Հովհաննես Շիրազ
հայ բանաստեղծ
Հովհաննես Շիրազ (Օնիկ Կարապետյան, ապրիլի 27, 1915 — մարտի 14, 1984), հայ անվանի բանաստեղծ։
Քաղվածքներ
խմբագրել- Աշխարհում մայրն է միակ Աստվածը, որն ուրացող չունի[1]։
- Կինն ինչ էլ լինի, մոր վատը չկա[1]։
- Երիտասարդ հասակում գործիր այնպես, որ ծերությունը անսնունդ չմնա[1]։
- Ամեն ինչ կարելի է շտկել, կպցնել, բացի մարդու կոտրված սրտից[2]։
- Տես արծւենի ազգերում
Հայն էլ ազգ է արծւօրէն
Ուստրս, դու որ չճախրես
Էլ ո՞վ ճախրի հայերէն[3]։ - Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
Էլ ինչո՞վ ես յոյսը բերդիս,-
Էլ Հայրենիք ինչո՞ւ եկար,
Թէ պիտ խօսես օտար լեզուով,
Խմես հայոց գինին նեկտար,
...Կենաց կանչես օտար լեզուով,
Քաղես հայոց վարդերն ու հեզ
Աղջիկ կանչես օտար լեզուով[4]։ - Մարդը մարդու ցավը միշտ էլ կհասկանա, եթե չխանգարեն, եթե թողնեն[5]։
- Ամենահասարակ թվացող բառն էլ հրաշք է, եթե տեղին գործածես։ …Բառը՝ ամեն ուզածդ բառը, իր տեղը գործածող բանաստեղծին ժողովուրդը այժմ էլ վարպետ է կոչում[5]։
- Մեր լեզուն մեր ազգի բոլոր գրողների բառապաշարի միասնությունն է։ Ամեն մի մեծ գրող մի հորդառատ գետի է նման, և բոլորը միասին, տարբեր լեռնաբարձունքներից գալով, ստեղծում են ծով-մայրենին[6]։
- Ինչպես որ ընտանիքից է ակունք առնում հայրենիքը, այդպես էլ ազգից, ազգայինից է սկսվում համամարդկայինը[6]։
- Ավելի քան իմ գրական 45 տարվա մեջ հյուսածս ծիածանի մեկ կամ երկու գույնն են միայն «տեսել» և ասել։ Մասնավորապես, քննադատները չեն խորանում մյուս գույներիս մեջ[6]։
- Միակ արդարության ոսկե կշեռքը ժողովուրդն է։ Քննադատը մի անցք է, ժողովուրդը վիթխարի մաղ, երկնամաղ։ ...Ժողովրդի մտքի «անմշակ» հանճարն է, որ երբեք չի սխալվում[6]։
- Ինչպես կաղնի ծառն սկսվում է հողից, այնպես էլ պոեզիան սկսվում է հայրենի խրճիթից[6]։
- Բանաստեղծությանս մայր ակունքը մայրենի հողն է, մայրենի լեզուն է, ազգի մշտատևության մեծ խորհուրդը։ Սրանց ավելացրած համամարդկային չմեռնող զգացմունքները[6]։
- Կնոջ սիրտը մի բաժակ է բյուրեղյա, -
Փշրեցիր ու չես կարող էլ կպցնել,
Եվ այն օրից, ավա՜ղ, էլ չի կարող նա
Համբույրներիդ գինին սրտանց վերցնել։ - Ամեն մի ապրող բանաստեղծություն այս կամ այն զգացմունքի ալեկոծումից ծնված բախմունք է, հետևապես վիշտ է կամ տվայտանք, կարոտ է կամ կարոտի հառաչանք, երազների փլուզում է կամ թե անհաս երազանք, բախտի կամ սիրո որոնմունք։ Ամեն մի զուտ, ճշմարիտ պոեզիա ավելի վշտածին է, քան ծափածին, հույսից է ծնվում, քան առավելյալ լույսից, ըղձանքից, քան գովքից, մարգարեությունից, քան կատարվածից[5]։
- Նորարարությունը գիտության մեջ երևաց։ Մարդը հասավ Լուսին։ Բայց Պառնասում չկա ոչ մի բնաբուխ բանաստեղծ, որ հնադարյան բանաստեղծներից էության մեջ շատ բանով տարբերվի։
- Հին ու նոր չկա Պառնասում, այլ կա լավ կամ միջակ, լավ կամ վատ[5]։
- Հայ ժողովուրդը հավերժ է բոլոր նեղ ձորերի մեջ էլ, իր ըղձանքների անսահման դաշտերում էլ[7]...
- Ինչպես որ անթարգմանելի է սոխակի երգը... այնպես էլ անբացատրելի է բանաստեղծությունը[7]։
- Իսկական բանաստեղծի գլուխը սրտի մեջ է։ Սրտի գործն է սրտերը մտնում[7]։
- Բանաստեղծությունը ծաղիկն է, որը իր մեջ է թաքցնում արմատը՝ միտքը[7]։
- Բանաստեղծությունը..., իմ կարծիքով, պետք է լինի ինչքան պարզ, այնքան խոր, ինչքան խոր, այնքան պարզ։ ...Բանաստեղծության երաժշտականությունը ինքնին արդեն բանաստեղծության թագուհին է[7]։
Քաղվածքներ Հովհաննես Շիրազի մասին
խմբագրել- Ուշադրություն պիտի դարձնել այս պոետի վրա։ Պիտի դաստիարակել նրան, մեծ ապագա է խոստանում... ընդհանուր աղմուկի մեջ ժողովրդական լիրիկա է բերում[8]։
- Կուզեմ այստեղ գոնե քանի մը տողով հիշատակել (ավելի լայնորեն անոնց մասին խոսելը թողնելով առաջիկային) տիտղոսները երկու քերթողական գրքույկներու, որ հայ նոր ու զմայլելի բանաստեղծի մը բերկրառիթ հայտնությունը կբերեն մեզի, այն է՝ «Գարնանամուտ» (իսկապես գարնանաբույր) տաղերու հավաքածուն և «Սիամանթո և Խջեզարե» հոյակապ վիպերգը Հովհաննես Շիրազի, որ երեկ, ըստ իս, Երևանի և ամբողջ աշխարհի հայ բանաստեղծներու մեջ ինքնուրույն տեղ մը գրավելու արժանի ներշնչյալ, հմայիչ քնարերգակ մըն է[8]։
- Շիրազը հոյակապ դեմք է մեր պոեզիայի Պառնասում, հորդաբուխ ու ճշմարիտ բանաստեղծ, նրա ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է՝ զարմանալի պատկերներով։ Բնությունը նրան օժտել է փիլիսոփայական ինտուիցիայով։ Համաշխարհային գրական գոհարներ եթե կազմվեն, ես մեծ սիրով տեղ կտայի «Էքսպրոմտին», «Բիբլիականին» և այլ բանաստեղծությունների[8]։
- «Բիբլիականը» կոսմիկական տարերք ունի, փիլիսոփայական մեծ տաղանդի գործ է։ Խորիմաստ «Բիբլիականի», ծաղկաբույր «Խջեզարեի» և մյուս պոեմների կախարդ հեղինակը Հոկտեմբերյան ամենամեծ հայ լիրիկն է[8]։
- Հ. Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է («Երբ չծագած աստղ էիր մառախուղում երազի»). «Բիբլիական» պոեմը գրված է վայրի տաղանդով[8]։
- Կլասիկ կրակներով լիքն է Հովհաննես Շիրազի պոեզիան, ոչ միայն այն Հայաստանի, այլև Խորհրդային Միության ամենատաղանդավոր, հիանալի պոետներից մեկն է նա[8]։
- Նախկին անապաստան, այժմ մեծ պոետ է Հովհաննես Շիրազը՝ Հայաստանի ամենամասսայական, ամենաժողովրդականը[9]։
- Առհասարակ խաղաղության և կյանքի թեման Շիրազի պոեզիայի կենսական երակն է կազմում[9]։
- Ալեքսանդրապոլի փողոցներում, ոտաբոբիկ, արցունքն աչքերին ջուր ծախող անապաստան պատանին կարո՞ղ էր մտածել, թե մի օր դառնալու է նոր Հայաստանի ամենաժողովրդական բանաստեղծներից մեկը, կարո՞ղ էր երազել, որ իր երգերը թևածելու են ողջ աշխարհով, կարո՞ղ էր մտածել, թե ինքը մի օր դառնալու է նվիրական անուն աշխարհով մեկ ցրված իր հայրենակիցների համար, որ սփյուռքի ամեն հայ օջախում հնչելու է նրա երգը և անունը՝ իբրև մայր հայրենիքի հետ կապող ոսկե կամուրջ, իբրև մայր հայրենիքի բանաստեղծական խորհրդանիշ։
- Այս հրաշքը հնարավոր դարձրեց վերածնված մեր հայրենիքը, որի որդին ու զինվորն էր Հովհաննես Շիրազը՝ մեծ բանաստեղծն ու քաղաքացին, հայրենասերն ու ժողովուրդների բարեկամության ծիածանի անդավաճան նվիրյալը[9]։
- Հովհաննես Շիրազի «Բիբլիական» պոեմի մեջ վերածնվում, շքեղանում է հայ ժողովրդի հանճարը իր ամբողջական տիեզերական զորությամբ, իր հոգեկան լուսավորումով։ Հոգին շնչավորվում է։ Նշմարվում և հայտնվում է երգի ընթացքի ոսկե թելը, որը «Բիբլիական» պոեմը միացնում է Վիկտոր Հյուգոյի «Հնդկական մոգերը» պոեմին և Պյութագորասի «Լուկրեցիոսին», մեծ խորհրդագետներին։
- Չմոռանամ նշել այդ նշանավոր պոեմի հունական փիլիսոփայական արժեքը[9]։
- Շիրազի «Բնության գլուխգործոցը» պոեմը կշնչե հյուգոյական համաստվածությամբ, հեղինակը իր քնարով կկապե, կնույնացնե Հայաստանի քնարերգությունը տիեզերականին (համամարդկայինին)[9]։
- Պիեռ Պարաֆ (ֆրանսիացի քննադատ)
- Հովհաննես Շիրազի «Բիբլիականը» հայ ժողովրդի հոգու ճիչն է, որ տարիներ շարունակ անարդարացի տառապել է զազիր ու հանցագործ օտարների ճիրաններում, ճիչն է մի ժողովրդի, որը 1600 տարի առաջ ստեղծված ու ցայտուն հարատևած իր գրերով ստեղծել է գիրք, գրականություն, բարձր մշակույթ[10]։
- Ահմեդ Շամլուն (պարսիկ քննադատ)
- Միայն մեծ վշտից հառնած ազգի զավակը կարող էր երկնել «Բիբլիականը»։ Պոեմի սքանչելի երեսը համամարդկային խոհն է, աստառը՝ խորունկ ազգային ցավը[10]։
- Բ. Գեմբարսկի (լեհ թարգմանիչ)
- Ետհոկտեմբերյան հայ բանաստեղծության ամենակարկառուն դեմքն է Հովհաննես Շիրազը[10]։
- Շիրազ թանկագին հոգի մըն է. ես շատ կցանկանամ լուրեր առնել նրա գրություններից, լսել դրանք։ Անի տաղանդ է, և մենք պետք է հպարտ զգանք և մեծ պատիվ համարենք նրա հետ ծանոթ լինելը[10]։
- Շիրազի «Բիբլիական» պոեմը հայ գրականության մեջ անսովոր երևույթ է, փիլիսոփայական իմաստով չափազանց խորը. նա միաժամանակ ունի բարձր գեղարվեստական գրվածքի բոլոր արժանիքները՝ Շիրազին բնորոշ պատկերների թարմությունը և օրիգինալությունը, պահպանվում են այս պոեմում, այդպիսիք զուգակցվում են նաև համեմատությունների, անսպասելի հակադրությունների հետ։ Շիրազը մեր սրտից է խոսում, ինչքան ազգային, այնքան համամարդկային է նա։ «Բիբլիականից» ես գեղարվեստական մեծ հաճույք եմ ստացա[10]։
- Շիրազի «Բիբլիական» պոեմը բացառիկ գործ է ոչ միայն միութենական, այլև համաշխարհային գրականության մեջ։
- ԻՆձ ապշեցնում է, թե ինչպիսի մեծ փոթորիկներով է ընդունում երիտասարդությունը Շիրազին[10]։
- Շիրազը սփյուռքի մեջ սովետահայ ամենաժողովրդական և սիրված բանաստեղծն է, հուզիչ կապ է մեր և մեր հայրենիքի ժողովուրդին մեջ, նրա ձայնը սփյուռքում սրտեր կգրավե և մեզ կխրախուսե, որ շարունակենք երազել, որ Արարատեն ու Վանա լճեն և լուռ պատմական Հայաստանեն չհրաժարվինք։ Տարբեր լարեր կան անոր քնարի վրա՝ թե՛ աշուղական, թե՛ քնարական, թե՛ փիլիսոփայական, և նկարագրով էլ, որպես մարդ, նա հրաբխային բանաստեղծ է[11]։
- Հովհաննես Շիրազը ժամանակակից անզուգական բանաստեղծ է, արքան է համաշխարհային մրցանակի արժանի (քերթողական արվեստի կալվածքի մեջ)։ Նրանով կճանչնան հայությանը, հայ թռիչքին ու հայոց հանճարին[12]։
- Ս. Գալայժ
- Անզուգական ստեղծագործական հաճույք ապրեցի ես սրանից 15 տարի առաջ Հովհաննես Շիրազի «Սևանի աստղերը» գիրքը թարգմանելիս։ Ցավում եմ, որ այսօր այդ ժողովածուն բիբլիոգրաֆիկ հազվագյուտ երևույթ է դարձել։
- Իսկ նրա «Բիբլիականը» մեր հանրապետությունում շատ-շատ երկրպագուներ անգիր են արել[12]։
- Նա գործող հրաբուխ էր. մահից հետո զգացի, որ ամբողջ լավան ժայթքել է. Հայաստանը ծածկված էր Շիրազի վշտի լավայով։
- Շիրազը նա է, ով չի վերջանում, այլ շարունակվում է, ով արժանապատվությամբ կարող է տանել ազգի վերքը, ով փողոցում չի գնա անարժան աստիճանավորի հետևից, այլ կսփոփի բոկոտն մանկանը։
- ...Իմ տեսած ամենաբարեգութ մարդն է Շիրազը[12]։
- Մորիս Փոցխիշվիլի
- Շիրազին հիշելով՝ կարեկցում ենք ինքներս մեզ...։ Զարմանալի ուժի տեր է, զարմանալի էներգիա ունի. կարող է անգամ մահը սանձել։ Շիրազի բերանից բառը թռչում է, ինչպես թռչունը բնից[12]։
- Շիրազը երկնային պարգև է։ Նրա գլխին է մեր պոեզիայի թագը։ ...Շիրազի ազգային ոգին գալիս է Հայասա-Հայաստանի վաղնջական հեռավորության խորքերից, ինչպես տիեզերքի հեռավոր արևների լույսը[12]։
- Շիրազը հազար տարի առաջվա Նարեկացու բույրն է առնում։ ...Իր նման է տեսնում Նարեկացուն[7]։
- Շիրազը ազգ է պահում, Պարույրը՝ ժողովուրդ։Շիրազն եկավ մեր վշտից, Պարույրը՝ մեր մտքից ու բանականությունից։ Շիրազը բովանդակ խիղճն է, միտքն էլ խղճինն է։ Պարույրի խիղճը մտքի նման սթափ է յուրաքանչյուր բանաստեղծական տողում։ Երկուսն էլ նույն բարձրության վրա են կանգնած, մեկը անցյալից է ապագային նայում, մյուսը՝ ներկայից։ Միևնույն տարերքի բանաստեղծներ են[7]։
- Գևորգ Արշակյան
- Շիրազը Մասիս սարի բողոքն է
- Ու հառաչանքը մեր Վանա ծովի,
- Շիրազը Արաքս գետի մորմոքն է,
- Անլուռ տանջանքը գերված Տարոնի[13]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 31. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 47. ISBN 99930-2-276-4.
- ↑ Րաֆֆի Օրացոյց. Թեհրան, Իրան: «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ. 2009.
- ↑ Հայոց լեզուն։ Վերստացված է՝ 2011-04-13։
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 121։
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 120։
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 119։
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 115։
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 116։
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 117։
- ↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 117-118։
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 118։
- ↑ Վազգեն Օվյան, Ասք անմահության (Հովհաննես Շիրազի հիշատակին), 1984: