Այնքան սպիտակ սիրտը
Խավիեր Մարասի վեպ
«Այնքան սպիտակ սիրտը» (իսպ.՝ Corazón tan blanco), Խավիեր Մարիասի վեպը։
Գիրքը իսպաներենից հայերեն է թարգմանել Ռուզաննա Պետրոսյանը, հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը, 2016, 384 էջ («Օտար գիր» մատենաշար)[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Ներկան չի կարող ոչ ներկել, ոչ էլ մոտենալ ապագային։
- «Կարգավիճակի փոփոխությունը» կարգադրում է, որ ոչինչ այլևս առաջվա պես չլինի, ավելին, որպես կանոն, այդ փոփոխությունը ենթադրում է ընտանեկան հոգսեր և առաջին հերթին՝ ընտանիք կառուցելու հոգսը, որը նախկինում երկուսի կյանքում էլ գոյություն չի ունեցել և որը պիտի սկսի գոյություն ունենալ, իսկ հիմա արհեստականորեն պիտի կառուցվի երկուսի կողմից։ Հենց այս շատ տարածված սովորույթի կամ գործառության մեջ է ապացուցվում այն միտքը, որ իրականում ամուսնական երդում տալիս ամուսնացողներն իրարից պահանջում են փոխադարձ հրաժարում այն ամենից, ինչ եղել է նախկինում, ինչ սիրել են նախկինում, և այն բաներից, որոնց համար նրանցից յուրաքանչյուրը սիրել է մյուսին, կամ պարզապես բոլորի միջից ընտրել է նրան՝ գնահատելով նրա առավելությունները. չէ՞ որ միշտ չէ, որ սերը նախորդում է ամուսնությանը, երբեմն հաջորդում է նրան, իսկ երբեմն ոչ նախորդում է, ոչ էլ հաջորդում. սա չի կարող անցնել առանց հետք թողնելու։ Նախկին կյանքից հրաժարվելը ենթադրում է հրաժարում այն ամենից, ինչ նախկինում ճանաչել ես, սիրել. վերջինս կարող է համարվել առաջինի սիմվոլը։ Այս կերպ՝ երկու մարդ, որոնցից յուրաքանչյուրը նախկինում ապրում էր իր ձևով, իր տանը, որպես կանոն, արթնանում էր մենակ, երբեմն էլ նաև մենակ քնում, հիմա հանկարծ արհեստականորեն պիտի քնեն միասին և արթնանան միասին, միևնույն ուղղությամբ քայլեն կիսադատարկ փողոցներով կամ միասին վերելակ նստեն, բայց ոչ այն պատճառով, որ նրանցից մեկը հյուր է, իսկ մյուսը՝ հյուրընկալողը, ոչ էլ այն պատճառով, որ մեկը գնում է մյուսին դիմավորելու, կամ իջնում է, որպեսզի հանդիպի նրան, քանի որ վերջինս սպասում է ավտոմեքենայի մեջ կամ տաքսու մոտ, այլ որովհետև հիմա նրանք ընտրության այլ տարբերակ չունեն, նրանց սենյակներն ընդհանուր են, ընդհանուր է նաև վերելակը, մուտքը, որ նախկինում չէր պատկանում նրանցից և ոչ մեկին, իսկ հիմա պատկանում է երկուսին, ընդհանուր բարձ, որի վրա ստիպված են լինելու կռիվ տալ քնի մեջ, կամ այսուհետ հիվանդների պես պիտի այդ բարձի միջով նայեն աշխարհին։
- Ամուսնանալուց հետո անմիջապես սովորում են, որ ամուսիններից մեկի հետ տեղի ունեցածը վերաբերում է իրենց երկուսին։
- Մարդը սովորում է անմիջապես տարբերել այն մարդու քնի ձայնը, որի հետ քնում է։
- Երբ որևէ բան չենք տեսնում կամ չենք լսում, հետո այլևս ոչինչ ետ չես բերի։
- Խոչընդոտներից կախվածության մեջ ապրող զույգերը կբաժանվեն, հենց որ հարթեն դրանք (եթե, իհարկե, մինչև հարթելն արդեն բաժանված չեն լինում), զույգերն ամեն գնով պետք է փորձեն հավերժական դարձնել և պահպանել այդ խոչընդոտները, եթե, իհարկե, նրանց վիճակված չէ ապրել իրարից բաժան՝ առանց մեկը մյուսի։
- Առավել հաճախ աշխարհը տեղաշարժվում է հենց դրա համար, որպեսզի այլևս իր նախկին տեղում չգտնվի և զբաղեցնի այն տեղը, որն իրենը չէ, նույնը և մարդիկ են անում, որպեսզի մոռանան իրենք իրենց, եղածը թողնեն անցյալում, բոլորս էլ ահավոր հոգնում ենք մեր ներկայիս կամ անցյալի կերպից։
- Այն, ինչի մասին չեն խոսում, գոյություն չունի։
- Բոլոր տեսակի երևակայութուններն ընդունելի են։ Դրանք արարքներ չեն, որոնց համար չկա շտկում, չկա վերադարձ, այլ միայն թաքցնում են, սակայն լսված բառերը նույնիսկ թաքցնել չես կարող, լավագույն դեպքում կարող ես մոռանալ, եթե, իհարկե, բախտդ բերի։
- Երբեմն լավ լսում ես, բայց չես կարողանում հավատալ սեփական ականջներիդ։
- Իրականում մոռացված կարելի է համարել այն, ինչը չես հիշում, ինչը քեզ ստիպում են հիշել։
- Մարդիկ մեծամասամբ սիրում են այն պատճառով, որ իրենց ստիպում են սիրել։ Նույնը տեղի է ունենում նաև անձնական հարաբերություններում։ Որքան զույգեր կան, որ իրականում զույգ չեն, պարզապես նրանցից մեկը մյուսին պարտադրում է սիրել իրեն, որ պետք է միասին լինել, և տիպում է մյուսին, որ վերջինս էլ նույն բանը ցանկանա։
- Եթե ժողովրդին պարտադրում են սիրել իր ղեկավարներին, ի վերջո նրանք գալիս են այն համոզման, որ արդեն սիրում են, այսինքն՝ որքան շուտ կարգադրեն, այնքան շուտ կսիրեն։ Միայն թե մենք չենք կարողանում կարգադրել, դա է խնդիրը։
- Ստիպելն ի վերջո վերածվում է սիրելու սովորության։
- Մեր երկրում ժողովուրդը համախմբվում է միայն այն դեպքում, երբ դուրս է գալիս ցույցի։
- Մենք միայն պատերազմի ժամին ենք զգում միմյանց աջակցությունը, չգիտեմ՝ երբևէ մտածե՞լ եք այդ մասին, միայն այն ժամանակ, երբ պատերազմ ենք սկսում, միայն այդ ժամանակ…
- Երբ մարդուն տեսնում ես ութ շաբաթվա բացակայությունից հետո, նկատում ես փոփոխությունները։
- Մանր թվացող երևույթները չափազանց կարևոր են ամուսնական կյանքի սկզբի համար, քանի որ երկուսը դրանց շնորհիվ են ձևավորվում որպես ամուսիններ։
- Մենք՝ զավակներս, համարյա ոչինչ չենք իմանում մեր ծնողների մասին կամ էլ ուշ ենք սկսում հետաքրքրվել նրանցով։
- «Վաղվանից»-ը ենթադրում է այն, որ ոչ միայն վաղը, այլև երկար տարիներ։
- Ամենակարևոր բաներն իրականացվում են միայն նրա համար, որ այդպես է պահանջում բանականությունը, և որովհետև ցանկություն կա՝ ամեն ինչ փորձելու, կամ միայն որովհետև մեկ անգամ անելուց հետո այլևս ոչինչ ետ չես բերի։
- Այսօր չգիտենք՝ ուզում ենք արդյոք լինի այն, ինչը դեռ երեկ ուզում էինք, որ այսօր լիներ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Խավիեր Մարասի «Այնքան սպիտակ սիրտը»։ Grqamol.am։ Վերստացված է՝ հունվարի 22, 2016 թ.։