմ խելացի մարդկանց, որոնք նաև երջանիկ են եղել[3]։
  • Պատերազմը, որքան էլ որ այն անհրաժեշտ ու արդարացի լինի, միշտ էլ հանցագործություն է[3]։
  • Երբեք մի ճանապարհորդեք նրանց հետ, ում չեք սիրում[3]։
  • Մարդկանց մեծ մասը երբեք չի լսում միմյանց[3]։
  • Ես խմում եմ, որ ինձ շրջապատող մարդիկ հետաքրքիր դառնան[3]։
  • Նախկինում հաճախ էին գրում այն մասին, թե որքան քաղցր ու հիանալի բան է հայրենիքի համար մեռնելը։ Բայց ժամանակակից պատերազմների մեջ ոչ մի քաղցր ու հիասքանչ բան չկա։ Դու շան նման կմեռնես՝ առանց որևէ պատճառի[3]։
  • Աշխարհում ամենազզվելի բառը «թոշակն» է[3]։
  • Տարիքի հետ մարդիկ խելացի չեն դառնում։ Նրանք պարզապես ավելի զգույշ են դառնում[3]։
  • Նա, ով պարծենում է իր գիտնական լինելով կամ զարգացածությամբ, ոչ գիտնական է, ոչ էլ զարգացած[3]։
  • Մի տեղից մյուսը տեղափոխվելով՝ միևնույն է, դուք չեք կարող ձեզնից ոչ մի տեղ փախչել[3]։
  • Եթե դուք դադարել եք որոշ բաներ պարզապես հաճույքի համար անել, համարեք, որ այլևս չեք ապրում[3]։
  • Եթե երկուսը սիրում են միմյանց, դա երջանիկ ավարտ չի ունենա[3]։
  • Աշխարհում այնքան շատ կին կա, ում հետ կարող ես քնել, և այնքան քիչ կին կա, ում հետ կարող ես խոսել[3]։
  • Եթե դուք ուզում եք ազատվել ինչ-որ մտքից, գրի առեք այն[3]։
  • Ցանկացած վախկոտություն ծնվում է սիրո պակասից[3]։
  • Դոստոևսկու մոտ կան բաներ, որոնց հավատում ես և չես հավատում, սակայն կան նաև այնպիսի ճշմարիտ բաներ, որոնք կարդալով՝ զգում ես, թե ինչպես ես փոխվում ինքդ[3]։
  • Բոլոր սենտիմենտալ մարդիկ շատ դաժան են[3]։
  • Իսկապես խիզախ մարդիկ կարիք չունեն միմյանց հետ կռվելու, սակայն դա շարունակ անում են շատ վախկոտները, որպեսզի իրենց համոզեն սեփական խիզախության մեջ[3]։
  • Եթե ձեզ ինչ-որ բան խոցում է, նշանակում է՝ ձեզ համար միևնույն չէ[3]։
  • Երկրագնդի լավագույն մարդիկ կարողանում են զգալ գեղեցկությունը, ունեն ռիսկի դիմելու խիզախություն և ուժ՝ ճշմարտությունն ասելու համար։ Եվ հենց այդ դրական հատկություններն էլ նրանց խոցելի են դարձնում։ Հենց այդ պատճառով լավագույն մարդիկ հաճախ ներսից քայքայված են[3]։
  • Մենք բոլորս կոտրված ենք։ Եվ հենց կոտրված տեղերում էլ հաճախ ամենաուժեղն ենք[3]։
  • Հաջողության գաղտնիքը շատ պարզ է։ Երբեք չկոտրվեք։ Երբեք չկոտրվեք մարդկանց ներկայությամբ[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 97. 
  2. Почему Хемингуэй не любил журналистов
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 Մարի Ղուկասյան (24.02.2018)։ «Աշխարհում ամենազզվելի բառը «թոշակն» է»։ 168.am։ Վերստացված է՝ 4 Մարտ 2018։


Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Էռնեստ Հեմինգուեյ հոդվածը նաև Վիքիպեդիայում: