Ցոլակ Հովսեփյան
հայ լուսանկարիչ
Ցոլակ Հովսեփյան (փետրվարի 18, 1918, Բաղդադ, Իրաք), հայ հայտնի լուսանկարիչ։
Քաղվածքներ
խմբագրել- Ինծի համար յարգելի են բոլոր անոնք, որոնք իրենց կեանքը կամ ժամանակին մէկ մասը կու տան ազգին, եւ անկասկած, այդ մարդիկը մեծ նպաստ կը բերեն հայ ժողովուրդին, հետեւաբար, կ'իյնան իմ նկարչական հետաքրքրութեան ծիրին մէջ[1]։
- Ոմանք անձ մը բնութագրելու համար առնուազն քանի մը էջ պետք է գրեն․ եւ վստահ եղէք որ անկէ քաղուած տպաւորութիւնը աւելի զօրաւոր չէ, քան իմ քամերայիս նկարը[1]։
- Նախ կը ծանօթանամ անձին, յետոյ խօսակցութեան մէջ կը մտնեմ անոր հետ եւ յարմար մէկ վայրկեանին, երբ իր անհատականութիւնը դէմքին վրայ կ'արտացոլայ, անմիջապէս կը նկարեմ․․․[1]
Քաղվածքներ Ցոլակ Հովսեփյանի մասին
խմբագրել- Ցոլակ Յովսէփեանը հիմնականում պորտրէտների լուսանկարիչ է, նրան հետաքրքրում է մարդը իր եզակի ներաշխարհով։ Իսկ դա նշանակում է հոգեբան լինել, որսալ բնորդի այն պահը, որ ամէնից լաւ է արտայայտում նրա էութիւնը։ Այսինքն նրա լուսանկարները մարդկային կերպարների պատկերասրահ են։ Ու թէեւ դրանք հիմնականում սեւ-սպիտակ են, բայց ես երբեմն գոյներ եմ տեսնում այնտեղ, եւ այդ թուացեալ «գունաւորումը» Ցոլակ Յովսէփեանի վարպետութեան գաղտնիքներից է[2]։
- Ցոլակ Յովսէփեան օժտուած է լուսանկարչութիւնը գեղարուեստի մակարդակին բարձրացնող բացառիկ տաղանդով։ Օժտուած է, նաեւ, մարդը դիտելու, անոր ներաշխարհը պեղելու, նկարագիրի տիրական գիծերը յայտնագործելու եւ այդ ամէնը խօսեցնող ճի՛շդ պահը գտնելու ու լուսանկարելու իւրայատուկ սրատեսութեամբ եւ խորաթափանցութեամբ[3]։
- Աւելի քան երեք քառորդ դար ընդգրկող ժամանակաշրջանի մը մէջ գործած՝ մեր ազգային իրականութեան ակնառու բազմաթիւ հասարակական գործիչներու, Ցոլակ Յովսէփեանը, որ իւրայատուկ տաղանդով ու հետեւողականութեամբ այդ յուշերը կենդանացնող լուսանկարներու հարուստ հաւաքածոյ մը ստեղծած է[4]։
- Աբօ Պօղիկեան
- Նա լուսանկարչական աշխարհ մտաւ առանց հարցնելու, փորձեց հասկանալ, թէ ինչպէս է հնարաւոր կանգնեցնել վայրկեանը, եւ հասկացաւ, ու կարողացաւ կեանք տալ հազարաւոր քարացած ակնթարթների, իր կերպարը եւ ոճը դնելով լուսանկարչական արուեստի հայկական մատեանում[5]։
- Արամ Գրիգորեան
- Ցոլակի լուսանկարչական ոսպնեակը հիմնականում ժապաւէնին է յանձնել դիմանկարային գործեր։ Հայ լուսանկարչութիւնը, յանձինս Ցոլակ Յովսէփեանի՝ կարողացաւ մի նոր էջ գրել պատմութեան համար։ Մարդիկ, որ այսօր արդէն չկան, Ցոլակի լուսանկարներից կարծես կեանք առած խօսում են հետդ։ Ցոլակը որսում է մարդու մէջ ամենադժուար ընկալուող դիմագծերը եւ բնաւորութեան պէս դրոշմում դրանք իր աշխատանքներում[5]։
- Արամ Գրիգորեան
- Ցոլակի տարերքը լուսանկարչութիւնն է։ Նա իր շրջապատը, կեանքը, աշխարհը, մարդկանց հետազօտում է ու ճանաչում է նախ՝ իր հոգու աչքերով, որն անցնում է լուսանկարչական խցիկի միջով, եւ դրոշմւում թղթին։ Նայում եմ Ցոլակ վարպետի լուսանկարչական աշխատանքները, դա մի մեծ աշխարհ է, ծանօթ ու անծանօթ աշխարհ։ Ցոլակը յատկապէս դիմանկարների վարպետ է։ Ո՞րն է ինքնատիպը, իւրայատուկը նրա կերտած դիմապատկերներում։ Թող զարմանալի չթուայ՝ հայրենասիրութիւնը եւ մարդասիրութիւնը։ Երկու յատկանիշեր, որոնք բնորոշում են իրեն՝ արուեստագէտ Ցոլակին, եւ այն բազմաթիւ հարիւաւոր լուսապատկերները[6]։
- Գէորգ Քրիստինեան
- Ցոլակը լուսանկարչական բացառիկ տաղանդով է օժտուած։ Զարմանալի մարդ է ինքը։ Բնաւորութեամբ անմիջական է։ Առաջին իսկ ծանօթութեամբ մտերմանում է մարդկանց հետ։ Ջերմ ու վարակող է նրա հոգին։ Երեխայի պէս մարդ է։ Մաքուր ու միամիտ։ Անշահախնդիր ու անկեղծ։ Հապա նրա հայրենասիրութի՞ւնը։ Գժւում է իր հայրենի հողի համար[6]։
- Վահրամ Հաճեան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ցոլակ Հովսեփյան (2013). Հարազատ դէմքեր. Լոս Անջելես: Հայ գիր. էջ 10.
- ↑ Ցոլակ Հովսեփյան (2013). Հարազատ դէմքեր. Լոս Անջելես: Հայ գիր. էջ 15.
- ↑ Ցոլակ Հովսեփյան (2013). Հարազատ դէմքեր. Լոս Անջելես: Հայ գիր. էջ 18.
- ↑ Ցոլակ Հովսեփյան (2013). Հարազատ դէմքեր. Լոս Անջելես: Հայ գիր. էջ 19.
- ↑ 5,0 5,1 Ցոլակ Հովսեփյան (2013). Հարազատ դէմքեր. Լոս Անջելես: Հայ գիր. էջեր 23-24.
- ↑ 6,0 6,1 Ցոլակ Հովսեփյան (2013). Հարազատ դէմքեր. Լոս Անջելես: Հայ գիր. էջ 25.