«Օրերի փրփուրը» (ֆր.՝ L’Écume des Jours), ֆրանսիացի գրող Բորիս Վիանի ամենահայտնի վեպը, որը նա գրել է 1946 թվականի մարտ-մայիս ամիսներին (հրատարակվել է մեկ տար անց)։

Քաղվածքներ

խմբագրել
  • Պարտադիր միայն երկու բան կա. մեկը սերն է, իր բոլոր դրսևորումներով, գեղեցիկ աղջիկների հետ, և Նոր Օռլեանի կամ Դյուկ Էլլինգտոնի երաժշտությունը։ Մնացյալը պետք է անհետանա, որովհետև մնացյալը այլանդակ է ու տգեղ։
  • Նա իր շուրջն էր նայում լայն բացված կապույտ աչքերով, իսկ նրա զբաղեցրած տարածությունը սահմանափակվում էր թարմաշունչ ու ոսկեգույն մաշկով։
  • Պարզապես այս կյանքում ինձ հետաքրքրում է ոչ թե բոլոր մարդկանց երջանկությունը, այլ առանձին վերցրած յուրաքանչյուրի։
  • Գրեթե միշտ նա բարձր տրամադրության մեջ էր, մնացած ժամանակ քնած էր լինում։
  • Կոլենը բավականաչափ հարուստ էր, որպեսզի առանց ուրիշների համար ձրի բանելու՝ կարողանար պատշաճ կյանք վարել։ Մինչդեռ Շիկը ստիպված էր ամեն շաբաթ ծեծել մինիստրությունների դռները, տեսակցեր քեռու հետ և նրանից դրամ կորզեր, քանի որ ինժեների մասնագիտությունը նրան հնարավորություն չէր տալիս գոնե իր ձեռքի տակ աշխատող բանվորների չափ դրամ վաստակել, և, ճիշտն ասած, հեշտ բան չէ ղեկավարել այն մարդկանց, որոնք քեզանից և՛ ավելի լավ են հագնվում, և՛ սննդի տեսակետից էլ ավելի բարվոք վիճակում են գտնվում։
  • Եվ ամեն նագամ, երբ ես էլ նրան ինչ–որ բան էի հարցնում՝ պատասխանում էր՝ «Ես նույնպես...»,– և vice versa... Այսպիսով, զուտ էքզիստենցիալիստական փորձնական վարժություն անելու նպատակով, ես նրան ի վերջո ասացի.– «Ես ձեզ շատ եմ սիրում»,– նա էլ պատասխանեց և ասաց.– «Օ՜...»։
– Փորձը արդյունք չունեցավ,– ասաց Կոլենը։
  • Նա իր մատը լիզեց և գլխից վերև բարձրացրեց այն, բայց անմիջապես էլ իջեցրեց. մատը այրվում էր ինչպես հնոցում։
– Ողջ եթերը սիրով է բռնված,– արտաբերեց նա։– Եվ ինչպե՜ս է այրվում։
  • Նրանց համոզել են, որ աշխատանքն ազնվացնում է մարդուն,– ասաց Կոլենը։– Դա համընդհանուր տարածում գտած իրողություն է։ Իսկապես էլ՝ շատերն են այդպես մտածում։ Իսկ իրականում՝ աշխատում են բնազդի թելադրանքով, այսպես գոնե մտածելու ժամանակ չի մնում։
  • Եթե նրանք ժամանակ գտնեին մեքենաներ ստեղծելու համար, դրանից հետո այլևս կարիք չէին ունենա աշխատելու։ Ասելս այն է, որ նրանք աշխատում են ապրելու համար, փոխանակ մեքենաներ ստեղծելու վրա աշխատեն, որ նրանց հնարավորություն կտա ապրել՝ առանց աշխատելու։
  • – Քո կարծիքով նրանք, ի՞նչ է, չէի՞ն ուզենա իրենց տանը մնալ և համբուրել իրենց կանանց, լողավազան հաճախել ու պարասրահներ...
– Ոչ,– ասաց Կոլենը։– Որովհետև նրանք այդ մասին ժամանակ չունեն մտածելու։
  • Այո, ճիշտ որ հիմար են։ Դրա համար էլ հեշտությամբ համաձայնվում են նրանց հետ, ովքեր իրենց հավատացնում են, թե աշխատելուց բարձր ու ազնիվ ոչինչ չկա։ Այդ իսկ պատճառով նրանք ոչ մի բանի մասին չեն մտածում, ոչ էլ առաջընթացի ուղիներ են փնտրում, և հենց աշխատանք կոչվածն ինքն էլ թույլ չի տալիս այդ բանն անել։
  • Ես քեզ սիրում եմ՝ և ամբողջի մեջ վերցրած և առանձին–առանձին՝ մանրամասնությունների իմաստով։
  • Ես կարող էի նաև ավելի շուտ վերջացնել, բայց գործը դիտմամբ ձգձգեցի, որպեսզի աշխատանքիս պտուղը արժեքավորվի։
  • – Օ՜, դա շատ թանկ արժե,– ասաց դեղավաճառը։– Ձեզ համար երևի թե ավելի շահավետ կլիներ մի բութ գործիքով գլխիս հարվածել և ցվրվել՝ առանց վճարելու...
– Չէ, ի՞նչ եք ասում,– վրա բերեց Կոլենը։– Ես այնքա՜ն հոգնած եմ, որ...
  • – Շատ խելք ունենալը միշտ չէ, որ ցանկալի է։
– Դու ճիշտ ես, բայց մեկ-մեկ այն պետք է գալիս։
  • – Իսկ Դուք գիտե՞ք, թե ինչպիսի՞ գործի համար է մեզ այստեղ աշխատող պետք։
– Ոչ,– ասաց Կոլենը։
– Ես էլ չգիտեմ,– ասաց տնօրենը։– Երևի պետք է տեղակալիս հարցնել։ Բայց ինչպես երևում է, Դուք այդ գործին հարմար չեք գա...
– Ինչո՞ւ,– իր հերթին հարցրեց Կոլենը։
– Չգիտեմ...,– ասաց տնօրենը։
  • Աշխատելը սարսափելի բան է։ Մարդ իջնում է մեքենայի մակարդակին։
  • – Հասկանո՞ւմ եք,– ասաց մարդը,– այսօրինակ մանրամասնությունների վրա մենք ստիպված ենք մեծ ուշադրություն դարձնել, որովհետև բոլոր հրացանները պարտադիր կերպով պետք է միանման լինեն, եթե նույնիսկ նրանց բոլորի համար այդքան շատ փամփուշտներ էլ չլինեն... Իսկ փամփուշտներ շատ հաճախ մենք չենք էլ ունենում, փամփուշտների արտադրության ծրագրային պլաններից շատ ենք ետ մնացել, և, չնայած որ մեծ քանակությամբ պահեստավորված փամփուշտներ ունենք, բայց դրանք հարմար են գալիս լոկ արտադրությունից դուրս եկած հրացանային նմուշների համար, իսկ նոր տիպի հրացանների համար փամփուշտներ արտադրելու հրաման մենք դեռ չենք ստացել, այնպես որ այդ նոր հրացանները դեռևս գործածական չեն։ Ի դեպ՝ դա ոչ մի նշանակություն չունի։ Դե ի՞նչ կարող ես հրացանով անել շարժական զրահամեքենաների դեմ։ Մեր պատրաստած յուրաքանչյուր զույգ հրացանների դիմաց հակառակորդները մի ամբողջ զրահամեքենա են թողարկում։ Ճիշտ է՝ քանակային առումով մենք գերազանցություն ունենք նրանց նկատմամբ։ Բայց դե ինքնաշարժ զրահամեքենաների դեմ ի՞նչ կարող է մեկ հրացանափողը անել, կամ հենց թեկուզ տասը, մանավանդ որ համապատասխան փամփուշտներ էլ հետը չեն տրվում...
– Իսկ այստեղ, ի՞նչ է, զրահամեքենաներ չե՞ն արտադրվում,- հարցրեց Կոլենը։
– Արտադրվելն արտադրվում են,– պատասխանեց մարդը,– բայց մենք դեռ վերջին պատերազմի ժամանակ իջեցված ծրագրային պլանների վրա ենք նստած, այդ իսկ պատճառով մեր զրահամեքենաները այսօրվա պահանջները չեն բավարարում, ուստի և նրանց անմիջապես ուղարկում ենք մետաղաջարդոնման արտադրամաս, բայց քանի որ նրանք բարեխղճորեն և շատ ամուր են պատրաստված՝ դրա համար այս գործի վրա բավականին ժամանակ է ծախսվում։
  • – Նա ինձ շատ էր սիրում,– ասաց Ալիզը։– Նա կարծում էր, թե կարող է միաժամանակ և ինձ սիրել և դեռ գրքերի համար էլ ժամանակ գտնել... Բայց իրենք՝ գրքերը դրան համաձայն չէին և անկարող էին հաշտվել այդ բանի հետ։
  • Հենց թեկուզ բարոյականության տեսակետից ինչքանո՞վ է ընդունելի հարկեր մուծելու այդ երևույթը, մանավանդ որ գիտես էլ, որ դրանով իսկ իրավունք ես տալիս քեզ ձերբակալել հենց միայն այն բանի համար, որ բոլոր մյուսները ճիշտ ժամանակին պարտադիր կարգով կատարում են իրենց մուծումները, որոնցով պահվում է ոստիկանությունը և խոշոր պաշտոնյաները։ Այդ արատավոր շրջանը պետք է հիմնահատակ քանդել, թող այսուհետև այլևս ոչ ոք և ոչ մի մուծում չկատարի, գոնե մի որոշ ժամանակով, այդժամ բոլոր պետական պաշտոնյաները կմահանան թերսնումից ու ստամոքսի խանգարումից, բացի այդ՝ այլևս պատերազմներ չեն ծագի։
  • – Բայց Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ ասել է «Քլոեն մահացել է», մանավանդ, որ դու դա փորձում ես ինքդ քեզ հավատացնել։
– Դուք էլ պիտի հասկանաք,- ասաց Վանապապը,– որ դա ինձ համար սովորական բան է. այնպես որ դրանով չես կարող ինձ վրա տպավորություն գործել։ Երևի ճիշտ կլիներ, եթե ես Ձեզ խորհուրդ տայի այդ հարցով Աստծուն դիմեիք, գուցե և այդպիսով մխիթարություն գտնեիք նրա մոտ, բայց վախենամ թե նման չնչին գումարով չարժե նույնիսկ նրան անհանգստացնել, մանավանդ որ նա Ձեր այդ գրոշներին կարոտ էլ չէ...
– Օ՜,– ասաց Կոլենը,,– ես նրան չեմ էլ պատրաստվում անհանգստացնել։ Չեմ կարծում, թե նա կկարողանար ինչ-որ բանով իմ գործին օգտակար լինել, ինքներդ էլ երևի կհամաձայնեք ինձ հետ, մանավանդ որ Քլոեն էլ մահացել է...
– Դե ի՞նչ եք շարունակ այդ նախադասությունից կպել,– ասաց Վանապապը։– Մե՜ծ բան... Ավելի լավ է մտածեիք... ինքս էլ չգիտեմ, թե ինչի՞ մասին կարելի է այս պայմաններում մտածել... Ի՞նչ ասեմ... երևի թե ինչ մտքովդ անցնի, միայն թե ոչ... Օրինակի համար...
  • Այսպիսով, մենք հարյուր հիսունի վրա ենք կանգ առնում,– ամփոփեց Վանապապը։– Ցավալի է, իհարկե, այդ մասին մտածել, որովհետև ծիսակատարությունը իսկապես ասած նողկալի մի բան է լինելու։ Դուք ինձ իրոք որ զզվեցրիք, Ձեր վաշխառուական ժլատությունը պարզապես իմ գարշանքն է շարժում...
  • – Նա դժբախտ չէ,– ասաց մկնիկը,– նա տառապում է։ Հենց դա է, որ ես չեմ կարող այլևս տանել։

Վեպի մասին

խմբագրել
  • «Օրերի փրփուրը» ժամանակակից սիրավեպերից ամենահուզիչն է ու հոգեցունցը։
Ռայմոն Կենո, ֆրանսիացի բանաստեղծ

Աղբյուրներ

խմբագրել
  • Բորիս Վիան, Օրերի փրփուրը, Երևան, 1992։