Սյուզան Սոնթագ
(Վերահղված է Սյուզան Զոնթագից)
Սյուզան Սոնթագ (անգլ.՝ Susan Sontag, հունվարի 16, 1933 թ. — դեկտեմբերի 28, 2004 թ.), ամերիկացի գրող, կինոգործիչ, ուսուցիչ և քաղաքական գործիչ։ Նրա ամենահայտնի էսսեներից են՝ «Ընդդեմ մեկնաբանության», «Լուսանկարչության մասին», «Հիվանդությունը որպես մետաֆոր», «Ամերիկայում» և այլն։
Քաղվածքներ
խմբագրելԸնդդեմ մեկնաբանության
խմբագրել- Արվեստի առումով մեկնաբանությունը նշանակում է ամբողջ գործի միջից տարրերի (X, Y, Z և այլն) մի որոշակի խմբի դուրսբերում։ Մեկնաբանության խնդիրը, փաստորեն, նույնն է, ինչ որ թարգմանությանը։ Մեկնաբանն ասում է. ինչ է չե՞ս տեսնում, որ X-ն իրականում նշանակում է A, որ Y-ն իրականում B-ն է, իսկ Z-ը՝ C-ն։
- Ստացվում է, որ մեկնաբանությունը կանխավ ենթադրում է տեքստի մաքուր իմաստի և (հետագա) ընթերցողի պահանջների անհամապատասխանություն։ Այն ջանում է լուծել այս տարաձայնությունը։ Բանն այն է, որ մի որևէ պատճառով տեքստը դարձել է անընդունելի, թեև այն չի կարելի դեն նետել։ Մեկնաբանությունը ծայրահեղ միջոց է հին տեքստը նորոգելով պահպանելու համար, տեքստ, որը չափից ավելի թանկարժեք է համարվում, որ դեն նետվի։ Ըստ էության, մեկնաբանը ձևափոխում է տեքստը՝ առանց ջնջելու կամ վերաշարադրելու այն։ Բայց նա չի ընդունում սա։ Նա պնդում է, թե իր արածն ընդամենը տեքստն ավելի հասկանալի դարձնելն ու դրա ճշմարիտ նշանակությունը բացահայտելն է։ Ինչքան էլ որ մեկնաբանները տեքստը ձևափոխեն (այստեղ մեկ այլ հանրահայտ օրինակ է ակնհայտորեն էրոտիկ Երգ Երգոցի Րաբունական և Քրիստոնեական «հոգևոր» մեկնությունները), միևնույն է, նրանք պետք է պնդեն, թե մեկնում են այն իմաստը, ինչն արդեն իսկ այնտեղ է։
- Իրական արվեստն ունակ է մեզ նյարդայնացնելու։ Արվեստի գործը սեփական բովանդակությանը հանգեցնելով, և մեկնաբանելով այդ բովանդակությունը, մենք կաշկանդում ենք այն։ Մեկնաբանությունն արվեստը դարձնում է կառավերելի ու հարմարեցված։
- Մեր խնդիրը արվեստի գործում հանրավորինս շատ բովանդակություն գտնելը չէ, կամ, ինչն ավելի վատ է, արվեստի գործից քամել ավելի շատ բովանդակություն, քան կա։ Այսօր մեր խնդիրը բովանդակությունը նվազեցնելն է, որպեսզի առհասարակ մի ինչ-որ բան կարողանանք տեսնել։
- Այսօր արվեստի բոլոր լուսաբանումների նպատակը պետք է լինի արվեստի գործերը (ինչպես նաև մեր սեփական փորձառությունը) մեզ համար ավելի, այլ ոչ թե պակաս, իրական դարձնելը։ Քննադատության ֆունկցիան պետք է լինի ցույց տալը`ինչպես է դա այնպիսին, ինչպիսին որ է, նույնիսկ, որ դա այն է, ինչ է, այլ ոչ` ցույց տալ, թե դա ինչ է նշանակում[1]։
Օրագրեր
խմբագրել- Լեզուն ոչ միայն գործիք է, այլ նաև նպատակ ինքն իր համար։
- Հանճարեղ տանջարար էր նա, ով հնարեց ամուսնությունը։ Դա հաստատություն է, որ նպատակաուղղված է զգացմունքների բթացմանը։ Ամուսնության ողջ իմաստը կրկնության մեջ է։ Լավագույնը, ինչին ձգտում է՝ ուժեղ, փոխադարձ կախվածություն ստեղծել։
- Մենք հաճախ չենք իմանում, թե մարդիկ ինչ են մտածում մեր մասին (կամ, ավելի ճիշտ, կարծում ենք թե մտածում են)…Արդյոք մեղավո՞ր եմ, որ կարդացի այն, ինչ նախատեսված չէր աչքերիս համար։ Ոչ։ Օրագրի հիմնական (սոցիալական) գործառույթներից է, որ այն ուրիշների թաքուն կարդան, նրանք (ծնողներն ու սիրեցյալները), որոնց մասին դաժանորեն անկեղծ ես միայն օրագրում։
- Գրելու ցանկությունս կապված է իմ միասեռականության հետ։ Այդ ինքնությունը միջոց է, որ դիմադրեմ հասարակության կողմից ինձ ուղղված զենքին։
- Դա իմ միասեռականությունը չի արդարացնում։ Բայց կարծում եմ` անցաթուղթ է տալիս։
- Ծերանալու վախը ծնվում է գիտակցումից, որ հիմա չես ապրում այն կյանքը, որ կուզեիր ապրել։ Դա համարժեք է ներկան չարաշահելու զգացողությանը։
- Հպելու, հպվելու ցանկությունը։ Ես երախտապարտ եմ, երբ հպվում եմ մեկին։ Դա ապացույց է, որ մարմին ունեմ, և որ մարմիններ կան աշխարհում։
- Սեքսը միակ բարիքն է, որտեղ մահը չի կարող մեզ խաբել՝ երբ սկսել ենք ապրել սեռական կյանքով։ Մեռնելը մի տարվա սեռական երջանկությունից ավելի տխուր չէ, քան մեռնելը՝ երեսուն տարվա սեռական երջանկությունից։
- Ուրեմն, միայն կրկնվող գործողություններն են զերծ մահվան դառնահամից։
- Այնքան շատ եմ ուզում սեքսին վերաբերվել այնպես, ինչպես վերաբերվում եմ գրելուն։ Ես ուզում եմ միջոց, գործիք լինել ինչ-որ ուժի, որ վեր է ինձնից։
- Միայն մի դեպքում յուրաքանչյուր մարդ կարող է արվեստագետ համարվել – եթե արվեստը բացառապես ընկալվեր որպես պերֆորմանս – կամ դեն նետելու մի բան։ Այդ դեպքում արվեստը կլիներ մի բան, որով մարդիկ զբաղվում էին, և եթե ինչ-որ արդյունք տար, պարտավոր չէիր լինի այն պահել թանգարանում։ Ուստի Քեյջը իրավունք ունի ասելու, թե ուզում է, որ բոլորը արվեստագետ լինեն։ Արվեստի նրա ընկալման մեջ արտադրելու գաղափարը շատ քիչ է։ Ոչինչ չկա պահելու, հավերժացնելու։ Այդպիսի արվեստը ինքն իրեն կործանում է։
- Գիտակցության Ճնշումները զգալու, տեղեկացված լինելու, ինչ-որ բան հասկանալու համար անհրաժեշտ է մենակ լինել։ Լինել մարդկանց մեջ, լինել մենակ՝ ինչպես շնչելն ու արտաշնչելը, սիստոլան և դիաստոլան. քանի դեռ վախենում եմ մենակ լինելուց, երբեք իսկական չեմ դառնա։ Ես ինքս ինձնից թաքնվում եմ։
- Չես կարող դառնալ անգլիացի, ֆրանսիացի կամ գերմանացի, բայց դառնում ես ամերիկացի։ Հորինված, անբնական երկիր[2]։