Մահ
Մահ, կենդանի օրգանիզմի կենսագործունեության դադարը, ինչպես նաև այն որակական վիճակը, որում գտնվում է նախկինում կենդանի եղած մարմինը։
Քաղվածքներ
խմբագրել- Կատարյալ երջանկությունը մահ է։ Նա երջանկություն չէր ուզում, նա ուզում էր ապրել[1]։
- Նա գնաց դեպի մահ` սեփական գոյությունը հաստատելու համար[1]։
- Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն (Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն)[2][3]։
- Մահն է ճմլում մեր սիրտը, այսպես դաժան և անխիղճ, մեր ծնած օրից իսկ։ Նա ամեն ժամ հանապազ քամում է մեր էությունը, և մեր եղկելի կյանքը թաթախված է մահի սարսուռով[4]։
- Հզոր է մահը տիեզերքից, և անծայրածիր տիեզերքը նրա առջև` մի հյուլե նսեմ[4]։
- Մահը – այդ միակ վիշտն է տիեզերական, միակ բռնությունը ժամանակի վրա, միակ իշխանը տարածության վրա, որ անիմաստացնում է իրերը բոլոր[4]։
- — Կյա՛նք, դո՛ւ ես վառում արևները երկինքներում և սերը սրտերում, սակայն դժխեմ մահը մարում է արևները և սերերը պայծառ։
- Կյա՛նք, դու ես հյուսում շքեղ, գարնանային անուրջները, բոլոր երգերը ծաղկաբույր, սակայն դաժան մահը ցնդում է անուրջները և երգերը չքնաղ։
- Կյա՛նք, դու ես ձևում ու կաղապարում գեղեցիկ իրերը և ներդաշնակում աստղերի պարսը, սակայն անիմաստ մահը հյուծում է դաշն ձևերը գեղեցկության և թոհ ու բոհի վերածում աստղերի համերգը
- Փրկիչ է մահը։
- Ես կամենում եմ մեռնել…[4]:
- Մահն է, որ ամոքում է մեր վշտերը, մեր դռան անձուկները. նա բալասանն է կյանքի նյութած, անարգանքներին[4]։
- Եվ մահը այն բարի շրթունքն է, այն ջինջ ու զով աղբյուրը, որ հագեցնում է կյանքի հուր-ծարավը, լինելու անիմաստ կամքը անէացնում[4]։
- Ես տեսնում եմ, որ բոլոր իմաստությունները մահի դեմ են ծառանում, և բոլոր կրոնները եղել են մահի սարսափը մեղմելու համար, և ինքնասպանն իրոք մահից խուսափելու համար է դիմում մահին[4]։
- Եթե արդարև մահը ոչնչացնում է ինձ և տիեզերքը, ապա ի՜նչ է մնում մեր տեղը` անլույս, անափ, անհուն մի պարապ, ամեն ժամ և ամեն վայրկյան…[4]
- Կյանքն է ամենազորը, հավերժականը և իրականը, իսկ մահը` սոսկ մղձավանջ։ Եվ տիեզերական կյանքի մեջ խրված է մահը, նրա շուրջը կյանք է իշխում, ինչպես օվկիանոսը գերեզմանային կղզու շուրջն է իշխում[4]։
Մահը մի՛շտ հիշիր,
Բայց հիշիր ո՛չ թե լացելու համար.
Այլ,- որ իմանաս,-
Թե դեռ ինչքա՜ն է մնում… ծիծաղել,
Եվ… ուրախանա՛ս.
Մահը մի՛շտ հիշիր,
Ո՛չ թե անիմաստ կարծելու համար
Անելի՛քը քո,
Այլ շտապելու՝
Քանի դեռ գործ կա այս լուսնի ներքո…
Եվ մի՛ թրեւի
Անգործ ու անբան,
Այն սենյակներում, որ… քո՜նն ես կարծում.
Վաղը, Նրանցից փոքրում, կամ մեծում,
Դո՛ւ էլ կպառկես… սեղանի վրա,
Նոփ-նոր դագաղում,-
Որ… Փոշի՜ դառնաս,
Եվ հիշվես միայն
Մահազդերի մե՛ջ,
Խոսքո՛ւմ ու ճառո՛ւմ…
Մահը մի՛շտ հիշիր,
Որ հիշես՝ ինչո՛ւ
Եվ ի՛նչ ես ուզում անել աշխարհում…[5]
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ[6]։
Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ դըրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե` ի՜նչ տարան աշխարհքից[7]։
Քնել էի՝ մի իմաստուն ինձ ասաց.
— Քնից ոչ ոք երջանկություն չի տեսած,
Ինչ ես քնել, քունը մահ է, վե՛ր, խմի՛ր,
Կգա օրը, երբ կմնաս դու քնած[8]։
- Մահը նման է բարում նստած ծեր պոռնիկին։ Ես նրա համար գինի կգնեմ, սակայն նրա հետ վերև չեմ բարձրանա[9]։
- Տղամարդն իրավունք չունի մահանալ անկողնում. կամ կռվի ժամանակ, կամ փամփուշտը ճակատին[10]։
- Մենք մահը, աղքատությունն ու տառապանքը համարում ենք մեր վատթարագույն թշնամիները։ Բայց ու՞մ հայտնի չէ, որ հենց նույն մահը, որ ոմանք համարում են բոլոր սարսափներից ամենասարսափելին, ուրիշների համար միակ փրկությունն է այս կյանքի զրկանքներից, բարձրագույն բարիք, մեր ազատության ակունքը, կատարյալ ու վերջնական փրկությունը չարից։ Եվ այն դեպքում, երբ ոմանք ահ ու դողի մեջ սպասում են վերահաս մահին, ուրիշներն այն ավելի բերկրալի են համարում, քան կյանքը…[11]։
- Ցիցերոնն ասում է, թե փիլիսոփայելը ոչ այլ ինչ է, քան մահվան ինքնանախապատրաստություն[11]։
- Մեկի մահը մյուսի կյանքի սկիզբն է[11]։
- Կյանք մտնելով՝ դուք մահ եք մտնում, քանզի մահը ձեզ կթողնի ոչ շուտ, քան դուք կթողնեք կյանքը[11]։
- Կյանքի բոլոր օրերը դեպի մահն են տանում. վերջինը միայն ավարտին է հասցնում[11]։
- Եօթնիցս ստոր է նա, ով գերադասում է կեանքը մահէն բոլոր պարագաների մէջ[12]։
- Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում[13]։
- Քաջը մեռնելով հաղթում է մահին[14]։
- Նախքան իր մահը, երկչոտը բազում անգամ է մեռնում, իսկ խիզախ մարդը՝ միայն մեկ անգամ[15]։
- Երբ թշնամիին մեզի ըրած անարգանացը հատուցեցանք ու վատության կեղտը արյամբ սրբենք, այն ատեն գերեզման կիջնենք. այն ատեն գեղեցիկ ու փառավոր մահ է. մեռնինք վրեժխնդրության ժպիտը մեր շուրթերուն վրա. մեռնինք մահվան հետ երկյուղը թշնամվույն սիրտը գցելով[16]։
- Մահը կյանքի շարունակությունն է, բայց նրանց միացնող կամուրջը անմահությունն է[17]։
- Ասում են, որ մահվան շեմին գտնվող մարդիկ մահանում են հենց լուսաբացի կողմ կամ մակընթացության ժամանակ[18]: Կոմս Դրակուլա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 * Սիմոնա դը Բովուար «Բոլոր մարդիկ մահկանացու են»։ grqamol.am (հուլիսի 26, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 12, 2015 թ․։
- ↑ Եղիշե, «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» (Վարդան Մամիկոնյանի խոսքը)
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 33.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Ավետիք Իսահակյան «Անանդան և մահը»
- ↑ Գևորգ Էմին «Մահը մի՛շտ հիշիր»
- ↑ Հովհաննես Թումանյան, Թմկաբերդի առումը
- ↑ Հովհաննես Թումանյան, քափյակներ, 1918
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 71.
- ↑ Էռնեստ Հեմինգուեյի 15 իմաստուն մտքերը.
- ↑ Почему Хемингуэй не любил журналистов
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Միշել Մոնտեն «Փորձեր»։ grqamol.am (դեկտեմբերի 17, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 27, 2015 թ․։
- ↑ Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 7. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 88. ISBN 978-99941-978-4-2.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 91.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 93.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 35.
- ↑ Գևորգ Հայրյան, Խոհեր և փշեր, Սովետական գրող, 1980
- ↑ Բրեմ Սթոքեր, Դրակուլա, Ե, Դարակ, 2020:
Փիլիսոփայություն |
Բարություն — Չարություն |
Կյանք — Մահ |
Անմահություն |
Հոգի — Ազատություն — Ես |
Կենցաղ — Իրականություն |
Փաստ — Թեորիա — Աքսիոմ — Հիպոթեզ |