Արմեն Թռչունյան
Արմեն Համբարձումի Թռչունյան (ապրիլի 29, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 18, 2020, Երևան, Հայաստան), հայ կենսաֆիզիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (2002), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006), ԵՊՀ մանրէաբանության և բույսերի և մանրէների կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ (2011-2016 թվականներ), այնուհետև՝ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ (2016-2020)։
Քաղվածքներ
խմբագրել- Ես փնտրում եմ այնպիսի հարցեր, որոնց լուծումներն ունեն միջազգային նշանակություն [1]
- Չկա լավ դասախոս առանց հաջող գիտության, և չկա հաջող գիտնական առանց լավ դասախոսության։ Ես պատասխանատվությամբ եմ վերաբերում իմ կարդացած դասախոսություններին։ Իմ բազմավաստակ փորձն ինձ ցույց է տվել, որ կայացած են այն դասախոսությունները, որոնք խնդրահարույց են և ունենում են ուսանողների ակտիվ մասնակցություն [1]։
- ․․․գիտական առաջընթացը և էական արդյունքների ակնկալումը որոշում են առաջատար գիտնականները՝ գիտական դպրոցների առաջնորդները։ Տեղ և դեր պետք է տրվի ոչ թե գիտական աստիճաններին, կոչումներին կամ տիտղոսներին, այլ գիտնականի այսօրվա աշխատանքի կոնկրետ արդյունքներին։ Քանի որ գիտական նոր արդյունքները ստեղծվում են մեծ արագությամբ, գիտելիքները շատ են խորանում և բարդանում, գիտական տեղեկատվությունը գերազանցում է այն վերլուծելու մեր ունակությունները, ուստի միայն գիտական գործունեությամբ արդյունավետ զբաղվող մասնագետները կարող են ապահովել զարգացում [2]։
- Լավ գիտնականները հայտնի են իրենց քաղաքացիական ակտիվությամբ և պատասխանատվությամբ. նրանք պետք է բարձրաձայնեն իրենց խնդիրները և պահանջները [2]։
- Գիտական հանրությանը կմաղթեի չմարող էնտուզիազմ և նոր գիտական արդյունքներ, բարձր պատասխանատվություն գիտական հետազոտությունների գնահատման հարցում։ Փորձենք լավին լավ ասել, իսկ վատին՝ վատ [2]։
- Գիտության մասին շատ են խոսում, բայց այդ խոսակցությունների մի մասը կոնստրուկտիվ չէ։ Պետք է նախ կարողանանք լավ պատկերացում ունենալ հանրապետությունում կատարվող գիտական հետազոտությունների մասին, երկրորդ՝ գիտակցենք, թե գիտության որ ուղղություններն են առաջնահերթ մեր երկրում, որովհետև գիտությունը շատ լայն ոլորտ է և Հայաստանում զբաղվել ենք գրեթե ամեն ինչով [3]։
- Գիտնականից պահանջել, որ նա և՛ խնդիրը դնի, և՛ հայթայթի այդ խնդրի լուծման հնարավորությունները, և՛ հետազոտություններ կատարի, և՛ արդյունք ստանա ու դա հրատարակի, և՛ դրան գումարած այդ նույն անձնավորությունը զբաղվի կիրառական խնդիրներով՝ մշակի բիզնես պլան, գտնի ներդրողներ, կնշանակի՝ մենք չենք հասկանում, թե ինչ է գիտությունը [3]։
- ...մեզ մոտ շատ թույլ է ներքին համագործակցությունը։ Գիտության զարգացման հարցում շահում են այն ուղղությունները, որոնք միջճյուղային են [3]։
- Երիտասարդների հետագա ճանապարհը գիտության ոլորտում ապահովելու համար նրանց պետք է մոտիվացնել. երիտասարդը միշտ ուզում է տեսնել այն նշանակետերը, որոնց կարող է հասնել։ Իսկ ինչպե՞ս մոտիվացնել։ Հստակեցնել, թե ինչ է տալու գիտությունն անձին, ինչպես է նա պահանջված լինելու իր հարազատ երկրում, ինչպիսին կարող է լինել նրա նկատմամբ վերաբերմունքը միջազգային ասպարեզում։ Չպետք է մոռանանք, որ այսօր ապրում ենք բաց հասարակության մեջ, և լավը տեսնելով՝ բոլորը ձգտում են դրան։ Մեր խնդիրը պետք է լինի ցույց տալ այդ ձգտման ճանապարհը, որը նաև համահունչ կլինի մեր պայմաններին [3]։
- Գիտնական լինելը մտածելակերպ է, կյանքի ոճ է [3]։
- Ինչքան էլ փորձենք խթանել երիտասարդների աշխատանքը, պետք է նաև հասկանանք, որ այդ երիտասարդները պետք է անցնեն գիտական դպրոց, իսկ այդ դպրոցի ղեկավարները կարող են լինել հասուն, կայացած, գիտության մեջ ճիշտն ու սխալը տեսած մարդիկ [3]։
- Այն երկրները կարող են համարվել զարգացած, որոնք ունեն իրենց գիտությունը։ Գիտությունն է որոշում երկրների հեռանկարը [3]։
- ...որպես հայ և գիտնական, համարում եմ, որ պետք է ամեն ինչ անենք, որ գիտությունը Հայաստանում ունենա իր հաստատուն դերը, և Հայաստանն էլ ունենա իր կայուն տեղը միջազգային գիտական հանրությունում։ Մենք այս նպատակին հասնելու համար ունենք բոլոր հիմքերը։ Մնում է, որ ժամանակը ճիշտ օգտագործենք [3]։
Աղբյուրներ
խմբագրել