«Սիամանթո և Խջեզարե», Հովհաննես Շիրազի պոեմներից։ Առանձին գրքով առաջին անգամ տպագրվել է 1935 թվականին։

Քաղվածքներ

խմբագրել
  • - Հե՜յ վա՛խ, հայոց Սիփան սարը, դրախտ ասա, էլ ի՜նչ սար....[1]
  • Իրավ… բարձրից թե խոր նայես հայոց մոտիկն ու հեռվին՝
Ողջ Հայաստան կնմանվի իր թևաբաց մայր արծվին,-
Թևերից մեկն Արագածն է, մեկը Սիփան սարն է սեգ,
Մասիս լեռն է գլուխն արծվի, որ չի թեքում նա երբեք,
Հսկա արծվի զույգ աչքերից մեկը ծովն է իր Վանա,
Մյուս աչքին թե լավ նայես՝ կասի ծովն եմ Սևանա։
(Հավիտյան բաց գոց աչքերով Մասիսն հսկում է վերից,
Որ չպոկեն ոչ մի փետուր արծիվ-երկրի թևերից…)։
Եփրատ, Տիգրիս, Արաքս, Ճորոխ, Արածանի, Ախուրյան՝
Մայր գետերն են երակները արծիվ-երկրի նաիրյան,
Անտառներն են արծվի անթիվ փետուրները զմրուխտի,
Հավերժ կանգնած՝ թռչում է նա դեպի անհայտն իր բախտի[2]։
  • Ա՜խ, երազ են համբույր ու սեր, երազն էլ կյանք է թվում,
Բախտավորը նա է միայն, ում երազն է կատարվում[3]։
  • Սերն է բախտի բանալին,
Որ դուռն ուզես՝ կբանա,
Բացվող դուռը, խոսք է հին՝
Երկար գոցված չի մնա...[4]
  • Ո՞վ կարող է սիրո հուրը թաքցնել,
Պաղ լուսնին էլ կարող է սերն այրող արև դարձնել[5]։
  • Աստծու վրա հույս ունեցիր, բայց ինքդ մի թերանա,
Աստղով ծնված ծույլի բախտն էլ անաստղ մթնում կմնա։
Լավ ականջ դիր՝ այս խոսքերս հայր կդառնան ջահելին,
Միշտ լավություն արա մարդուն՝ մարդն է մարդու հայելին։
Մարդն ու կինը, քարն ու կիրը՝ թե միշտ իրար չբռնեն՝
Ոչ սերն է սեր, ոչ տունն է տուն՝ քարերն հովից կթռնեն։
Անկնիկ տուն՝ անջուր ջաղաց,
Անկին մարդը իր սիրտն աղաց...[6]
  • Սերն, իմացի՛ր, սանդուղք է միշտ՝ ոտ առ ոտ ես ելնելու,
Մինչև ոտքը չհամբուրես՝ բերանին չես հասնելու։
Մարդիկ իրար երբ սիրում են՝ չեն ճանաչում դեռ իրար,
Ճանաչում են, երբ սառչում են, երբ չեն մնում սիրահար։
Սերը ոսկե վարագույր է, հոգու սևը կծածկի,
Երբ պատռվի վարագույրը՝ կբացվի դուռն անեծքի։
Ի՜նչ է դեմքով գեղեցիկը՝ տնեն բաղնիս՝ թոշնող վարդ,
Բանը անվա՛ն գեղեցիկն է՝ Վանեն Բիթլիս ու Բաղդադ։
Սերն էլ ձեռին թե սուր չունի՝ իր դեմ միշտ սուր կտեսնի՝
Սիրտ վառելով, ճիտ ծռելով մարդ մուրազին չի հասնի[7]։
  • Դու գայլի էլ սիրո վախտը վրան աղեղ մի հանե՝
Աղջիկ-տղի գործ քանդելը վանք քանդելուց վատ բան է[7]։
  • Հալալ մարդը մազ էլ դառնա՝ թրով էլ չի կտրվի,
Գերան դառնա հարամն անահ՝ մի օր պիտի կոտրվի։
Ամեն մարդու պարտքն ու գործն է լավության դեմ՝ լավություն,
Բայց մարդ մարդու բանն է միայն՝ չարության դեմ՝ բարություն[7]։
  • Հավքն որ հավք է՝ էլի երկու թև ունի՝
Մեկն արհեստն է, մեկն ուսումը, այս էլ մտքից մի՛ հանի։
Ո՜վ իմանա, մարդ ենք, էլի, միտքը մարդուն պետք կգա,
Ամենասև արհեստն անգամ բիլազուկ է միշտ ոսկյա։
Թե մի արհեստ ունենայի՝ ղալամն ասավ,
Բեռով ոսկի կունենայի՝ ալամն ասավ։
Սև սալն ու սև գիրը, որդիս, կարմիր օրեր կբերեն[7]։
  • Ամպեց, կորավ լուսնկան,
Արտեր, մտեք քուն,
Արտով կանցնի իմ ճամփան՝
Կերթամ յարիս տուն։
Սերս գաղտնի թող մնա,
Սերս՝ յարիս պես,
Ճամփեն պիտի չիմանա,
Թե ուր կերթամ ես…
Մենակ յարս կիմանա,
Թե ուր կերթամ ես,
Մեկ էլ ծովակն իմ Վանա՝
Մորս աչքի պես[8]։
  • Հայ լեռներից զրկված հայը ձուկ է՝ ծովից դուրս նետված[9]։
  • Անմահ սերը նա է, երբ որ մահվան նավն էլ է նստում…[10]
  • Բախտը, ասա, մարդու չեն տա, թող իր բախտը փախցնի...[11]
  • Ա՜խ, մարդն ի՞նչ է, որ երկնքի ճակատագիրն է կարդում,
Բայց թե ի՞նչ կա իր ճակատին՝ դեռ չգիտե աշխարհում…[12]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 197:,
  2. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 199:
  3. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 205:
  4. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 213։
  5. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 222։
  6. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 236։
  7. 7,0 7,1 7,2 7,3 Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 237։
  8. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 239։
  9. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 244։
  10. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 252։
  11. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 267։
  12. Հովհաննես Շիրազ, Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 272։


 
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝