Ալեքսանդր Շիրվանզադե

հայ արձակագիր, դրամատուրգ, գրող, սցենարիստ

Շիրվանզադե կամ Ալեքսանդր Մինասի Մովսիսյան (ապրիլի 7, 1858 — օգոստոսի 7, 1935), հայ անվանի գրող և դրամատուրգ։

Ալեքսանդր Շիրվանզադե

Քաղվածքներ

խմբագրել
  • Մարդու համար ծննդից ու մահից ավելի կարևոր ոչինչ չկա։ Ծնվելիս նա ոչինչ չգիտեր, մեռնելիս նա ամեն ինչ գիտի[1]։
  • Ոչ մի գազանություն այնքան զազրելի չէ, որքան մտքի գազանությունը։ Ոչ մի հանցանք այնքան քսմտելի չէ, որքան հոգեկան հանցանքները[2]։
  • Փքուն, գեղեցիկ բառեր գործածող հեղինակն ինձ հիշեցնում է գավառացի անճաշակ հարուստ կին, որ գեղեցկության համար մի քանի շար ոսկի ու մարգարիտ է կախում վզին ու բոլոր մատները զարդարում մատանիներով։ Պետք է գործածել այնքան բառ, որքան հարկավոր է իրը և այս կամ այն վիճակը տալու համար։ Ավելորդ բառը մթագնում է պատկերը։ [3]
  • Ես չգիտեմ և չեմ ճանաչում բովանդակ հայ գրականության մեջ ավելի գեղարվեստական և ավելի անկեղծ մի ուրիշ երկ, քան «Պեպոն»։
  • Բանաստեղծի համար չկա ավելի բարձր բան, քան ճշմարտությունը[4]։
  • Կյանք. - ահա բոլոր բանաստեղծության, բոլոր գեղեցկության, բարձրի, վսեմի, վսեմագույնի միակ ու զուտ աղբյուրը[4]։
  • Համաշխարհային գրականության մեջ, սկսած Շիրվանզադեից և Սերվանտեսից մինչև մեր օրերը, միայն այն երկերն են դիմացել ժամանակի կործանիչ ազդեցությանը, որոնք կարելույն չափ խերն են թափանցել կյանքը[4]։
  • ...Գրողը պետք է յուր տենդենցիան հիմնի հոգեբանական անհերքելի փաստերի վրա, որպեսզի նրա գրվածքով ընթերցողը ոգևորվի[4]։
  • Լեզուն կազմվում է ամբողջ ազգի հոգեկան, մտավոր, պատմական ու ֆիզիոլոգիական առանձնահատկությունների ամբողջությունից[4]։
  • Ոճը անհատի ներքին աշխարհի ծնունդն է, նրա արտահայտիչը։ Կարելի է գրել միևնույն լեզվով, բայց միանգամայն տարբեր ոճով[5]։
  • ...Ահա թե ինչու արդարացի է այն ասացվածքը, թե ոճը՝ ինքը հեղինակն է, ինչպես և արդարացի կլինի ասել, թե լեզուն՝ ինքը ազգն է[5]։
  • Ո՛չ, իսկական ռեալիստը արձանագրողի ճշմարտությամբ և հավատարմությամբ չի նկարագրում կյանքի երևույթները, հազար անգամ ոչ. ռեալիստը լուսանկարիչ չէ կամ ստենոգրաֆ. նա նույնչափ հնարագետ է, որքան մի ռոմանտիկ կամ կլասիկ[5]։
  • Դրամատուրգը պետք է լինի հոգեբան, բայց նրա հոգեբանությունը պետք է արտահայտվի գործող անձանց գործով և ոչ սեփական խոսքերով։ Այն պետք է լինի օբյեկտիվ և միանգամայն ազատ հեղինակի բռնությունից[5]։
  • Ընթերցողը. ահա միակ դատավորը գրողի[5]։
  • Չկա կյանքից ավելի գեղեցիկ բան...[5]
  • Ինչ ուղղությամբ ուզում եք գրեք. միայն թե մեզ տվեք մարդն իր վարմունքներով. կյա՛նք տվեք, հուզեցե՛ք, ապրեցրե՛ք մեզ[5]։
  • Գրողը ինքը և ուսուցիչ է, և՛ քննադատ։ Եթե մի գրող պատրաստ չի դրա համար, ավելի լավ է՝ չգրի[5]։
  • Նրանք եթե քննադատներից պիտի սովորեն գրելը, ավելի լավ է՝ չգրեն[6]։
  • Գրողը պետք է զարգացած լինի և աշխարհ տեսած[6]։
  • Աշխարհի ամենամեծ և ամենախոր գրողը մնում է դարձյալ Շեքսպիրը[6]։
  • Անդրկովկասն իմ հայրենիքն է, Ադրբեջանը՝ ծննդավայրս, Թիֆլիսը՝ իմ գրական գործունեության օրրանը, իսկ Հայաստանը նոր որդեգրել է ինձ[6]։
  • Գրողը մի տեղ չպիտի նստի։ Պետք է հաճախ ճամփորդել, ճամփորդել ու գրել[6]։
  • Ավելորդ բառը մթագնում է պատկերը[6]։

Քաղվածքներ Շիրվանզադեի մասին

խմբագրել
  • Բնությունը Շիրվանզադեին բացառիկ գեղեցկության հետ միասին օժտել էր և բացառիկ կենսասեր ոգով։ Ու նրան նայելիս թվում էր, իսկապես, թե այդգեղեցկության տեր տղամարդն ուրիշ կերպ էլ չէր կարող լինել, քան կենսասեր։ Եվ առաջին բանն իրոք որ աչքի էր ընկնում մեր վիպասանի բնավորության մեջ՝ դա նրա կենսասիրությունն էր, բուռն, անհագ կենսասիրությունը, որով մեծապես տոգորված են և նրա երկերը։ Կյանքով լեցուն՝ նա սիրում էր կյանքն իր ամբողջությամբ, իր բոլոր արտահայտությունների մեջ։
  • Դուք գրող եք, մարդ, որ ապրում է աշխարհի բոլոր ցավերով և ուրախություններով։ Դուք ինքներդ գիտեք՝ որքան ուրախալի է իմանալ, որ Ձեր խոսքը հասկանալի է Կովկասում և Անգլիայում, Սկանդինավյան թերակղզում և Իտալիայում[4]։
Մաքսիմ Գորկի
  • Շիրվնզադեն հայ գրականության մեջ ամենեն գեղեցիկ և հաստատուն սյուներեն մինն է[4]։
Երվանդ Օտյան
  • Շիրվանզադեի «Պատվի համարին» մեջ ժամանակակից պուրժուազին բոլոր թիպերը լիաբուռն սփռած է։ Բիեսին կազմվածը իր պարզությանը մեջ հոյակապ է և հյուսիսի գրականության հորինվածը կհիշեցնե։ Ռուսահայ թատերագետը շատ բարձր է Օքթավ Միրպոեն, որ, սակայն, Ֆրանսիայի փառքերեն մեկն է։
...Իսկ խոսակցությունը, դիալոգը, որ որևէ թատերական բիեսի հաջողության առաջի պայմանն է, երբեք այսքան ժողովրդական պարզությամբ և խիզախությամբ չէր փայլած, որքան այս բիեսին մեջ[8]։
Գրիգոր Զոհրապ
  • Հայ ժողովուրդը, եթե մարդիկ ունի, որոնց պետք է հարգի հոբելյանով, դրանցից մեկը Շիրվանզադեն է։ «Ցավագարի», «Քաոսի», «Արտիստի» և շատ ուրիշ վիպական ու բեմական գրվածքների հեղինակը հանդիսանում է անվիճելի արժանավոր հոբելյար[8]։
Հովհաննես Թումանյան
  • Կենցաղագրական և հոգեբանական դրամայի գրական լեզվով՝ ամենից շատ զարկ է տվել Շիրվանզադեն, և նրա նշանակությունը այդ ասպարեզում մեծ է ու նշանակալից[8]։
Վահան Տերյան
  • Շիրվանզադեն հանդիսացավ այն առաջին մեծ գրողը, որ ոչ միայն չշփոթվեց, այլև մտքով հասու եղավ նոր պատմության փոթորկալի իրադարձություններին, նրա մեծ իմաստին, նրա մեծ անհրաժեշտության[8]։
Դերենիկ Դեմիրճյան
  • Շիրվանզադեն, իրոք, որպես ստեղծագործող մեծություն, պատկանում է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ Անդրկովկասին, որովհետև նա իր երկերում, ավելի շատ, քան որևէ այլ գրող, արտացոլել է Անդրկովկասի ժողովուրդների կյանքն ու հարաբերությունը[8]։
Ստեփան Զորյան
  • Զորեղ վիպասան և ազնվազգի թատերագիր մըն է Շիրվանզադեն, որուն գործը մին է հայ գրականության ամենեն հարուստ կոթողներեն[8]։
Տիգրան Կամսարյան
  • Ահա գրագետ մը, որ իր գործին ընդարձակությամբն ու տոկունությամբը, իր հղանցմանց ու արտահայտության զորությամբն ու կենդանությամբը, գրականության դերին և իսկության մասին իր ունեցած բարձր ու անկախ ըմբռնումովը լիովին արժանի է «վարպետ» պատվանունին[9]։
Արշակ Չոպանյան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 101. ISBN 99930-2-276-4. 
  2. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 159. ISBN 99930-2-263-2. 
  3. Զ․ Մ․ Գրիգորյան, Ա․ Ա․ Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 66։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 42։
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 43։
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 44։
  7. Զ․ Մ․ Գրիգորյան, Ա․ Ա․ Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 65։
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 41:
  9. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 41-42։


 
Վիքիպեդիա