Ալքիմիկոսը
«Ալքիմիկոսը» (պորտ.՝ O Alquimista), բրազիլացի գրող և բանաստեղծ Պաուլո Կոելիոյի վեպը։ Առաջին անգամ տպագրվել է 1988 թվականին։ Բնագիրը գրվել է պորտուգալերեն և թարգմանվել է 67 լեզուներով։ Վեպը հայերեն է թարգմանվել 2004 թվականին։ Թարգմանիչ՝ Ա․ Վարդազարյան[1]։ Վեպում Ալքիմիկոսը հետևում է երիտասարդ հովիվ Սանտիագոյին, ով ճանապարհորդում է դեպի Եգիպտոս՝ գտնելու իր երազանքների գանձը։
Քաղվածքներ
խմբագրել- Տիեզերքի ոգին սնվում է մարդկային երջանկությամբ։ Երջանկությամբ, բայց նաև՝ վշտով, նախանձով, խանդով։ Մարդը մեն-միակ պարտականություն ունի՝ հետևել Սեփական Առասպելին մինչև վերջ։
- - Խոստանալ այն, ինչ չունես՝ նշանակում է ռիսկի ենթարկել ունենալու իրավունքը,— կշտամբանքով ասաց ծերունին։
- Չի կարելի խոստանալ այն, ինչ քեզ չի պատկանում։
- Եթե դու ինչ-որ բան ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը։
- Կյանքն էլ հենց նրանով է հետաքրքիր, որ երազները կարող են իրականություն դառնալ։
- Երազներն այն լեզուն են, որով մեզ հետ խոսում է Տերը։ Այն աշխարհի լեզուներից մեկն է։ Եվ եթե Տերը մեզ է դիմում մեր հոգու լեզվով, միայն մեզ է հասկանալի լինում նրա ասածը։
- Մարդիկ, ինչպես իրենց է թվում, շատ շուտ են գիտակցում իրենց կյանքի իմաստը։ Գուցե հենց այդ պատճառով այդքան շուտ էլ հրաժարվում են նրանից։ Այդպես է ստեղծված աշխարհը։
- Եթե ինչ-որ բան ես ուզում ամբողջ սրտով, ապա առնչվում ես Աշխարհի հոգու հետ։ Իսկ նրա մեջ կուտակված ուժը միշտ դրական է։ Եվ նա ավելացրեց, որ աշխարհում ամեն ինչ ոգի ունի՝ լինի քար, թուփ, կենդանի, թե նույնիսկ մի պարզ միտք։
- Սերը պահանջում է լինել նրա կողքին, ում սիրում ես։
- Ես քեզ սիրում եմ, քանզի ամբողջ տիեզերքը նպաստել է մեր հանդիպմանը։
- Իմաստունները վաղուց են հասկացել, որ մեր այս բնական աշխարհը լոկ Դրախտի մեկ պատկերն է, նրա մեկ պատճենը։ Այս աշխարհի գոյության փաստը երաշխիք է, որ կա մի ուրիշ, ավելի կատարյալ աշխարհ։
- Երբ սիրում ես, չի կարելի կանգնել տեղում՝ ինչպես անապատը, սլանալ աշխարհով մեկ՝ ինչպես քամին, նայել ամեն ինչին հեռվից՝ ինչպես դու։ Սերը այն ուժն է, որը փոխում է Աշխարհի հոգին։
- Մենք երբեք չենք հասկանում, թե ինչ մեծագույն գանձեր կան մեր առջև։ Գիտե՞ս ինչու։ Քանի որ մարդիկ չեն հավատում գանձերի գոյությանը։
- — Ես գնում եմ,— ասաց նա,— բայց ուզում եմ, որ իմանաս՝ ես կվերադառնամ։ Ես քեզ սիրում եմ, քանի որ...
- — Ոչինչ մի ասա,— ընդհատեց նրան աղջիկը։— Սիրում են, որովհետև սիրում են։ Սիրելու համար որևէ պատճառ չի լինում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայ թարգմանական գրականություն. հատոր Ա. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. 2014. էջ 225.